Մատչելիության հղումներ

Կրպակատերերը կրկին բողոքում են


Կրպակատերերի բողոքի ցույցը Կառավարության շենքի մոտ: 13-ը հոկտեմբերի, 2011թ.
Կրպակատերերի բողոքի ցույցը Կառավարության շենքի մոտ: 13-ը հոկտեմբերի, 2011թ.
Բողոքավորները հույս ունեն, որ վարչապետը կկարողանա կանխել կրպակների ապամոտնաժումը:

Կրպակատերերը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում փոխանցեցին, որ քաղաքապետարանն իրենց արդեն զգուշացրել է, որ կրպակների շահագործման ժամկետները լրացել են, եւ դրանք ապամոտնաժվելու են: Եթե կրպակատերերը անձամբ չապամոնտաժեն կրպակները, դա կանի պետությունը, եւ սեփականատերը ստիպված կլինի հատուցել ծախսերը:

Կրպակատերերը պնդում են նաեւ, որ քաղաքապետարանը որեւէ այլընտրանք իրենց չի առաջարկում:

«Նամակ է եկել, որ 30 օրվա ընթացքում պիտի ապամոնտաժվի», - վրդովված ասաց կրպակատերերից մի կին` նշելով, որ կրպակը իր ընտանիքի գոյատեւման միակ միջոցն է. - «Իսկ քաղաքապետը հայտարարեց, թե Կենտրոնի բոլոր կրպակատերերը հարուստներ են…»:

«Սրանք ո՞վ են, որ մենք գանք ստեղ», - խիստ վրդովված` հավելեց մեկ այլ կրպակատեր: - «Միացեք, ժողովուրդ… Եղունգ ունեք` ձեր գլուխը քորեք»:

Իսկ Աբովյան փողոցում կրպակ ունեցող թոշակառու մի կին հայտարարեց, որ եթե գան իր կրպակը քանդելու, մանկահասակ թոռների հետ պառկելու է հենց կրպակում:

Մեկ այլ կրպակատեր ասաց. - «Երեսունյոթ թվին տրոյկա էին ասում, եռյակը նստում-որոշում էր` տվյալ անձնավորությանը կախե՞ն, թե՞ բրախեն: Բայց հիմա մի մարդը ամբողջ ժողովրդի կեսին ոչնչացնում է, սոված է թողնում»:

Ապրուստի միջոցը կորցնելու վտանգի առջեւ է հայտնվել նաեւ Ազատություն պողոտայում գտնվող կրպակի սեփականատեր, 73-ամյա Կնյազ Մկրտչյանը: 17 տարի այդտեղ սուրճ եւ ծխախոտ է, վաճառել:

«Եթե գան ապամոնտաժեն, պիտի կարողանամ ինչ-որ կերպ պոկվել-փախչել արտասահման: Տղաս Ֆրանսիայում է, աղջիկս Մոսկվայում է», - նշեց նա:

Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի խոսնակ Շուշան Սարդարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր պարզաբանեց, որ առաջին հերթին ապամոնտաժվում են ապօրինի եւ լքյալ կրպակները: Նա նշեց նաեւ, որ պայմանագրերի ժամկետները լրացած կրպակների սեփականատերերին քաղաքապետարանը այլընտրանք չի առաջարկելու:

Ամռան սկզբից, երբ քաղաքապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ սկսվեց Երեւանում կրպակների ապամոնտաժումը, դրանց տերերը մի շարք բողոքի ցույցեր են անցկացրել քաղաքապետարանի եւ կառավարության շենքերի մոտ:

please wait

No media source currently available

0:00 0:05:23 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG