Մատչելիության հղումներ

logo-print

Հոկտեմբերի 21-29-ը «Համազգային» թատրոնը կներկայացնի «Ժառանգներ» խորագրով պիեսը, որի հեղինակը ազգությամբ թրքուհի, փարիզաբնակ Սեդեֆ Էսեռն է:

Ներկայացումը բեմադրել է Բրունո Ֆեյսինեն: Եվրամիության կողմից ֆինանսավորվող բեմադրության մեջ ընդգրված են երկուական հայ, ֆրանսիացի, գերմանացի եւ թուրք դերասաններ:

Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ պիեսը ներկայացվում է միաժամանակ մի քանի լեզուներով. - «Բայց պիեսի կառույցն այնպիսին է, որ հայ հանդիսատեսը անպայման կհասկանա, թե որտեղից է սկսում եւ ուր է հասնում եւ ինչ է ուզում, ի վերջո, ասել»:

«Նախագիծը սկսվել է մոտ տարիուկես առաջ: Գաղափարը Բրունո Ֆեյսինեինն է», - հավելեց նա:

Պիեսը ներկայացնում է մի քանի սերունդների հիշողության միջով անցնող մի պատմություն, որը նաեւ վավերագրական ֆիլմի ձեւով նկարահանելու է ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավետիքյանը, ով, Վարդան Մկրտչյանի փոխանցմամբ, կանգնած է այս նախագծի հիմքում. - «Սա մի մեծ եւ նոր տեսանկյունից պատկեր է Հայաստանի, Թուրքիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի հարաբերությունների մեջ: Իհարկե, մեծամասնությամբ կենտրոնանում է հայ-թուրքական հարաբերությունների վրա, մեծամասնությամբ ինքը հասցնում է մարդուն այն աստիճանի, որ կարողանա իր մեջ ուժ գտնել ներողություն խնդրելու, ճանաչելու: Մեկ բառով ասած` եթե ուզում ենք կիսել ապագան, եթե ուզում ենք նայել առաջ, ուրեմն պետք է գնահատենք անցյալը, եւ անցյալի աչքերին պարզ նայենք, ոչ թե փորձենք խուսափել կամ ծածկել անցյալը»:

Պիեսում, նրա փոխանցմամբ, տարբեր սերունդների ներկայացուցիչները տարբեր ձեւով են մեկնաբանում անցյալը, հաճախ` թաքցնում այն. - «Բայց ի վերջո հերոսուհին ի՞նչ եզրակացության է գալիս, ինչի՞ է հասնում, ինչ միջոցներով, ի՞նչ ապրումների միջոցով` սա արդեն թողնում եմ հանդիսատեսի դատին»:

Նրա խոսքով, հեղինակը պիեսը գրելու ընթացքում օգտվել է նաեւ այս չորս երկրներում ապրող մարդկանց կարծիքներից:

Սեդեֆ Էսեռը արդեն երկու անգամ եղել է Հայաստանում: «Ժառանգների» պրեմիերային կրկին գալու է:

«Սեդեֆը ինձ մի անգամ ասաց, որ իր տատերը, պապերը կատարել են մեծ ոճրագործություն: Բայց ասաց` ես նաեւ չեմ ներում իմ ծնողներին, որոնք ինձնից թաքցրել են դա, որովհետեւ ոչ պակաս մեղք է նաեւ կոծկելը: Նա ասում է` ես այլեւս չեմ ուզում, որ դա այդպես մնա, եւ իմ երեխաներին ինչքան հնարավոր է շուտ եմ պատմում, որպեսզի իրենք նույն բարդույթով չտառապեն», - փոխանցեց Մկրտչյանը:

Նա հավելեց, որ ներկայացումը արդեն հրավեր է ստացել Փարիզի «Ակվարիում» թատրոնից. 2012 թվականի մայիսին երկու տասնյակից ավելի ներկայացում են խաղալու այնտեղ. - «Որից հետո Բեռլինում` մեկ շաբաթ եւ Ստամբուլում` մեկ շաբաթ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG