Մատչելիության հղումներ

Ըստ ՏՄՊՊՀ-ի` շաքարավազի թանկացման պատճառը ձեռքբերման գնի աճն է


Կառավարության նիստ, արխիվային լուսանկար
Կառավարության նիստ, արխիվային լուսանկար
Կառավարության հինգշաբթի օրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ տնտեսական մրցակցության խնդիրը էական նշանակություն է ունենալու 2012 թվականին պետբյուջեի ցուցանիշները կատարելու տեսանկյունից:

«Եթե մեզ հաջողվի ապահովել մրցակցության արդար պայմաններ, ապա հասկանալի է, որ մենք կունենանք ավելի բարձր տնտեսական աճ», - ասաց Տիգրան Սարգսյանը:

Կառավարության այսօրվա նիստում վարչապետը ցանկացավ լսել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանի պարզաբանումները, թե որքանով են արդյունավետ օրենսդրական փոփոխության միջոցով հանձնաժողովին ընձեռված լիազորությունները: Ըստ Արտակ Շաբոյանի` օրենսդրական փոփոխությունները հնարավորություն են տվել ավելի արդյունավետ աշխատել, սակայն լիարժեք գործելու համար անհրաժեշտ է նաեւ մշակել ենթաօրենսդրական ակտերը:

ՏՄՊՊՀ-ի նախագահը տեղեկացրեց, որ հակամրցակցային գործողությունների համար տնտեսվարող սուբյեկտները նախորդ 9 ամիսների ընթացքում տուգանվել են մոտ 230 մլն դրամի չափով, որից մոտ 150 միլիոնը նախատեսվում է, որ կգանձվի այս ամսվա վերջին:

Շաբոյանի տեղեկացմամբ 2011 թվականին տնտեսվարողները դատական կարգով բողոքարկել են հանձնաժողովի 19 որոշում:

«Դրանցից 8-ի գծով դատարանները արդեն վճիռներ են կայացրել, եւ այդ 8 վճիռն էլ կայացվել է հօգուտ հանձնաժողովի», - ասաց Շաբոյանը:

Օղու շուկայում արձանագրված չարաշահումների փաստով հանձնաժողովն անցյալ տարի 10 անգամ տուգանել է «Ալեքս Գրիգ» ընկերությանը: Բոլոր որոշումները բողոքարկվել են դատական կարգով, բողոքարկված որոշումներից առնվազն մեկը մինչ օրս քննության ընթացքում է: Շաքարավազի շուկայում վերջին թանկացման վերաբերյալ Արտակ Շաբոյանի փաստարկը հետեւյալն է. - «Շաքարավազի գների բարձրացումը ուսումնասիրվել է մեր կողմից, մենք համապատասխան տեղեկատվություն ենք պահանջել այս դաշտում գործող տնտեսվարող սուբյեկտից եւ նաեւ պետական մարմիններից, ուսումնասիրվել են միջազգային գները: Շաքարավազի գների բարձրացումը պայմանավորված է եղել է նրանով, որ ձեռքբերման գները զգալիորեն բարձրացել են»:

ՏՄՊՊՀ-ի նախագահը նաեւ տեղեկացրեց, որ հանձնարարել է ուսումնասիրություն սկսել օդանավակայանում տաքսի ծառայությունների վերաբերյալ: Հիշեցնենք, որ անհատ տաքսիների վարորդները պնդում են, որ օդանավակայանում անհավասար պայմաններ են ստեղծվել տաքսի ծառայությունների համար:

«Եթե բացահայտենք, որ կա մրցակցության սահմանափակման խնդիր, անպայման վարույթ կհարուցենք եւ կտեղեկացնենք դրա արդյունքների մասին», - խոստացավ Շաբոյանը:

Օրեր առաջ ՏՄՊՊՀ-ն մոնիթորինգի արդյունքներով արձանագրել էր, որ տարբեր վաճառակետերում իրացվող կարագի գների միջեւ կա էական տարբերություն: Գնային անհամապատասխանությունը հիմք էր հանդիսացել, որ հանձնաժողովը լայնածավալ ուսումնասիրություն սկսի այս շուկայում: Լաբորատոր փորձաքննությամբ հաստատվել էր, որ կարագի ներկրմամբ եւ իրացմամբ զբաղվող տնտեսվարողները մոլորեցրել են սպառողներին: Հանձնաժողովի հաղորդագրության համաձայն` որոշ դեպքերում կարագի ներկրմամբ զբաղվող տնտեսվարողները ներկրել են բուսասերուցքային սփրեդ, որն անհամեմատ էժան է, սակայն այն առեւտրի կետերին վաճառել են կարագի անվան տակ: Բացահայտվել էին նաեւ դեպքեր, երբ սպառողին խաբել է ոչ թե ներկրողը, այլ հենց սուպերմարկետը, որը քաջատեղյակ լինելով, որ ձեռք է բերել բուսասերուցքային սփրեդ, այն վաճառել է կարագի անվան տակ: Իսկ որոշ դեպքերում էլ սուպերմարկետներում այլ կերպ են մոլորցրել սպառողներին` հայտարարել են, որ ակցիայի շրջանակներում անհամեմատ էժան գնով վաճառվում է կարագ, բայց իրականում վաճառել են բուսասերուցքային սփրեդ կարագի համար խիստ էժան, իսկ սփրեդի համար` բավականին բարձր գնով:

«Վարչական վարույթ է հարուցվել 10 ընկերությունների նկատմամբ, դրանք ներմուծող ընկերություններ են եւ կարագի մանրածախ վաճառքով զբաղվող խանութներ, խոսքը խոշոր խանութների, սուպերմարկետների մասին է», - ասաց Արտակ Շաբոյանը:

please wait

No media source currently available

0:00 0:03:58 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG