Մատչելիության հղումներ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը վերադարձավ Երեւան


Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը վերադարձավ Երեւան
please wait

No media source currently available

0:00 0:03:19 0:00
Ուղիղ հղում
Չորեքշաբթի վաղ առավոտյան Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում երկրպագուները ծափահարություններով եւ վանկարկումներով դիմավորեցին Հայաստանի հավաքականին։

Երեքշաբթի մինչեւ ուշ գիշեր Երեւանի կենտրոնում հազարավոր երկրպագուներ մեծ էկրաններով հետեւում էին խաղին։ Ֆուտբոլը ցուցադրվում էր Ազատության եւ Ֆրանսիայի հրապարակներում, պետական համալսարանի շենքի դիմաց։

Օպերայի հարակից գրեթե բոլոր սրճարանները եւս կազմակերպել էին ցուցադրությունը՝ խաղից ժամեր առաջ այստեղ արդեն հնարավոր չէր սեղան պատվիրել։

Հայաստանցի երկրպագուների շրջանում հավաքականի խաղից հիասթափություն չկար՝ փոխարենը մեծ էր դժգոհությունը իսպանացի մրցավար Էդուարդո Իտուրալդե Գոնսալեսից, ով խաղի 26-րդ րոպեին դաշտից հեռացրեց Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկուն՝ տուգանային հրապարակից դուրս գալու եւ «վերջին հույսի խախտում» թույլ տալու համար։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից փոխանցեցին, որ առայժմ հայտնի չէ` ֆեդերացիայի ղեկավարությունը կբողոքարկի՞ մրցավարի որոշումը, թե՞ ոչ:

Ֆուտբոլային մեկնաբան Սենիկ Կարապողոսյանը խորը կասկած հայտնեց մրցավարի անաչառության հետ կապված։

«Նախօրոք խաղից առաջ ամեն ինչ վերեւներում վճռված էր։ Երկու տարի առաջ բոլորս հիշում ենք, թե ինչպես իռլանդացիները դուրս մնացին աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի մասնակիցների շարքից։ Հիմա, ուղղակի ՈւԵՖԱ-ն, ՖԻՖԱ-ն պարտքը վերադարձրեցին իռլանդացիներին (դա զուտ իմ սուբյեկտիվ կարծիքն է)», - նշեց ֆուտբոլային մեկնաբանը։

Լեգենդար «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը Գոնսալեսի երեկվա մրցավարությունը անգրագետ գնահատեց, ասաց՝ նման սխալներ պրակտիկայում խիստ հազվադեպ են պատահում։

«Ինքը վատ դատեց, եւ եթե հիշում եք իրենց կոպիտ խաղին՝ ինքը համապատասխան ռեակցիա չէր տալիս։ Դարպասապահին հազվագյուտ են հանում՝ այնքան պետք է կոպիտ բան անի, որ դատավորը հանի, բայց դատավորը Բերեզովսկի Ռոմանին հանել է, փաստորեն մեր մեջքը կոտրել է», - արձանագրեց Սերգեյ Պողոսյանը։

Անդրադառնալով մրցավարի այս վիճելի որոշմանը՝ մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանն էլ ասաց, թե` ցավոք օրեր անց աշխարհը մոռանալու է խաղի բովանդակությունը` նայելով միայն վիճակագրությանը եւ փաստելով, որ 2:1 հաշվով հաղթել է Իռլանդիան։

«Բայց այդ խաղը 2։1-ի խաղը չէր․ անգամ 10 հոգով մենք շատ ավելի ուժեղ էինք ու շատ ավելի տեսք ունեինք, քան մրցակիցը», - նշեց Կարեն Գիլոյանը։ - «Համենայնդեպս, վերախաղարկման մասին մտածել հիմա ուղղակի հեքիաթից էլ հեքիաթ է՝ չեն թույլ տա»։

Խաղից հետո իռլանդացի ֆուտբոլիստի խոստովանությունը, թե մինչեւ Բերոզովսկուն հասնելը գնդակը դիպել է իր ձեռքին, Կարեն Գիլոյանը հերոսություն չի համարում` որակելով այն ընդամենը խղճի խայթի արտահայտություն։

Այսօր նախագահականում ուսանողների եւ աշակերտների հետ հանդիպմանը երեկվա ֆուտբոլային հանդիպմանը անդրադարձել է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ անկախ խաղի արդյունքից, ամենաթանկ ձեռքբերումը ազգային համախմբումը եւ զարթոնքն է։

Թե՛ ֆուտբոլասերները, եւ թե՛ մասնագետները վերջին հաջողություններից հետո, գնահատելով Հայաստանի հավաքականի կարողությունները, միանգամայն իրատեսական են համարում աշխարհի առաջնության նախընտրական փուլի հաղթահարումը:
please wait

No media source currently available

0:00 0:05:54 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG