Մատչելիության հղումներ

Բանակում արձանագրված միջադեպերի առնչությամբ ձերբակալվածներ չկան


Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի «Եղնիկներ» կոչվող զորամասում վերջերս տեղի ունեցած բռնության մի միջադեպի կապակցությամբ դեռեւս ձերբակալվածներ չկան:

Միջադեպի հետեւանքով զինծառայողներից մեկը «սուր փսիխոզ» ախտորոշմամբ այժմ գտնվում է Երեւանի կայազորի հոսպիտալում: 19-ամյա զինծառայողի առողջական վիճակի լրջության վերաբերյալ պաշտոնապես տեղեկատվություն չի հաղորդվում: Նախնական տեղեկություններով զորամասում ծառայակիցները ստորացրել են նրա արժանապատվությունը, բռնության եւ ծաղրուծանակի են ենթարկել երիտասարդին, նույնիսկ ծխախոտ են հանգցրել մարմնին: Այնուհետեւ, զինվորը, որի անունը հասկանալի պատճառներով «Ազատություն» ռադիոկայանը չի հրապարակում, տեղափոխվել է նախ զորամասի բուժկետ, հետո Ստեփանակերտի հոսպիտալ, այնուհետեւ` Երեւան: Կային տեղեկություններ, որ նա օրեր շարունակ կոմայի մեջ է եղել, սակայն Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքեցին դա:

Փաստի առիթով քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1 մասի հատկանիշներով` զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով: Զինվորն առայժմ ոչ ադեկվատ վիճակում է, ցուցմունքներ չի տալիս: Հարցին, թե ի՞նչ հանգամանքներում է տեղի ունեցել միջադեպը, մարմնական ի՞նչ վնասվածքներով է զինվորը տեղափոխվել հիվանդանոց, նախարարությունից պատասխանեցին, որ նշանակված է փորձաքննություն եւ մանրամասները հայտնի կդառնան նախաքննության արդյունքում:

Ձերբակալվածներ առայժմ չկան նաեւ Մարտակերտի զորամասերից մեկում երկու օր առաջ տեղի ունեցած մահվան դեպքի առնչությամբ: 19-ամյա Վլադիմիր Ասատրյանը մահացել է մարտական դիրքում հերթապահության ժամանակ իրեն ամրակցված ինքնաձիգի կրակոցից: Պաշտոնական վարկածն ինքնասպանությունն է` քրեական գործ հարուցված է ինքնասպանության հասցնելու հոդվածի հատկանիշներով:

Զինվորի մայրը Անժելա Ասատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, կասկածի տակ առնելով այդ վարկածը, պատմեց, որ դեպքի օրն ավելի վաղ որդին ցանկացել է իր հետ խոսել, բայց չի ստացվել: Մայրը ասում էր, թե իրեն հասած տեղեկություններով դեպքից առաջ որդին թեւի վրա գրել է երկու անուն: Հարազատները չեն բացառում, որ դրանք կարող էին նրան այդ արարքին դրդողների կամ այդ արարքը կատարողների անունները լիներ: Հետո թեւը ծածկվել է վերքից հոսած արյամբ, արյունը լվանալուց հետո մասամբ ջնջվել են նաեւ անունները, թեեւ փորձաքննությունը կարող է դա պարզել: Վլադիմիր Ասատրյանը 6 ամիս հետո ավարտում էր զինվորական ծառայությունը: Մայրը պատմում էր, որ ծառայությունից երբեք չի բողոքել, բայց այս տարվա ամռանը որդու նախկին վաշտի հրամանատարը (Արմեն անունով) այնպես է ահաբեկել Վլադիմիրին, որ նա հուլիս 28-ին զորամասից փախչելու փորձ է արել:

«Էդ գիշեր էրէխուն ասել է, որ քեզ սպանելու եմ, ծառայությունդ վրեդ թթվացնելու եմ, մորթելու եմ քեզ: Խեղճ քյորփես վեր ա կենում, գիշերով փախնում չաստից: Էրեխուս տանում են, 15 օրով մտցնում են գաուբախտ», - պատմում է որդուն կորցրած մայրը:

Մոր հավաստմամբ, նոր վաշտ տեղափոխվելուց հետո որդին որեւէ բողոք չի ունեցել: Թե որքանով նրա մահը կարող էր կապ ունենալ այս միջադեպի հետ, հարազատների համար անհայտ է: Սակայն ինքնասպանության վարկածը Անժելա Ասատրյանի համար խիստ կասկածելի է:

«Իմ էրեխեն էնքան հանգիստ էր, հետո ճիշտն ասաց, մի քիչ վախկոտ էր, ինքը էդքան դուխ չուներ իր վրա ձեռք բարձրացնելու համար: Դա բացառված է` իմ էրեխու գլխին կա'մ սարքել են, կա'մ դրդել են, կա'մ դիտմամբ արել են, մատները դրել են վրեն, որ մատնահետքերը մնան, ասեն ինքն ա», - ասաց Անժելա Ասատրյանը:

Ինքնաձիքի վրա մահացած երիտասարդի մատնահետքերն են, հարազատների պնդմամբ, մարմնի վրա բռնության հետքեր չեն եղել:

«Ես կուզենամ, որ իմ երեխեն լինի վերջին զոհը, ես չեմ ուզենա, որ մի ծնող էլ իմ նման տառապի», - արտասվելով ասում էր մայրը:

Այսօր մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել` պահանջելով ՀՀ գլխավոր գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականը իր զբաղեցրած պաշտոնից: Մեկ ամիս առաջ այս կազմակերպությունները հանդես էին եկել հայտարարությամբ` առաջարկելով մեկամսյա ժամկետում գործուն քայլեր իրականացնել բանակում տեղի ունեցած հանցագործությունների լիարժեք բացահայտման, պատասխանատուներին պատժելու ուղղությամբ: Սակայն ոչ մի շոշափելի քայլ, նրանց հավաստմամբ չի իրականացել: «Լրագրողները հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի ղեկավար Ժաննա Ալեքսանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ դեպքերն ինքնասպանություն որակելն արդեն դարձել է սովորություն:

«Գոնե այս տարի գրանցված դեպքերը, որոնք հարուցվել են ինքնասպանության հասցնելու հոդվածով, նախաքննության ընթացքում որեւէ փոփոխության չեն կրել: Բոլոր գործերը այդպես էլ մտնում են դատարան: Ես էական տեղաշարժ չեմ նկատում, չեմ նկատում արմատական փոփոխություների ցանկություն, կամքի դրսեւորում», - ասաց Ալեքսանյանը:

Հավելենք, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նախաձեռնությամբ զինված ուժերում ստեղծվելու է հանցագործությունների կանխարգելման հարցերով աշխատանքային խումբ: Մարդու իրավունքների պաշտպանն էլ պատրաստակամություն է հայտնել փորձագիտական ակտիվ օժանդակություն ցուցաբերել աշխատանքային խմբի գործունեությանը:

please wait

No media source currently available

0:00 0:05:41 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG