Մատչելիության հղումներ

Օդանավակայանում տաքսի ծառայությունները «անհավասար պայմաններում» են


Խտրական վերաբերմո՞ւնք օդանավակայանում
please wait

No media source currently available

0:00 0:03:43 0:00
Ուղիղ հղում
Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանն այսօր պայմանագիր է կնքել 2 տաքսի ծառայությունների հետ, որոնց ավտոմեքենաները միայն իրավունք ունեն կայանել օդանավակայանի ժամանման մուտքի առջեւ:

Անհատ տաքսի ծառայություն մատուցող մի քանի վարորդներ «Քաղաքացիական դիրքորոշում» եւ «Սպառողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ այսօր այցելեցին օդանավակայան` իրենց մտահոգությունը հայտնելու տաքսի ծառայությունների համար ստեղծված, իրենց խոսքով, «անհավասար պայմանների» առնչությամբ:

«Բոլորն էլ ստացել են նմանատիպ լիցենզիա տրանսպորտի նախարարությունից, ոչ մեկի լիցենզիան մյուսինից չի տարբերվում, եւ Հայաստանի Հանրապետությունում գտնվող բոլոր տաքսու կայանատեղիներից պետք է իրավունք ունենան օգտվելու բոլոր տնտեսվարող սուբյեկտները։ Իսկ այստեղ ստացվում է, որ խախտվում է տնտեսվարող սուբյեկտների հավասար աշխատանքի պայմանները», - «Ազատություն» ռադիոակայանի հետ զրույցում պարզաբանեց «Քաղաքացիական դիրքորոշում» հասարակական կազմակերպության ղեկավար Գեւորգ Դոստուրյանը։

«Սպառողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Արմեն Պողոսյանը հավելեց․ - «Գոյություն ունեն երկու ձեռնարկություններ, որոնք սպասարկում են օդակայանի ուղեւորներին, եւ դա շատ լավ է եւ շատ ողջունելի, բայց մյուսները նույն կերպ պետք է ունենան հնարավորություն մատուցելու իրենց ծառայությունը, եւ քաղաքացին, որը դուրս է գալիս օդակայանից, պետք է ունենա հնարավորություն, նստելու այն մեքենան, որը իրեն հարմար է։ Մենք եկել ենք այդ հարցը ուսումնասիրելու եւ հնարավորինս վերացնելու նման խտրական մոտեցումը, իսկ դա ոչ թե խտրականություն է, այլ հալածանք է»։

«Օդանավակայանը տաքսի ծառայությունների գործունեությունը իր տարածքում կարգավորելիս առաջնորդվել է միջազգային չափանիշներով», - պարզաբանում է «Զվարթնոց» օդանավակայանի գլխավոր մենեջերի տեղակալ Անդրանիկ Շխյանը: - «Դա ենթադրում է, որ նաեւ ապահովագրվում է ուղեւորի նստատեղը, այլ ոչ միայն մեքենան»։

Տաքսի ծառայությունների ընտրության իրենց չափանիշների թվում օդանավակայանի ներկայացուցիչը նշեց մեքենաներում օդափոխիչների առկայությունը եւ պայմանը, որ դրանք գազով չաշխատեն։

«Հայաստան ժամանող ուղեւորը պետք է նաեւ իմանա, որ օդանավակայանը պատասխանատվություն է կրում այն ծառայության համար, որը մատուցվում է օդանավակայանում։ Հակառակ դեպքում՝ մենք ունենք գռդոնչիների հին պատմությունը, որոնք հարձակվում էին ուղեւորների վրա, արդյունքում ուղեւորը բողոքում էր օդանավակայանին, բայց օդանավակայանը չէր իմանում այդ բողոքը ում ուղղեր», - հավելեց Անդրանիկ Շխյանը։

Օդանավակայանի հարեւանությամբ գործում է նաեւ առանձնացված տարածք, որտեղ, ըստ «Զվարթնոցի» ներկայացուցչի, կարող են կայանել այլ ծառայությունների տաքսիները:

Այդուհանդերձ, այսօրվա ակցիայի մասնակից տաքսու վարորդներին, ինչպես նաեւ նրանց շահերը պաշտպանող հասարակական կազմակերպության ղեկավար Գեւորգ Դոստուրյանին չգոհացրեց օդանավակայանի ներկայացուցիչների արձագանքը:

«Մենք դիմել ենք վարչապետին, դիմել ենք տրանսպորտի նախարարություն։ Թող տեսնեն խնդիրը, եթե կգտնեն, որ խախտում չկա, թող շարունակվի, բայց դա ակնհայտ է», - նշեց Գեւորգ Դոստուրյանը։
please wait

No media source currently available

0:00 0:03:17 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG