Մատչելիության հղումներ

logo-print
Ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության B խմբի ընտրական մրցաշարի վերջին՝ 10-րդ տուրում երեքշաբթի ուշ երեկոյան Հայաստանի հավաքականը Դուբլինի Aviva մարզադաշտում 1:2 հաշվով պարտություն կրեց Իռլանդիայի թիմից։

Հանդիպման 43-րդ րոպեին Վալերի Ալեքսանյանը գնդակն ուղարկեց սեփական դարպասը, 59-րդ րոպեին Ռիչարդ Դանը կրկնապատկեց հաշիվը, իսկ 62-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը կրճատեց հաշվի տարբերությունը։

26-րդ րոպեին իսպանացի մրցավար Էդուարդո Իտուրալդե Գոնսալեսը դաշտից հեռացրեց Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկուն՝ տուգանային հրապարակից դուրս գալու եւ այսպես կոչված «վերջին հույսի» խախտում թույլ տալու համար, թեեւ դարպասապահը տուգանայինից դուրս ձեռքով գնդակին չէր դիպել։ Դա որոշակի նյարդայնություն մտցրեց հայաստանցի ֆուտբոլիստների գործողություններում, հատկապես՝ պաշտպանությունում, եւ մինչեւ առաջին խաղակեսի ավարտը գրանցվեց ինքնագոլը։ Ու թեեւ խաղի 81-րդ րոպեին մրցավարը դաշտից հեռացրեց նաեւ իռլանդացի Քեւին Դոյլին, այդուհանդերձ, դա արդեն հանդիպման ընթացքը չփոխեց։

B խմբում առաջին տեղը գրավեց Ռուսաստանը, որը կխաղա Եվրո - 2012-ի եզրափակիչ փուլում, երկրորդ տեղը գրավեց Իռլանդիան, որը Եվրո - 2012-ի եզրափակիչ փուլ անցնելու համար դեռ պետք է անցումային խաղեր խաղա, եւ երրորդ տեղը գրավեց Հայաստանի հավաքականը։

Նման կարգի մրցաշարերում սա աննախադեպ բարձր արդյունք է Հայաստանի համար։ Հայաստանցի ֆուտբոլիստները անցկացրած 10 հանդիպումներից 5-ում հաղթանակ են տոնել, 2-ը ավարտել են ոչ-ոքի, եւ 3-ում պարտվել են։ Հայաստանի թիմը խփել է խմբում ամենաշատ գոլերը՝ 22:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG