Մատչելիության հղումներ

Հայաստանի պատվավոր հյուպատոսի խոսքով, իռլանդացիները վախով են մոտենում առաջիկա խաղին


Երեքշաբթի օրը տեղի կունենա ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության B խմբի ընտրական մրցաշարի վերջին տուրը։

Վերջին խաղերում խոշոր հաշվով փայլուն հաղթանակներ տարած Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվում է Իռլանդիային։ Թիմերի առաջին հանդիպումը Երեւանում ավարտվել է իռլանդացիների հաղթանակով։

B խմբի առաջատար Ռուսաստանը սեփական դաշտում ընդունելու է Անդորրայի թիմին, եւ մասնագետների համոզմամբ՝ անպայման կհաղթի։

9 խմբերի հաղթողները, ինչպես նաեւ խմբերում երկրորդ տեղերը գրաված թիմերից մեկը, որը կարձանագրի լավագույն արդյունքը իր խմբի մրցակիցների նկատմամբ, անմիջապես ստանում են հաջորդ տարի Լեհաստանում եւ Ուկրաինայում անցկացվելիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու ուղեգրեր։

Երկրորդ տեղերը գրաված մնացած 8 թիմերը վիճակահանությամբ կկազմեն զույգեր, որոնք կանցկացնեն երկուական հանդիպում՝ սեփական եւ մրցակցի դաշտում։ Այս հանդիպումների չորս հաղթողները նույնպես կդառնան «Եվրո-2012» առաջնության մասնակից։

Հայաստանի հավաքականը B խմբում երկրորդ տեղը գրավելու համար պարտավոր է հաղթել Դուբլինում։

Իռլանդիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Օհան Երգայնհարսյանի փոխանցմամբ, այսօր Դուբլինի մարզադաշտում ներկա կլինեն նաեւ հայ երկրպագուներ, այդ թվում՝ դեսպան Կարինե Ղազինյանը։

«Հայաստանի դեսպանը պիտի գա խաղին մասնակցի, եւ խաղեն վերջը պիտի հանդիպինք մարզիկներեն հետ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Հայաստանի պատվավոր հյուպատոսը։

Հարցին, թե Դուբլինի ստադիոնը քանի հազար մարդ է տեղավորում, Օհան Երգայնհարսյանը նշեց․ - «Ստադիոնը 60-70 հազար անձ է, բայց միայն 5 հազար տոմս է ապահովված հայերուն։ Ես կհավատամ, որ մոտավորապես 2 հազար հայ պիտի ներկա գտնվի՝ քաջալերելու մարզիկները, եւ մեծամասնությունը՝ մոտ1600-ը, արտասահմանեն պիտի գա Իռլանդիա՝ Ֆրանսիայեն, Անգլիայեն, Շվեյցարիայեն, Իսպանիայեն եւ Հայաստանեն։ Իռլանդիայի մեջ միայն մոտավորապես 300 հայ կա»։

Հայաստանի պատվավոր հյուպատոսը հավելեց, որ Իռլանդիայի մամուլը, մարզասերները վախով են մոտենում առաջիկա խաղին, որովհետեւ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը անսպասելի հաջողություններ է արձանագրել, մինչդեռ այս խաղից է կախված Իռլանդիայի ֆուտբոլի հավաքականի՝ «Եվրո-2012»-ին մասնակցության հարցը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG