Մատչելիության հղումներ

Էրդողանը հակադարձում է Սարկոզիի երեւանյան հայտարարություններին


Հայաստան -- Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզի իր հայաստանցի գործընկերոջ՝ Սերժ Սարգսյանի հետ, Երեւան, 7-ը հոկտեմբերի, 2011թ․
Հայաստան -- Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզի իր հայաստանցի գործընկերոջ՝ Սերժ Սարգսյանի հետ, Երեւան, 7-ը հոկտեմբերի, 2011թ․
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կտրուկ կերպով հակադարձում է Նիկոլա Սարկոզիի երեւանյան հայտարություններին` կոչ անելով «ազնվություն ցուցաբերել»:

«Ֆրանսիայի նախագահը գնաց Հայաստան եւ ինչ-ինչ հայտարարություններ արեց Թուրքիայի հասցեին: Ես խորհուրդ կտայի պարոն Սարկոզիին հիշել` այո, ձեր երկրում 600 հազար հայ է բնակվում, բայց նաեւ կես միլիոն թուրք կա: Պետական գործիչը պետք է մտածի նախեւառաջ գալիք սերունդների, այլ ոչ միայն գալիք ընտրությունների մասին», - ասել է Էրդողանը:

Այսօր Անկարայում Սարկոզիի հասցեին ոչ պակաս կոշտ հայտարարությամբ է հանդես եկել «Ազգայնական Շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին:

«Եթե Ֆրանսիայի նախագահը ցանկանում է ցեղասպանության մասին խոսել, ապա նա կարող է առանց հեռուն գնալու դիտարկել իր իսկ երկրի անցյալը», - նշել է թուրք ազգայնականների առաջնորդը:

Ավելի վաղ ֆրանսիական կողմին Թուրքիան նաեւ դիվանագիտական նախազգուշացում էր ուղղել: Թուրքական Hurriyet-ի տեղեկություններով, Փարիզում Թուրքիայի դեսպան Թահսին Բուրջուօղլուն շաբաթ օրը այցելել է Ելիսեյան Պալատ` հանդիպելով նախագահ Սարկոզիի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Ժան-Դավիդ Լեւիտի հետ: Ըստ թուրքական պարբերականի, դիմելով ֆրանսիացի պաշտոնյաներին` դեսպանը խնդրել է «Թուրքիան որպես նախընտրական քարոզչության գործիք չօգտագործել»:

Հիշեցնենք, որ Երեւանում Նիկոլա Սարկոզին կոչ էր արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը:

Թուրքիայի դեսպանն այսքանով չի սահմանափակվել՝ նաեւ նամակ հղելով Ֆրանսիայի առաջատար ընդդիմադիր կուսակցության՝ Սոցիալիստների առանցքային ղեկավարներից մեկին՝ Ֆրանսուա Օլանին:

«Կոչ եմ անում ձեզ խուսափել Թուրքիային վերաբերող հարցերը ներքաղաքական օրակարգ բերելուց», - գրել է թուրք դիվանագետը:

Ըստ թուրքական պարբերականի, այն հանգամանքը, որ Բուրջուօղլուն դիմել է սոցիալիստ Օլանին եւս պատահական չէ: Հենց ֆրանսիացի սոցիալիստներն էին, որ մի քանի ամիս առաջ խորհրդարանի օրակարգ վերադարձրեցին Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագիծը: Ավելին, Ֆրասնուա Օլանը 2012-ի նախագահական ընտրություններում Սոցիալիստական կուսակցության ամենահավանական թեկնածուներից մեկն է:

Իր այս քայլը դեսպան Բուրջուօղլուն հետեւյալ կերպ է բացատրել - «Մեր ուղերձը միայն Սարկոզիի համար չէ, այն նախատեսված է ֆրանսիական ողջ քաղաքական դասին: Մենք հստակ ընդգծում ենք, որ նման հռետորաբանության կիրառումը երկկողմ հարաբերությունների կատարյալ ձախողումից բացի որեւէ այլ արդյունքի չի հանգեցնի: Մենք ցանկանում ենք բարելավել մեր հարաբերությունները Ֆրանսիայի հետ, բայց նման հայտարարությունները այդ նպատակի իրագործմանը չեն նպաստում»:

Ի դեպ, ընդամենը երկու շաբաթ առաջ Օլանը կրկին անդրադարձել էր Հայոց ցեղասպանության խնդրին՝ նշելով, թե ֆրանսիական Սենատում առկա սոցիալիստական մեծամանությունը մեկ անգամ էլ կփորձի Ցեղասպանության ժխտման քրեականացումը նախատեսող օրինագիծը ընդգրկել օրակարգում: Բացի այդ, ըստ ֆրանսահայ մամուլի, Օլանին աջակցություն են հայտնել Ֆրանսիայում գործող դաշնակցական կառույցները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG