Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 13-ի մամուլ


«Երկիր» օրաթերթի խմբագիրը գրում է. - «Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը վերածվում է իդեալի, որն իր մեջ ամփոփում է այն բոլոր որակները, որոնք շարունակաբար փորձում ենք գտնել մեր մեջ ու շարունակ չի հաջողվում: Մեզ միշտ թվում էր, թե հավաքականությունն ու ամբողջականությունը, անհատներից կազմված կուռ մեխանիզմ, համակարգ ստեղծելը հատուկ չէ մեր ազգի ինդիվիդուալիզմին: Մեր երիտասարդ ու խոստումնալից ֆուտբոլիստները ապացուցեցին, որ, հենց այդպիսին լինելով, մեր այդ տեսակով կարող ենք ոչ միայն հետաքրքիր լինել ողջ աշխարհին, ինքներս մեզ, այլեւ ստիպել հաշվի նստել, թեկուզեւ անարդար վարվել մեզ հետ, որովհետեւ ոչ միայն փոքրի ու թույլի հետ են անարդար լինում, այլ նաեւ գործոն, սուբյեկտ դարձողի»:

«Հայոց Աշխարհ»-ը զրուցել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի հետ: Պատգամավորն ասում է. - «Հիմնական խնդիրն այն է, որ հասարակությունը օտարված է թե՛ պետությունից, թե՛ քաղաքական ուժերից։ Այդ վստահության կորուստը, որ նաեւ հուսախաբության հետեւանք է, պետք է հնարավորինս արագ փորձենք լրացնել. հասարակությունը պետք է տեսնի, որ քաղաքական դաշտում, բացի «երկխոսողներից», երեք նախագահներից ու նրանց աջակցող շրջանակներից, կան քաղաքական այլ ուժեր, որոնք դուրս են այդ եռանկյունուց, այլընտրանք են առաջարկում հասարակությանը, գործում են բացառապես քաղաքական դաշտում` աշխատելով քաղաքացու հետ եւ պաշտպանելով նրա իրավունքները… Ինչ վերաբերում է նախագահի հրաժարականին, «Ժառանգությունը» հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված` այդ պահանջը դրել էր, եւ դա մնում է ուժի մեջ։ Բայց եթե ասում ես, որ ուզում ես կյանքի կոչել մի խնդիր, որ, ինչպես ինքդ էլ խոստովանում ես, մենակ հնարավոր չէ լուծել, ու դրանից հետո ոչ թե փորձում ես համախմբման դաշտ ստեղծել, այլ, հակառակը, ամեն կերպ վանում ես ընդդիմադիր գործընկերներին, կարծում եմ, դա այնքան էլ իրատեսական չէ»։

«Հրապարակ»-ի մեկնաբանը գրում է. - «Չնայած նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարական չի տվել, բայց կարելի է ասել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հասավ իր նպատակին. նախագահական ընտրությունների մեկնարկը տրված է: Որքան էլ ասեն, թե Հայաստանը պետք է դուրս գա Տեր-Պետրոսյան-Քոչարյան-Սարգսյան եռանկյունուց, միեւնույն է՝ առաջիկայում պայքարն ընթանալու է հենց այս գործիչների եւ նրանց շուրջ համախմբված ուժերի շուրջ: Ամենակարեւոր հարցը, որ այսօր հետաքրքրում է քաղաքականացված հանրությանը, այն է, թե արդյոք հնարավո՞ր է, որ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը հայտնվեն հակամարտող ճամբարներում, արդյո՞ք նրանց հակասություններն իրական են, թե՞ նրանք այնուամենայնիվ կկարողանան առանցքային հարցերի շուրջ գալ պայմանավորվածության»:

«Ժամանակ»-ում կարդում ենք. - «Հայաստանում մեկնարկել է մարդահամարը: Ըստ էության, կարելի է ասել, որ Հայաստանում արդեն իսկ մեկնարկել է 2012 թվականի խորհրդարանի ընտրությունների կեղծման գործընթացը: Բանն այն է, որ ընտրությունների կեղծիքը սկսվում է ընտրողների թվաքանակի կեղծումից, քանի որ ներկայումս դա է դարձել ընտրակեղծարարության առանցքային կամ ելակետային խնդիրը: Որովհետեւ զուտ բռնությամբ կեղծելը դառնում է ավելի ու ավելի դժվարամարս, իշխանությունը նախընտրում է դրան դիմել ամենածայրահեղ դեպքում, երբ ուրիշ ոչ մի միջոց այլեւս չի աշխատի: Իրականում մարդահամարը, իհարկե, լուրջ միջոցառում է, որը պետության համար ունի ռազմավարական նշանակություն, հատկապես այնպիսի պետության, որն ունի դեմոգրաֆիական լուրջ խնդիրներ: Բայց, դատելով այդ խնդիրների հանդեպ Հայաստանի իշխանության ընդհանուր վերաբերմունքից, երբ ամեն գնով խուսափում են ընդունել խնդրի լրջությունն ու ծավալել իսկապես համապետական եւ համազգային քննարկում, նույնիսկ չափազանցություն են համարում դրա վերաբերյալ մտահոգությունները, դժվար է մտածել, թե իշխանությունը մարդահամարը կարող է ծառայեցնել այդ լուրջ խնդրի լուծման գործընթացին»:

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Երբ Հայաստանում եւ ԱՊՀ այլ երկրներում իշխանության ոչ այնքան գրագետ ներկայացուցիչները «հերքում են» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցները` չբերելով որեւէ լուրջ փաստարկ, այլ պարզապես կպցնելով այդ կառույցներին «ամերիկյան իմպերիալիզմի ազդեցության գործակալներ» պիտակը, նրանք պարզապես չգիտեն, թե ինչի մասին են խոսում: Իսկական, լուրջ իրավապաշտպանությունը քաղաքական կողմնորոշում չունի, նրա համար միեւնույն է` ընդդիմության ակտիվիստնե՞րն են ճնշում իշխանության կողմնակցի ինքնարտահայտման իրավունքը, թե՞ ոստիկանությունն է քաղմասում խոշտանգում որեւէ քաղաքացու… Որովհետեւ իսկական իրավապաշտպանությունը հիմնված է վերացական, որեւէ վերապահում չճանաչող մարդասիրության վրա եւ չի ընդունում դեմագոգիկ այն փաստարկը` իբր «բարությունը պետք է բռունցքներ ունենա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG