Մատչելիության հղումներ

logo-print

«Շատ հաշմանդամ մարզիկներ ունենք, ում կարող ենք միջազգային ասպարեզ դուրս բերել»


Ծանրամարտի աշխարհի պարալիմպիկ առաջնությունում Հայաստանը կներկայացնեն Գրետա Վարդանյանը եւ Սամվել Ասատրյանը, ովքեր հաջող հանդես գալու դեպքում կնվաճեն Լոնդոնի պարալիմպիկ խաղերի ուղեգրեր:

«Մասնակցում են աշխարհի ուժեղագույնները, որովհետեւ 2012 թվականի Լոնդոնի պարալիմպիկ խաղերից առաջ սա վերջին վարկանշային առաջնությունն է, որտեղ կարող են թույլտվություն ստանալ Լոնդոնում կայանալիք խաղերին մասնակցելու համար: Կան օլիմպիական, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոններ, մոտ 25 երկրներ են մասնակցելու: Բավականին հագեցած եւ դժվար մրցակցություն է լինելու», - ասաց Հայաստանի պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը:

Մարզիկները մարզվում են հագեցած ռեժիմով, եւ պարալիմպիկ կոմիտեի նախագահն ակնկալում է, որ հայաստանցի մարզիկները կնվաճեն այդ մասնակցության իրավունքը:

Գրետա Վարդանյանը ներկայացրել է Հայաստանը 2006 թվականին լեռնադահուկային սպորտում, հանդես է եկել տարբեր միջազգային մրցումներում, իսկ 2007 թվականի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ: Նա նշեց, որ տարբեր սպորտաձեւեր փորձելուց հետո վերջապես գտել է իրենը եւ երազում է պարալիմպիկ խաղերի չեմպիոն դառնալ հենց այս սպորտաձեւում.

«Իմ մարզաձեւը ծանրամարտն է, որովհետեւ այստեղ իմ ուժերին ավելի վստահ եմ: Ինքն իրեն արդեն ծանր սպորտաձեւ է, բայց եթե մարզվում եմ, չկա ոչ մի արգելք, ոչ մի խնդիր», - ասաց Գրետան:

Սամվել Ասատրյանը հաշմանդամություն է ստացել 1997 թվականին զինվորական ծառայության ժամանակ` ականի պայթյունի հետեւանքով: Զբաղվում է անվաթոռային բասկետբոլով եւ ծանրամարտով:

«Ինձ երկուսն էլ հարազատ են, չեմ կարող մեկը մյուսից առանձնացնել: Ճիշտ է, սկզբում բասկետբոլը չէի էլ ուզում փորձել, բայց ստացվեց այնպես, որ մինչեւ օրս անբաժան եմ դրանից», - ասաց Սամվելը:

Երկու մազիկներն էլ ընդգծեցին ոչ բավարար ֆինանսական աջակցությունը:

«Իսկապես ունենք ֆիզիկապես լավ պատրաստված մարզիկներ, ովքեր մի փոքր օգնության դեպքում կարող են վերելքների հասնել: Ամեն ինչ կախված է ֆինանսներից՝ պարապմունքը, դահլիճը, վիտամինները», - նկատեց Գրետան:

«Եթե ֆինանսապես ապահովված լինենք, կարծում եմ, ոչ ոքի չենք զիջի», - հավելեց Սամվելը:

Հակոբ Աբարհամյանն էլ ասաց, որ հաշմանդամային սպորտի նկատմամբ ուշադրությունը եւ աջակցությունը մեծացել է: Մարզիկներին աջակցում են մասնավոր կազմակերպությունները, իսկ վարչապետը հաշմանդամային սպորտին հատկացվող ամենամյա 3 մլն դրամից բացի խոստացել է 2012 թվականի բյուջեից լրացուցիչ գումարներ տրամադրել: Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար պետության կողմից տրամադրվել է 1.6 մլն դրամ:

«Եթե հաշմանդամ մարզիկներին աջակցելու այս միտումը շարունակվի, եթե ոչ Լոնդոնում, ապա 2016 թվականին Ռիո դե ժանեյրոյում կրող ենք մեդալներ ունենալ: Շատ լավ մարզիկներ ունենք, ում կարող ենք բաց ճակատով միջազգային ասպարեզ դուրս բերել եւ մեդալների ակնկալիք ունենալ», - ասաց Հակոբ Աբրահամյանը:
XS
SM
MD
LG