Մատչելիության հղումներ

Սողանքի գոտում հայտնաբերվել է երրորդ դիակը


Սողանքի գոտում աշխատող փրկարարները:
Սողանքի գոտում աշխատող փրկարարները:

Երեքշաբթի առավոտյան Այրում քաղաքի մոտ տեղի ունեցած սողանքի գոտում փրկարարները գտել են Տավուշի մարզի Լճկաձոր գյուղի բնակիչ, 72-ամյա Նորիկ Միրզոյանի դին:

Միրզոյանի դատարկ ավտոմեքենան փրկարարները ավելի վաղ էին գտել: Միրզոյանի թոռը, հիշեցնենք, սողանքի ժամանակ հասցրել էր դուրս գալ մեքենայից:

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ծառայության տնօրենի տեղակալ Վրեժ Գաբրիելյանի փոխանցմամբ, Նորիկ Միրզոյանի դեն գտել են փլվածքի Նոյեմբերյան քաղաքի կողմից. - «Որոշակի միջոցառումներ կան, կիրականացվեն ոստիկանության կողմից, նախաքննական մարմնի կողմից, որից հետո արդեն կհանձնվի հարազատներին»:

Սողանքի գոտում դեռեւս երկու անհետ կորած կա` հայր եւ որդի Հակոբյանները: Չի գտնվել նաեւ նրանց ավտոմեքենան: Այս պահին սողանքի գոտում աշխատում են 154 փրկարարներ:

Փլվածքի գոտում մնացած 37 ավտոմեքենաներից առայժմ չի գտնվել 2-ը, որոնք ամբողջությամբ մնացել են հողի տակ: Բահերով աշխատող փրկարարներին վերջին օրերին օգնության են հասել 3 ամբարձիչներ, որոնց շնորհիվ որոնողական աշխատանքներն ավելի են ակտիվացել:

Երկրաբաններն ու սեյսմոլոգները ուսումնասիրել են սողանքը եւ, Վրեժ Գաբրիելյանի փոխանցմամբ, գտել են, որ այն դեռ գործում է: Վտանգն ավելի է մեծանալու, երբ տեղումներ սկսվեն: Օդերեւութաբանների կանխատեսմամբ, տեղումներ սպասվում են արդեն 2 օրից:

«Վտանգը շատ մեծ է: Նույնիսկ հիմա, որ օգտագործում ենք այս ինժեներական տեխնիկան, ռիսկի ենք դիմել, բայց ստիպված էինք դա անել: Որովհետեւ այս մեծ զանգվածը, որ կա` 3 միլիոն խորանարդ մետր, ուղղակի միայն ձեռքի եւ փոքր մեխանիզացիայի շնորհիվ հնարավոր չէր», - ասաց Գաբրիելյանը` հավելելով, որ որոնողափրկարարական աշխատանքներն ավարտելուց հետո սողանքի գոտում սկսելու են վտանգավոր հատվածների վնասազերծման աշխատանքները:

Առայժմ անորոշ է, թե երբ կրկին բանուկ կդառնա Վանաձոր - Բագրատաշեն միջպետական ճանապարհը: Այսօր գործում է սողանքի հատվածը շրջանցող ճանապարհը, որտեղ հիմա բարեկարգման աշխատանքներ են տարվում, սակայն բեռնատար ավտոմեքենաների համար այս ճանապարհն անանցանելի է:

Հոկտեմբերի 2-ին Տավուշի մարզի Այրում քաղաքի եւ Լճկաձոր գյուղի մոտակայքում Վանաձոր - Բագրատաշեն ավտոճանապարհի 86-րդ կիլոմետրում տեղի ունեցած սողանքի պատճառով փլվել է մոտ 300 մետր երկարությամբ ճանապարհը։ Սողանքի միջին բարձրությունը հասնում է 15 մետրի:

Հինգ անհետ կորածներից երկուսին` Երեւանի բնակիչներ Մեխակ եւ Արմեն Սորսումատյանների դիերը փրկարարները գտել էին երեկ: Սողանքի գոտում մնացել է երկու անհետ կորած:
please wait

No media source currently available

0:00 0:03:24 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG