Մատչելիության հղումներ

logo-print

Կրեմլ կվերադառնա «Պարոն Ոչը»


Russia -- Matryoshka dolls depicting Vladimir Putin, Dmitry Medvedev, Boris Yeltsin, Mikhail Gorbachev, Leonid Brezhnev and Vladimir Lenin are displayed on sale in Krivibok, 24Mar2008

Russia -- Matryoshka dolls depicting Vladimir Putin, Dmitry Medvedev, Boris Yeltsin, Mikhail Gorbachev, Leonid Brezhnev and Vladimir Lenin are displayed on sale in Krivibok, 24Mar2008

Գերմանական «Շփիգել» եւ ամերիկյան «Նյուզուիք» հանդեսները երկյուղով են գնահատում Վլադիմիր Պուտինի հավանական վերադարձը նախագահի նստավայր։

Գերմանիայում լույս տեսնող «Շպիգել»-ի մեկնաբանների համոզմամբ, Վլադիմիր Պուտինի վերադարձը Կրեմլ կարող է հանգեցնել Ռուսաստանի եւ Արեւմուտքի հարաբերությունների վատթարացմանը։

Դրա ապացույցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Սիրիայի վարչակարգի նկատմամբ պատժամիջոցներ նախատեսող բանաձեւի ձախողումն է։

Դմիտրի Մեդվեդեւի նախագահության օրոք Պուտինը ցուցադրաբար իրեն հեռու է պահել արտաքին քաղաքականությունից, թեպետ ակնհայտ էր, որ հենց ինքն է երկրի առաջատար քաղաքական գործիչը։

Մեկնաբան Բենջամին Բիդդերի ձեւակերպմամբ, «հիմա այդ կեղծ չեզոքությունը մի կողմ է դրվում։ Այդ մասին են վկայում Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւի եւ Վիկտոր Յանուկովիչի բանակցությունները, որոնց մասնակցել է նաեւ վարչապետ Պուտինը»։

Ազդարարելով նախագահ վերընտրվելու մտադրության մասին` Պուտինը «Իզվեստիա»-ում հրապարակել է ծավալուն հոդված, որում քննարկել է Եվրասիական միությունը Եվրոպայի եւ Ասիայի միջեւ յուրօրինակ կամուրջ դարձնելու գաղափարը։

Արեւմուտքում Պուտինի այդ «ժուռնալիստական փորձը» ընկալել են որպես Խորհրդային Միությունը վերականգնելու կոչ։

Ըստ «Շպիգել»-ի, Ռուսաստանի վերնախավի պահպանողական հատվածը ակնհայտ տհաճությամբ է վերաբերվել «արաբական գարնան» շարժմանը, որը Մերձավոր Արեւելքի մի շարք երկրներում հանգեցրել է իշխանափոխության։

Մոսկվայում հատկապես անհագստացած են Սիրիայի կացությամբ, քանի որ այդ երկիրը ռուսական արտադրության զենքի եւ զինամթերքի հիմնական սպառողներից է եւ տարածաշրջանում Կրեմլի դաշնակիցն է համարվում։

«Շպիգել»-ի մեկնաբանի համոզմամբ, «2012 թվականի նախագահական ընտրությունների արդյունքում Կրեմլ կվերադառնա «Պարոն Ոչը»` Պուտինը, որը Արեւմուտքի հետ սկզբունքային որոշ հարցերում ունի մերժողական կոշտ դիրքորոշում»։

Իսկ «Նյուզուիք»-ը Պուտինի անխուսափելի վերադարձի մասին վերլուծությունը հրապարակել է Back to the USSR` «Վերադարձ ԽՍՀՄ» վերնագրի ներքո. - «Այդ «տանդեմի» հայտնի որոշումից առաջ Ռուսաստանում դեռ կար երբեւէ դեմոկրատական եղանակով իշխանություն ձեւավորելու աննշան հույս, սակայն Պուտինի վերադարձով Ռուսաստանն անխուսափելիորեն կդառնա նավթային եկամուտներով ապրող բռնապետություն, ուստի, փոփոխություններ կարող են գալ կգան դրսից, այլ ոչ թե համակարգի ներսից»։

Ռուսաստանում հայտնի բլոգեր եւ հակակոռուպցիոն շարժման ակտիվիստ Ալեքսեյ Նավալնին «Նյուզուիք»-ին ասել է, թե «հեղափոխությունն այլեւս անխուսափելի է, գուցե 5 ամսից, 2 տարուց, կամ 7 տարուց, միեւնույն է, այն տեղի կունենա»։

«Նյուզուիք»-ի փոխանցմամբ, «Դմիտրի Մեդվեդեւը նման է ռուսական վեպերի ողբերգական հերոսներին, ովքեր գիտեն իրենց ժողովրդի տառապանքների մասին, կանխատեսում են հայրենիքի տխուր վախճանը, բայց ոչինչ չեն անում, կամ ի զորու չեն, կամ չեն ցանկանում եւ... միայն խոսում են»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG