Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգների կողմից անցկացվող ամենամյա Բազմազանության արտոնագրի՝ այսպես կոչված «Գրին քարտի» 2011 թվականի վիճակախաղում Հայաստանի մասնակիցներից շահել է 1200 մարդ։

2012 թվականի համար անցկացված վիճակախաղի արդյունքով հայաստանցի շահողների թիվը մոտ 1000 է։ «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով նման տվյալներ ներկայացրեց Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների հյուպատոս Ռոբերտ Ֆարքուարը՝ այսօր Բազմազանության արտոնագրի վիճակախաղի 2013 թվականի խաղարկության մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

Այս ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանում ակնհայտ առաջատար է։ «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ որքա՞ն է կազմում հարեւան հանրապետություններից «Գրին քարտ» շահողների թիվը, հյուպատոսը պատասխանեց, որ 2011 թվականի արդյունքում Վրաստանից շահել է մոտ 700, իսկ Ադրբեջանից՝ 350 մարդ։ Նույն թվականին Ռուսաստանից վիճակախաղում շահած մասնակիցների թիվը կազմել է 2400 մարդ։

2013 թվականի «Գրին քարտի» խաղարկությունը մեկնարկել է մի քանի օր առաջ՝ հոկտեմբերի 4-ին, եւ կշարունակվի մեկ ամիս՝ մինչեւ նոյեմբերի 5-ը։ Յուրաքանչյուր տարի այս ծրագրի շրջանակում խաղարկվում է մոտ 50 հազար արտոնագիր։

Խաղարկությունը, Միացյալ Նահանգների հյուպատոսի խոսքով, կազմակերպվում է առավելապես ԱՄՆ ներգաղթի ցածր ցուցանիշ ունեցող երկրների քաղաքացիների համար։ Ռոբերտ Ֆարքուհարի ներկայացմամբ, այն երկրների քաղաքացիները, որտեղից վերջին 5 տարիների ընթացքում ներգաղթած անձանց թիվը գերազանցում է 50 հազարը, իրավունք չունեն մասնակցել վիճակախաղին։

Ընտրությունը կատարվում է վիճակախաղի միջոցով, որի ժամանակ համակարգիչը պատահական ընտրանքի միջոցով որոշում է հաղթողներին, որոնք իրավունք են ստանում ներգաղթային արտոնագրի դիմում ստանալ։ Խաղարկությանը մասնակցելու դիմումները ներկայացվում են բացառապես էլեկտրոնային եղանակով, իսկ ընթացիկ վիճակախաղի մասնակիցներն իրենց կարգավիճակը կարող են ստուգել հաջորդ տարվա մայիսի 1-ից սկսած՝ այցելելով պետքարտուղարության համապատասխան կայքը։ Որեւէ մասնակցի շահելու վերաբերյալ էլեկտրոնային փոստով ծանուցում չի ուղարկվում։ - «Եթե այդպիսիք ստանաք, դա նշանակում է, որ հաղորդագրությունը պետքարտուղարությունից չէ եւ կեղծ է», - նախազգուշացրեց Ռոբերտ Ֆաքուարը։

Հյուպատոսը հատուկ ընդգծեց, որ Բազմազանության արտոնագրի խաղարկությունում հաղթելը դեռ չի երաշխավորում արտոնագրի ստացումը։ Հաղթողները պետք է հաղթահարեն նաեւ հարցազրույցի փուլը, որից հետո միայն արտոնագիր կստանան։

Ռոբերտ Ֆարքուարը պարզաբանեց նաեւ անցած տարվա խաղարկությանն առնչվող միջադեպը, երբ ծրագիրը շահած մի շարք մասնակիցներ ավելի ուշ պարզել էին, որ իրենց անունները բացակայում են հաղթողների ցուցակից։

«Դա իրոք ցավալի միջադեպ էր, 15 տարվա ընթացքում առաջին անգամ նման բան տեղի ունեցավ, ինչը պայմանավորված էր համակարգչային սխալով։ Այդ սխալը արագ շտկվեց եւ հիշյալ մասնակիցների համար կազմակերպվեց նոր խաղարկություն», - ասաց ԱՄՆ-ի հյուպատոս Ռոբերտ Ֆարքուարը։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG