Մատչելիության հղումներ

«Վարդանանք», «Ավարայր», «Կենաց ու մահու կռիվ»` հայոց մամուլում եւ սոցիալական ցանցերում այսպիսի գնահատականներ են տրվում մի քանի ժամից կայանալիք Իռլանդիա-Հայաստան հանդիպմանը։

Դաշտի տերերը երկրորդ տեղը կպահպանեն նույնիսկ ոչ ոքիի դեպքում, մինչդեռ մերոնք պարտավոր են հաղթել, քանի որ միայն այդ դեպքում կշարունակեն պայքարը հաջորդ տարի Լեհաստանում եւ Ուկրաինայում անցկացվելիք Եվրոպայի առաջնության ուղեգրի համար։

Իռլանդական մամուլում անթաքույց երկյուղով եւ հարգանքով են գրում Հայաստանի հավաքականի մասին։ Մեկնաբանները շատ են ափսոսում, որ վնասվածքի հետեւանքով դաշտ դուրս չի գա ամերիկյան լիգայում` Լոս Անջելեսի «Գալաքսի»-ում հանդես եկող Ռոբի Քինը, նա թիմի ավագն է, 51 գոլ է խփել։

Բրիտանիայում հրատարակվող «Ինդեփենդենթ»-ը գրում է, թե Երեւանում իռլանդացիներից պարտություն կրելուց հետո Հայաստանի թիմն ամբողջությամբ կերպարանափոխվել է եւ վերջին հանդիպումներում խոշոր հաշվով հաղթանակներ է տոնում։

«Եթե իռլանդացիները պայքարեն իրենց կարողությունների առավելագույն չափով, ապա հաջողության կհասնեն»,- ասել է Իռլանդիայի հավաքականի նախկին աստղ, ներկայումս մարզիչ Ջովանի Տրապատոնիի օգնական Ֆրենք Սթեփլթոնը եւ ավելացրել. - «Հայերի թիմը շատ լավ է պատրաստվում, մենք պետք է հաշվի առնենք նրանց վերջին հաջողությունները»։

«Գարդիան»-ը մեջբերում է բրիտանացի Թոմ Ջոնսին, ով 2006-2009 թվականներին աշխատել է որպես Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Իեն Փորթերֆիլդի օգնական։ Ջոնսը գովեստով է խոսում Հայաստանի հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանի մասին, ով այն ժամանակ նույնպես Փորթերֆիլդի օգնականներից էր։

Ջոնսի փոխանցմամբ, իրենք արդեն այն տարիներին գիտեին, որ Հայաստանում կան շատ տաղանդավոր երիտասարդներ։ «Հենրիկ Մխիթարյանն ու Գեւորգ Ղազարյանն այն ժամանակ դեռահասներ էին։ Կարծում եմ, կոնկրետ Հենրիկն արդեն հիմա կարող է հանդես գալ Պրեմիեր Լիգայում», - ասել է Թոմ Ձոնսը։

«Գարդիան»-ի մեկնաբան Փոլ Դոյլը գրել է, թե Մխիթարյանը, Ղազարյանն ու Յուրա Մովսիսյանը երեքով ավելի շատ գոլ են խփել, քան Իռլանդիայի ամբողջ հավաքականը։

Մինչեւ ճակատագրական հանդիպումը մի քանի ժամ է մնում։ Դուբլինում են նաեւ հայ երկրպագուները` «Առաջին ճակատից»։ Նրանք էլ են պատրաստվում խաղին։

«Առաջին ճակատի» ղեկավար խորհրդի անդամ Էդգար Պետրոսյանի փոխանցմամբ, Հայաստանցի «ճակատայիններին» միանալու են Իռլանդիա տարբեր երկրներից ժամանած ընկերները։

«Առաջին ճակատը» հայրենասիրական երգեր եւ վանկարկումներ է կատարելու։ Խաղից մոտ մեկեւկես ժամ առաջ երթով կշարժվի դեպի «Ավիվա» մարզադաշտ, որը հյուրանոցից մոտ 300 մետր հեռավորության վրա է։

Երկրպագուի փոխանցմամբ, իռլանդացիները բարյացակամ են, զրույցներում նրանցից շատերը ասում են, թե հավատում են Իռլանդիայի հաջողությանը, որը կարող է նաեւ ոչ ոքին լինել, մի մասն էլ խոստովանում է, որ մտահոգված է, քանի որ հայերը հզոր հարձակում ունեն։

«Աստված մեր թիմին մի քիչ սպորտային հաջողություն տա, մնացածը մենք կանենք, «Առաջին ճակատը»` տրիբունայում, տղաները` դաշտում», - ասել է Էդգար Պետրոսյանը։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG