Մատչելիության հղումներ

logo-print

Ղարաբաղի հարցով քննարկումը ԵԱՀԿ ԽՎ-ում անցել է կառուցողական մթնոլորտում


Տեսարան Դուբրովնիկից

Տեսարան Դուբրովնիկից

Օրերս Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքում կայացած ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) աշնանային նստաշրջանում քննարկվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը։

«2005 թվականից` ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում պարոն Գորան Լենմարկերի, որ զեկուցողն էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության գծով, նրա ներկայացրած Golden Opportunity - «Ոսկե հնարավորություն» նախաձեռնությունից հետո այդ հարցը Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում չէր լսվել, չնայած անցած բոլոր վեց տարիների ընթացքում եղել է բանավեճ Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների միջեւ։ Եվ ահա, տուրք տալով բազմաթիվ պատվիրակությունների ցանկությանը, ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆթիմիուն եւ Ղարաբաղի հարցով զեկուցող պորտուգալացի Ժոաո Սուարեշը նախաձեռնեցին այս քննարկումը, որը պաշտոնապես անվանվում էր պրեզենտացիա, այսինքն` շնորհանդես», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանը` մանրամասնելով. - «Շնորհանդեսի իմաստն էր` հրավիրել Վեհաժողով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին եւ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրչիկին»։

«Ուզում եմ ուրախությամբ արձանագրել, որ բոլորն էլ եկել են, բոլորն էլ խոսել են, եւ այդ ելույթների ընթացքում նրանք վերահաստատել են իրենց հավատարմությունը արդեն ընդունված երեք հիմնարար սկզբունքների եւ հիմնարար սկզբունքների վեց կետերի հիման վրա բանակցային գործընթացը առաջ մղելու ուղղությամբ», - ասաց հայաստանյան պատվիրակության ղեկավարը` հատուկ ընդգծելով, որ «ե՛ւ համանախագահները, ե՛ւ Անջեյ Կասպրչիկը իրենց ելույթների ընթացքում ոչ մի շեղում թույլ չեն տվել այն միջնորդական առաքելության սկզբունքներից, որոնցով նրանք աշխատում են վերջին տարիներին»։ «Եվ դրա համար ավելորդ եմ համարում հակահարված տալը այն առանձին լրատվամիջոցների տեսակետներին, ըստ որոնց` նրանցից որեւէ մեկը արտահայտել է իբր կողմնապահ մոտեցումներ։ Այդպիսի բան ուղղակի չի եղել», - հավելեց Սաֆարյանը։

«Մենք ունեցել ենք երկու ելույթ, եւ ուզում եմ հատուկ ընդգծել, որ, իհարկե, հաշտեցում չի եղել, բայց անցել է կառուցողական մթնոլորտում, որովհետեւ մենք` Հայաստանի պատվիրակներս, մեր երկրի անունից, աշխատած լինելով Վիեննայում Հայաստանի դեսպանության, արտաքին գործերի նախարարության եւ մեր պատվիրակության բոլոր անդամների հետ երկու-երեք օր, կազմել էինք այնպիսի մի զեկույց, որի հիմքում ընկած էր Հայաստանի հավատարմությունը հիմնարար սկզբունքներին եւ այդ սկզբունքների ամբողջական փաթեթի վրա բանակցությունները շարունակելու կառուցողական պատրաստակամությունը։ Սա ընդունվել է շատ լավ, շատ դրական», - նշեց Արամ Սաֆարյանը։

Նրա փոխանցմամբ` հնչած 19 ելույթներից «մի 4 ելույթում պարզապես զգացվում էր, որ նրանք հատուկ տուրք էին տալիս Ադրբեջանին իրենց ինչ-ինչ մոտեցումներով, եւ այդ ելույթները ուղղակի օբյեկտիվ եւ հավասարակշռված չէին»։ «Մնացած բոլոր ելույթները սկզբունքորեն պաշտպանել են բանակցությունները առանց ուժի կիրառման, խաղաղության մթնոլորտում շարունակելու գաղափարը, եւ այն հիմնարար սկզբունքների հիման վրա, որոնց հավատարիմ է ԵԱՀԿ-ը, մասնավորապես` ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման իրավունքի հավասար գերակայության սկզբունքի վրա», - փոխանցեց ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG