Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 12-ի մամուլ


«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Հայաստանի իշխանությունները ակնհայտորեն խրախուսում են արտագաղթը, բայց դրա մասին բարձրաձայն չեն խոսում: Թե ինչու չեն խոսում` հասկանալի է, բայց ինչո՞ւ են խրախուսում: Այս հարցի պատասխանը երկու բաղադրիչ ունի. արտագաղթը` որպես տնտեսության զարգացման մոդել, եւ արտագաղթը` որպես ներքաղաքական կայունության երաշխիք: Իշխանությունները եթե ինչ-որ բան անում են, դրա համար ծանրակշիռ պատճառներ պիտի ունենան: Հայաստանը գտնվում է փաստացի շրջափակման մեջ, բնական ռեսուրսներով հարուստ չէ (նավթ չունի), իսկ արտագաղթը հնարավորություն է ստեղծում «օդից» գումարներ ստանալ (մասնավոր տրանսֆերտների տեսքով Հայաստան կարող է մտնել մի քանի միլիարդ, եւ ինչքան շատ մարդ արտագաղթի, այնքան այդ գումարը մեծ կլինի): Բայց մենք փաստացի պատերազմական վիճակում ենք, եւ մեզ առնվազն անհրաժեշտ է մեծ եւ հզոր բանակ: Հիմա եթե մենք ուզում ենք այս իրավիճակում տնտեսությունը զարգացնել արտագաղթի միջոցով, պիտի ահավոր բարձր զարգացած տեխնոլոգիաներ ունենանք (ասենք` անօդաչու ինքնաթիռներ, «պուլտով» աշխատող տանկեր, միջուկային զենք եւ այլն): Պարզ ասած` դրսից ստացվող միլիարդները ծախսենք հենց այդ նպատակով: Արդյո՞ք մենք այդպես ենք անում: Իհարկե ոչ»:

«Երկիր» օրաթերթին տված հարցազրույցում Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը ասում է. - «Կոնգրեսը ծանր վիճակում է` ինչպես այն ծանրամարտիկը, որը պատվիրում է քաշ եւ չի կարողանում գոտկատեղից վերեւ բարձրացնել` գցում է սեփական ոտքերի վրա: Նույն վիճակում է ՀԱԿ-ը, որովհետեւ բողոքավոր ընտրազանգվածի առջեւ պարտավորություն էր ստանձնել ամեն գնով հասնել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների, բայց պարզվում է, որ ի վիճակի չէ այդ պարտավորությունը կատարել: Բայց, ի տարբերություն ծանրամարտիկի, ով հնարավորություն ունի երեք անգամ մոտենալ պատվիրած քաշին, քաղաքական ուժը մեկ հնարավորություն ունի եւ եթե այն չի օգտագործում, ապա այդ քաղաքական ուժի կորուստները լինում են չափազանց լուրջ եւ անդառնալի: Ռադիկալ քայլերի գնալու անհրաժեշտ ներուժ ՀԱԿ-ը այսօր չունի: Նկատեք, որ նույնիսկ չեղան երթեր, որովհետեւ այդ մարդկային ռեսուրսը չկար»:

«Հայոց Աշխարհ»-ի հետ զրույցում պատգամավոր Կարինե Աճեմյանը (ՀՀԿ) ասում է. - «Շուրջօրյա նստացույց սկսելով՝ արմատական ընդդիմությունը, ըստ էության, ազդարարեց նախընտրական արշավի մեկնարկը, եւ, հաշվի առնելով մասնակիցների թիվը, որ ակնհայտորեն չարդարացրեց իրենց սպասելիքները, կարելի է ասել, որ ՀԱԿ-ի ակնկալիքները ի վերջո չիրականացան։ Նրանք ուզում էին մեծ թափ հաղորդել իրենց ակցիաներին, բայց չստացվեց։ Այս իրավիճակում, բնականաբար, պիտի կոշտացնեն հռետորաբանությունը, որպեսզի իրենց կողմը ներգրավեն սոցիալական իրավիճակից, իշխանությունների վարած քաղաքականությունից դժգոհ բողոքավոր քաղաքացիներին։ ՀԱԿ-ի հայտարարությունները, հատկապես նախագահի անհապաղ հրաժարականի պահանջները այս համատեքստում եմ տեսնում։ Ինչ վերաբերում է երկխոսության շարունակությանը, կարծում եմ, կոալիցիան իր որոշումը դեռ կկայացնի. ՀԱԿ-ի միտինգները դադարեցնելու վերաբերյալ հայտարարությունից հետո աշխատանքային խմբում այդ խնդրի շուրջ քննարկում չի եղել»։

Հանրապետական մեկ այլ պատգամավոր` Դավիթ Հարությունյանը, զրուցել է «Առավոտ»-ի հետ. - «Իմ դիրքորոշումը հետեւյալն է. երկխոսությունը կարող է հաջողությամբ պսակվել եւ տալ արդյունքը, որն անհրաժեշտ է երկրին, ոչ թե քաղաքական ուժերին, երբ երկու կողմերը քաջ գիտակցում են դրա կարեւորությունը: Ցավոք, ինձ մոտ այն տպավորությունն է, որ այս պահին ՀԱԿ-ը երկխոսությունն օգտագործում է զուտ որպես քաղաքական պայքարի տարր եւ ոչ ավելին: Դա, իհարկե, չի կարող ապահովել արդյունավետ երկխոսություն: Հենց այն պահին, երբ քաղաքական ուժերը, այս պարագայում` ավելի շատ ՀԱԿ-ը, սկսեն ավելի շատ մտածել երկրի մասին, այդ պահից երկխոսությունը տեղի կունենա եւ կլինի արդյունավետ»:

Քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշել է, որ, մասնավորապես, Հայ ազգային կոնգրեսի շուրջօրյա հանրահավաքներից հետո այսօր հայաստանյան քաղաքական դաշտում մնացել են երեք ազդեցիկ ուժեր, եւ ընդգծված պայքարը առաջիկայում ընթանալու է հենց այդ ուժերի միջեւ: Իշխանության ներսում, ըստ նրա, առավել ուժեղը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, քանի որ վերջին տարիներին կարողանում է ակտիվորեն բարեգործական PR ակցիաներ իրականացնել. - «Եվ եթե Հանրապետականը քաղաքական կամպանիայի մեջ ճիշտ ստրատեգիա չաշխատեցնի, ապա զուտ բարեգործական PR-ը կարող է աշխատել հօգուտ «Բարգավաճ Հայաստան»-ի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG