Մատչելիության հղումներ

Այսօր Հայաստանում մեկնարկել է մարդահամարը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի վարչության պետ Վարդան Գեւորգյանը, մարդահամարի նպատակն է ոչ միայն պարզել Հայաստանի բնակչության թվաքանակը, սեռային հարաբերակցությունը, տարիքային խմբերը եւ այլն, այլեւ խնդիր է դրված տեղեկություններ հավաքել երկրի սոցիալ-տնտեսական վիճակի մասին ընդհանրապես: Այդ պատճառով հարցաթերթիկը պարունակում է ոչ միայն անձին, այլեւ կոմունալ-կենցաղային պայմաններին վերաբերող հարցեր, որոնց ընդհանուր թիվը 33 է:

«Որպեսզի մանրամասն պատկերացում կազմենք, թե ժողովուրդը ի՞նչ վիճակով է ապրում, որտե՞ղ է ապրում, ինտերնետային կապ ունի՞, հեռախոս ունի՞ եւ այլն, դրանք ընդհանուր տվյալներ են, որ կարեւոր են իմանալ` բնակչության պայմանները պարզելու համար», - ասաց Գեւորգյանը:

Այս մարդահամարը թվով երկրորդն է, որ անցկացվում է Հայաստանի Հանրապետությունում: Նախորդը անցկացվել է 2001 թվականին: 1999 թվականին ընդունված «Մարդահամարի մասին» օրենքով նախատեսվում է Հայաստանում մարդահամար անցկացնել 10 տարին մեկ անգամ:

Ներկայիս մարդահամարը տեւելու է հոկտեմբերի 12-ից 21-ը, եւ այն կանցկացնեն 12 124 հաշվարարներ: Մարդահամարը Հայաստանի հարկատուներին կարժենա մոտ 2.4 միլիարդ դրամ, իսկ վերջնական արդյունքները հրապարակվելու են 2013 թվականին: Հարցին, թե ինչո՞ւ այդքան ուշ, Վարդան Գեւորգյանը պատասխանեց. - «Դա ուշ չէ, մարդահամարից հետո բավականին ծանր աշխատանք է կատարվում, մշակվելու են բոլոր տիպի հարցերը, հետո կհրապարակվի մի ամփոփ տեղեկագիր ամբողջ հանրապետության համար, հետո` ըստ տարածքների: Դա բավականին աշխատատար գործ է»:

Ըստ 2001 թվականի մարդահամարի` Հայաստանում մշտական բնակչության թվաքանակը 3 միլիոն 213 հազար էր, եւ համաձայն ԱՎԾ-ի ընթացիկ վիճակագրական տվյալների` այս հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում մշտական բնակչության թվաքանակը 3 միլիոն 266 հազար է, այսինքն, ըստ ԱՎԾ-ի անցած 10 տարում Հայաստանում բնակչության թվաքանակը աճել է մոտ 53 հազարով:

Իսկ 1989 թվականի համեմատ, երբ խորհրդային Հայաստանում անցկացվել էր վերջին մարդահամարը, Հայաստանի մշտական բնակչության այս տարվա թվաքանակը պակաս է ընդամենը 38 հազարով (1989-ի մարդահամարի տվյալներով` Հայաստանի մշտական բնակչության թվաքանակն 3 միլիոն 304 հազար էր):

Մինչդեռ, գաղտնիք չէ, որ Հայաստանում կասկածներ են հնչում բնակչության թվաքանակի վերաբերյալ պաշտոնական տվյալների ու մասնավորապես` մարդահամարի արդյունքների հավաստիության առնչությամբ, որ իրականում Հանրապետությունում բնակվում են շատ ավելի քիչ մարդիկ, քան ներկայացնում է պաշտոնապես:

ԱՎԾ-ի մարդահամարի վարչության պետը այս կապակցությամբ նախ ասաց, թե ընթացիկ տվյալները ԱՎԾ-ն ստանում է պետական այլ մարմիններից` ոստիկանությունից, սահմանային անցման կետերից եւ այլն, ու միայն մշակում է դրանք:

«Հետաքրքիր է, թե կասկածողները ի՞նչ թվեր են ներկայացնում, որ աղբյուրից են օգտվում», - հարցրեց Գեւորգյանը:

«Միգրացիան եւ մարդկային զարգացումը Հայաստանում» ՄԱԿ-ի տարեկան վերջին զեկույցի համահեղինակ, ազգագրագետ Աղասի Թադեւոսյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, թե Հայաստանի բնակչության թվաքանակի վերաբերյալ կան պաշտոնական տվյալներ եւ կան փորձագիտական գնահատականներ, այդ թվում` միջազգային հեղինակավոր կառույցների, որոնք չեն համընկնում:

Ըստ Թադեւոսյանի, եթե ներկայումս Հայաստանի պաշտոնական տվյալների համաձայն, հանրապետությունում մշտապես բնակվում է 3 միլիոն 266 հազար մարդ, ապա փորձագիտական գնահատականների համաձայն (այդ թվում օրինակ` ըստ Աշխատանքի միջազգային կազմակերպության), այժմ Հայաստանում պետք է, որ բնակվի 2.1-2.5 միլիոն մարդ, քանի որ Հայաստանի անկախության 20 տարիների ընթացքում երկրից, տարբեր գնահատականների համաձայն, հեռացել է 800 հազարից մինչեւ 1 միլիոն 200 հազար մարդ:

«Միշտ չէ, որ մարդահամարը լինում է շատ հավաստի ոչ միայն Հայաստանում, այլ` ընդհանրապես աշխարհում: Դա ունի սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառներ: Օբյեկտիվ պատճառներից է այն, որ շատ մարդիկ գրանցված են ու Հայաստանում չեն գտնվում, բայց փաստացիորեն համարվում են Հայաստանի բնակիչներ: Սուբյեկտիվ պատճառները կարող են լինել քաղաքական` կապված ընտրությունների ցուցակների ապահովման հետ», - ասաց Թադեւոսյանը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG