Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի զորամասերից մեկում անցած ամիս տեղի ունեցած խոշտանգումերի հետեւանքով այժմ Երեւանի կայազորի հոսպիտալում «սուր փսիխոզ» ախտորոշմամբ պառկած 19-ամյա զինծառայողի հայրը` Մկրտիչ Մկրտչյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տարօրինակ համարեց, որ այս գործով դեռ որեւէ մեկը չի ձերբակալվել:

Նախնական տեղեկություններով` զորամասում ծառայակիցները ստորացրել են զինվորի արժանապատվությունը, բռնության եւ ծաղրուծանակի են ենթարկել երիտասարդին, նույնիսկ ծխախոտ են հանգցրել մարմնին: Այդ զինծառայողների շրջանակը հայտնի է, բայց նրանք դեռ ազատության մեջ են:

Հայրը, ով տեսել է որդուն հոսպիտալում, այսպես նկարագրեց նրա վիճակը. - «Անտանելի վիճակ, կապույտ… ձեռքերը ծխախոտով վառած, ականջը լրիվ ցխած, հույս չունեմ, թե ականջը կվերականգնվի, ոտքերը` վերք, կապույտ ու սրտից է բողոքում, ասում է` քացով միշտ սրտիս էին խփում», - ասաց Մկրտչյանը:

Նա դեպքի մասին իմացել է սեպտեմբերի 27-ին, թեեւ միջադեպն ավելի շուտ է եղել: Երիտասարդը վնասվածքներով տեղափոխվել է նախ զորամասի բուժկետ, հետո Ստեփանակերտի հոսպիտալ, այնուհետեւ` Երեւան: Մկրտիչ Մկրտչյանը պատմում էր, որ մինչ այդ որդու հետ հեռախոսով խոսելիս զգացել է, որ ինչ որ բան այն չէ, բայց տղան այդ ժամանակ նրան ոչինչ չի ասել: Միջադեպի պատճառների մասին զինվորի հորը հետեւյալն է հայտնի. - «Զինվորական գրքույկը վերցրել, գցել են զուգարանը, տղես էլ ասել է` թե ի՞նչ եք անում, տղե'րք, նման բան անո՞ւմ են, դա իմ պատիվն է, պիտի տանեմ, ցույց տամ, որ ես ծառայել եմ, ու էդ կռիվը սկսվել է», - պատմեց հայրը:

Քրեական գործը հարուցված է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու հատկանիշներով: Պաշտպանության նախարարությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ առաջիկայում այս գործով ձերբակալություններ սպասվում են: Ի դեպ, զինվորի հայրը ղարաբաղյան պատերազմի մասնակից է:

«Սա բանակ չէ, բանակի վիճակ չէ: Տանջվելով երեխա եմ մեծացրել, որ տանե՞ն խելառ սարքեն կամ դիակ տա՞ն ձեռքս: Բանակի համար լումա ներդրած մարդու էրեխին տանե՞ն կես մարդ սարքեն: Ով քնից շուտ զարթնել է, դարձել է աֆիցեր: Աֆիցերներներին փողով մատակարարում են, որ իրենց էրեխեքը բանակում ինչ այլանդակություն, ինչ ստորություն ասես անեն: Սա բանակ չէ, խոպան է... », - ասաց զայրացած հայրը:

Երեք օր առաջ բանակում տեղի ունեցած մեկ այլ դեպքի` Մարտակերտի զորամասերից մեկում 19-ամյա Վլադիմիր Ասատրյանի մահվան դեպքի կապակցությամբ պարզված է այն անձանց շրջանակը, որոնք կարող են առնչություն ունենալ Ասատրյանին ինքնասպանության հասցնելու հետ: Հիշեցնենք, որ գործը հարուցված է ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Պաշտպանության նախարարի խոսնակ Դավիթ Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ գործում ներառված են նաեւ այն անձինք, ում անունները երիտասարդը դեպքից առաջ գրել է իր ձախ ձեռքին:

Հիշեցնենք, որ երիտասարդի մայրը չէր բացառում, որ դրանք կարող են նրան այդ արարքին դրդողների կամ այդ արարքը կատարողների անունները լինել: Ըստ Կարապետյանի` այդ գրառումներում որեւէ սպայի անուն նշված չէ, շարքայիններ են, իսկ կատարվածի հանգամանքները կպարզի նախաքննությունը: Նախարարության քննչական ծառայությունից փոխանցեցին, որ ձերբակալություններ առայժմ չկան` քննչական գործողությունները շարունակվում են, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, ստուգվում են փաստական տվյալները, որոնք կարող են հիմք հանդիսանալ քրեական պատասխանատվության ենթակա անձանց մեղադրանք առաջադրելու համար:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG