Մատչելիության հղումներ

logo-print

Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացը «հայտնվել է փակուղում»


Թուրքիայի եւ Եվրամիության դրոշները Ստամբուլում, արխիվային լուսանկար

Թուրքիայի եւ Եվրամիության դրոշները Ստամբուլում, արխիվային լուսանկար

«Թեեւ Թուրքիան մի շարք բնագավառներում լուրջ առաջընթաց է արձանագրել, այդուհանդերձ, Եվրամիությանն Անկարայի անդամակցության գործընթացը հայտնվել է փակուղում», - արձանագրում են Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչները:

Չորեքշաբթի երեկոյան Բրյուսելում Եվրահանձնաժողովը հրապարակեց Եվրամիության թեկնածու պետությունների արձանագրած առաջընթացի մասին ամենամյա զեկույցը։

Եվրոպական միության ընդարձակման գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն նշում էր. - «Թուրքիան իր դինամիկ զարգացող տնտեսությամբ եւ տարածաշրջանում խաղացած կարեւոր դերակատարությամբ շարունակում է առանցքային նշանակություն ունենալ Եվրամիության համար: Համոզված եմ, որ անդամակցության գործընթացը այն լավագույն միջոցն է, որի հիման վրա պետք է կառուցել հարաբերությունները Թուրքիայի հետ: Ցավոք սրտի, սակայն, արդեն մեկ տարուց ավելի է, ինչ անդամակցության շուրջ բանակցություններում որեւէ տեղաշարժ չկա: Դա սակայն, իմ կարծիքով, չպետք է ստվերի ո՛չ Եվրամիության եւ Թուրքիայի հարաբերությունների կարեւորությունը, ո՛չ էլ այն դրական հիմքը, որի վրա կառուցված են այդ հարաբերությունները»:

Եվրահանձնաժողովի կողմից հրապարակված փաստաթղթում նշված է, որ Թուրքիայում հունիսին կայացած խորհրդարանական ընտրությունները ազատ եւ արդար էին, երկրում շուկայական տնտեսություն է առկա, իշխանությունները լուրջ ջանքեր են գործադրում կոռուպցիայի դեմ պայքարում:

Զեկույցի հեղինակները նաեւ արձանագրում են, որ լուրջ դրական տեղաշարժեր կան հավաքների ազատության ապահովման առումով: Որպես դրա ապացույց` մատնանշվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ստամբուլում կազմակերպված միջոցառումների անարգել անցկացումը:

«Որոշակի տեղաշարժ կա կրոնական ազատությունների ապահովման խնդրում», - ասված է փաստաթղթում: - «Մասնավորապես, այս տարվա սեպտեմբերին` 1915 թվականից ի վեր երկրորդ անգամ, Վանի Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցում ժամերգություն է կազմակերպվել»։

Զեկույցի հեղինակները, սակայն, հավելում են, որ Թուրքիայում բնակվող քրիստոնյաները լուրջ խնդիրների են բախվում հատկապես եկեղեցական կադրերի պատրաստման հարցում: «Հոգեւորականների համար հատուկ համալսարանական ֆակուլտետ բացելու` Հայոց պատրիարքարանի առաջարկը արդեն չորս տարի է, ինչ քննարկման փուլում է», - նկատում են եվրոպացի պաշտոնյաները:

Եվրահանձնաժողովը նաեւ արձանագրում է, որ Թուրքիան փորձում է կարգավորել հարաբերությունները հարեւանների հետ: «Դրա հետ մեկտեղ, սակայն, 2009-ին Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունները մինչ օրս չեն վավերացվել», - ասված է փաստաթղթում։

Բավական մանրամասնորեն փաստաթղթի հեղինակները անդրադառնում են Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործի դատաքննությանը` արձանագրելով. - «Դինքի ընտանիքի փաստաբանները, հիմնվելով Եվրադատարանի ավելի վաղ կայացված վճռին, պահանջեցին առանձին քննություն անցկացնել, որը հնարավորություն կտա բացահայտել բարձրաստիճան սպայակազմի կապը սպանության հետ: Հետաքննությունը չի անցկացվել, իսկ երկու թուրք նախարարներ հանդես են եկել նման քայլի դեմ»:

«Ընդհանուր առմամբ, փոքրամասնությունների նկատմամբ պետության մոտեցումը շարունակում է սահմանափակող բնույթ կրել: Թուրքիան դեռ պետք է ջանքեր գործադրի, որպեսզի փոքրամասնությունների հիմնարար իրավունքները, լեզուն եւ մշակույթը պաշտպանվեն եվրոպական չափանիշներին համապատասխան», - նշում են զեկույցի հեղինակները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG