Մատչելիության հղումներ

ՀՖՖ-ն բողոքարկեց իսպանացի մրցավարի որոշումը


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյան
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյան
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) բողոքարկել է Եվրո - 2012-ի ընտրական մրցաշարի վերջին տուրի Իռլանդիա - Հայաստան հանդիպման ժամանակ իսպանացի մրցավար Էդուարդո Իտուրալդե Գոնսալեսի կայացրած որոշումը։ Այդ մասին չորեքշաբթի ուշ երեկոյան Fecebook-ի իր անձնական էջում գրառում է տեղադրել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը։

Հոկտեմբերի 11-ին Դուբլինի Aviva մարզադաշտում կայացած խաղի 26-րդ րոպեին Գոնսալեսը դաշտից հեռացրեց Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկուն՝ տուգանային հրապարակից դուրս գալու եւ այսպես կոչված «վերջին հույսի» խախտում թույլ տալու համար, թեեւ դարպասապահը տուգանայինից դուրս ձեռքով գնդակին չէր դիպել։

Մրցավարի նման որոշման հետեւանքով Հայաստանի հավաքականը ստիպված եղավ այդ անչափ վճռական հանդիպումը անցկացնել առանց փորձառու դարպասապահի, 10 ֆուտբոլիստով։

Հայ երկրպագուներին երեկ ողջ օրվա ընթացքում հանգիստ չէր տալիս Իռլանդիա - Հայաստան ֆուտբոլային հանդիպման արդյունքը։ Մասնավորապես, ֆուտբոլասերները բողոքում էին իսպանացի մրցավարի գործողություններից։

Սոցիալական ցանցերում, տարբեր ֆորումներում, լրատվամիջոցների կայքերում հայ ֆուտբոլասերները կարծիք էին հայտնում, որ հանուն արդարության` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պարտավոր է բողոքարկել մրցավարական սխալ որոշումը։

Օրվա ընթացքում Facebook սոցիալական ցանցում անգամ համապատասխան խումբ ստեղծվեց։ Խմբի անդամները պահանջեցին բողոք ներկայացնել ՈՒԵՖԱ-ի դեմ` մրցավարի թույլ տված ճակատագրական սխալի համար։ Այս խմբում հավաքվել են հազարից ավելի ֆուտբոլասերներ` Հայաստանից ու ամբողջ աշխարհից, ընդդիմադիր եւ իշխանական քաղաքական գործիչներ, լրագրողներ, բլոգերներ, քաղաքագետներ։

Միջազգային շատ լրատվամիջոցներ, մեկնաբաններ նույնպես նշում են, որ Իռլանդիա - Հայաստան հանդիպմանը Հայաստանի հավաքականի համար ճակատագրական էր 26-րդ րոպեն, երբ իսպանացի մրցավար Գոնսալեսը որոշեց, որ Ռոման Բերեզովսկին տուգանային հրապարակից դուրս ձեռքով է կասեցրել Իռլանդիայի հարձակվող Սայմոն Քոքսի հարվածը:

Իռլանդական, միջազգային շատ լրատվամիջոցներ, սպորտային մեկնաբաններ առնվազն վիճարկելի են համարում մրցավարի որոշումը` անհիմն չհամարելով Բերեզովսկու պնդումները, որ ինքը ձեռքով չի խաղացել։

«Իռլանդիան հաղթեց Հայաստանին 2։1 հաշվով, Ջիովանի Տրապատոնիի թիմը կխաղա փլեյ-օֆում, բայց սա ավելի շուտ հայերի ողբերգությունն էր, քան իռլանդացիների առավելությունը», - երեկ գրել է Belfast Telegraph-ը։

Մեկնաբան Դենիել ՄըքԴոնալդը, գրելով, որ խաղում շրջադարձ տեղի ունեցավ 26-րդ րոպեին, երբ մրցավարը կարմիր քարտ ցույց տվեց ու դաշտից հեռացրեց Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկուն, նշել է. - «Իռլանդացիների հարձակվող Քոքսը առաջինն էր ձեռքով խաղացել, ու արդեն էական չէ, թե հետո գնդակը Բերեզովսկու մարմնի որ մասին էր կպել»:

Fox News-ը գրել է, թե դրվագի կրկնապատկերը ցույց է տալիս, որ գնդակը դիպել է դարպասապահի կրծքին: Բացի այդ, ընդգծել է հեղինակավոր լրատվամիջոցը, Գանսալեսի սուլիչի ձայնը պետք է ավելի շուտ հնչեր, քանի որ Քոքսը աջ ձեռքով մշակեց ստացած գնդակը:

BBC-ի փոխանցմամբ, խաղից հետո Քոքսն խոստովանել է, որ մինչ գնդակը կդիպչեր Ռոման Բերեզովսկուն` ինքը ձեռքով է խաղացել: Նա սխալմունք է համարել Հայաստանի դարպասապահի հեռացումը դաշտից, նշելով, որ չի կարծում, թե գնդակը նրա ձեռքին է դիպել տուգանային հրապարակի սահմաններից դուրս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG