Մատչելիության հղումներ

logo-print
Երեքշաբթի կայացած դատական նիստում Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց Բելլա եւ Սեդրակ Քոչարյաններն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի գործի` Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:

«Ժամանակ»-ը պարտավորվում է Քոչարյաններին վճարել 3 միլիոն դրամ, իսկ հօգուտ Հայաստանի Հանրապետության` թերթից կգանձվի 90 հազար դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար հետաձգված պետական տուրքի գումար:

«Ժամանակ» օրաթերթի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը կարծիք հայտնեց, որ լրատվամիջոցների դեմ հայցերի վճիռներն իրականացվում են նույն սցենարով:

«Կարող եմ փաստել մի հանգամանք, որ բոլոր դատավորները գրեթե նույն սցենարով են մերժում իմ միջնորդությունները: Հայտարարվում է ընդմիջում, հեռանում են մի ինչ-որ այլ վայր, որից հետո գալիս են նույնաբովանդակ որոշում են կայացնում, այսինքն իմ կարծիքով` դատավորները ինչ-որ մեկից հարցնում, հետո նոր որոշում են կայացնում», - ասաց «Ժամանակ»-ի փաստաբանը:

Բաղդասարյանը նաեւ նշեց, որ գործից բացակայում է դատական նիստի ձայնագրության մի կարեւոր հատված եւ «Փաստաթուղթ-տեղեկանք» վերնագրով մի փաստաթուղթ, որը փաստաբանի խոսքով` կցված է եղել գործին եւ որում գրված է եղել, թե ինչպես պետք է մերժել «Ժամանակ»-ի փաստաբանի փաստարկները եւ բավարարել հայցվորի պահանջը: Պարզ չէ, թե գործում որտեղից է հայտնվել այդ փաստաթուղթը, ով է այն կցել եւ ով` հետագայում ազատվել դրանից: Փաստաբանն այստեղ եւս դիտավորություն է տեսում:

«Հանկարծակի էր այնտեղ հայտնվել կամ ինչ-որ մեկը դիտավորյալ էր մտցրել, բայց խնդիրն այն է, որ դատարանում գտնվող քաղաքացիական գործին փաստաթուղթ կցելու իրավունք ունի միայն դատավորը: Դատական նիստի արձանագրությունների հետազոտումից ակնհայտ երեւում է, որ կողմը չի կցում նման փաստաթուղթ, սրանից պետք է ենթադրենք, որ դատարանն է կցել այդ փաստաթուղթը: Բայց Վերաքննիչ դատարանը այդ կարեւոր ապացույցը չկցեց գործին, չվերադարձրեց, տեղը չդրեց», - ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ Քոչարյանների ընտանիքը դատական հայց էր ներկայացրել «Ժամանակ» օրաթերթում 2010 թվականի սեպտեմբերին եւ հոկտեմբերին տեղ գտած 3 հրապարակումների կապակցությամբ: Թերթը գրել էր, թե Բելլա Քոչարյանը ներգրավված է դեղորայքի բիզնեսում, Քոչարյանների ընտանիքին է պատկանում «911» դեղատների ցանցը: Բացի դրանից, համաձայն օրաթերթի` Քոչարյաններն ադամանդի հանքեր ունեն Նամիբիայում, իսկ վերջերս Սեդրակ Քոչարյանը այդպիսի հանք է ձեռք բերել Հնդկաստանում: Թերթը նաեւ գրել էր, թե իրականում բեռնափոխադրումներով զբաղվող «Սպայկա» ընկերության «մեջքին կանգնած է» Սեդրակ Քոչարյանը:

Թերթը պատրաստվում է որոշումը բողոքարկել Վճռաբեկ դատարանում:

«Եթե մի խնդրի մեջ իրավական լուծում չկա, ուրեմն դա [վճիռը] կա'մ տնտեսական, կա'մ քաղաքական շահերի արդյունքում է կայացվել», - ասաց Բաղդասարյանը:

Այս շաբաթ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը պատրաստվում է զրպարտության եւ վիրավորանքի վերաբերյալ Քաղաքացիական օրենսգրքի դրույթների հակասահմանադրականության խնդրով դիմել Սահմանադրական դատարան: Ըստ օմբուդսմենի` իր իսկ հեղինակած օրենքը պատշաճ կերպով չի կիրառվում:

Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանի խոսքով` Սահմանադրական դատարան դիմելու պատճառը միջազգային կառույցների զեկույցներում Հայաստանի մամուլի ազատության վերաբերյալ սուր քննադատությունն է եւ լրատվամիջոցների կողմից չափազանց մեծ դժգոհությունը:

«Ես կապ տեսնում են, քանի որ իրոք զարգացումները շարունակում են մնալ բավականին տագնապալի եւ խոսքի ազատության համար վտանգավոր», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Նավասարդյանը:

Ուստի Երևանի մամուլի ակումբի ղեկավարը վստահ է, որ օրենքում դրական փոփոխություններ կլինեն:

«Հայաստանի իշխանությունների համար շատ կարեւոր է գրանցել առաջընթաց այս ոլորտում: Ես համոզված եմ, որ ե'ւ ընտրություններից առաջ, ե'ւ բազմաթիվ այլ պատճառներով իշխանությունները պիտի շահագրգռված լինել փոխելու իրավիճակը», - ասաց Նավասարդյանը:

Անցյալ տարվա մայիսին զրպարտությունը ապաքրեականացնելուց հետո տպագիր մամուլի դեմ ավելի քան 15 հայց է ներկայացվել, միայն «Ժամանակ» օրաթերթը ներգրավված է դատական 8 գործերում, որոնցից 5-ում ներգրավված է որպես երրորդ կողմ, իսկ 3 հայց ներկայացված է հենց օրաթերթի դեմ:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG