Մատչելիության հղումներ

Ուկրաինայի դատարանը հրապարակում է Տիմոշենկոյի գործով վճիռը


Ուկրաինա -- Ոստիկանությունը արգելափակում է Տիմոշենկոյի աջակիցների մուտքը դատարանի դահլիճ, Կիեւ, 11-ը հոկտեմբերի, 2011թ․
Ուկրաինա -- Ոստիկանությունը արգելափակում է Տիմոշենկոյի աջակիցների մուտքը դատարանի դահլիճ, Կիեւ, 11-ը հոկտեմբերի, 2011թ․
Այսօր Կիեւի քաղաքային դատարանը սկսելու է հրապարակել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի գործով վճիռը:

Սեպտեմբերի 30-ին կայացած նախորդ դատական նիստի ընթացքում, դատավոր Ռոդիոն Կիրեեւը որոշել էր, որ վճիռը հրապարակելիս թույլատրվելու է միայն լրագրողների ներկայությունը: Այլ անձանց, այդ թվում նաեւ պատգամավորներին, դատավորը չի թույլատրել ներկա գտնվել դատարանի դահլիճում` պատճառաբանելով, թե նրանք պարբերաբար խախտում են կարգը դատարանի դահլիճում եւ խանգարում են նիստերի ընթացքը:

Տիմոշենկոյի կողմնակիցները հայտարարել են, որ հավաքվելու են դատարանի շենքի մոտ, որպեսզի աջակցեն նրան:

Ուկրաինայի դատախազությունը Տիմոշենկոյին մեղադրում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ Ռուսաստանի հետ Ուկրաինայի համար ոչ շահավետ գազային պայմանագիր կնքելու մեջ:

Մեղադրող դատախազը դատարանից պահանջել է Տիմոշենկոյին ազատազրկել 7 տարի ժամկետով։

Ուկրաինայի նախկին վարչապետը հերքում է իրեն ներկայացվող բոլոր մեղադրանքները՝ պնդելով, որ դատական հետապնդումն իր նկատմամբ իրականացվում է քաղաքական դրդապատճառներով։ Յուլիա Տիմոշենկոն անազատության մեջ է օգոստոսի 5-ից:

Երեկ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, թե իրեն չի հուզում ոչ Տիմոշենկոյի դեմ հարուցված գործը, ոչ սպասվող վճիռը՝ հավելելով, թե իրեն ավելի հետաքրքրում է Ռուսաստանի հետ գազային հարցով հարաբերությունները բարելավելը:

Վճռի հրապարակման նախօրեին Չեխիայի արտգործնախարար Կարել Շվարցենբերգը, Լյուքսեմբուրգում կայացած Եվրամիության արտգործնախարարների խորհրդի նիստից հետո հայտարարել է, որ խորհրդում քննարկվել է Տիմոշենկոյի դատավարության հարցը եւ եթե Ուկրաինայի նախկին վարչապետը ազատազրկվի, Եվրամիության եւ Ուկրաինայի միջեւ ասոցիացման համաձայնագիրը չի կայանա:

«Մենք պետք է շարունակենք ասոցիացման վերաբերյալ բանակցությունները, սակայն եթե Տիմոշենկոն եւ ուրիշներ բանտում լինեն, ամենալավ պայմանագիրն անգամ արդյունք չի ունենա, քանի որ Եվրախորհրդարանը երբեք հավանություն չի տա այդ համաձայնագրին», - հայտարարել է Չեխիայի արտգործնախարարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG