Մատչելիության հղումներ

Սողանքի գոտում գտնվել են անհայտ կորած եղբայրների դիերը


Armenia - A rescue team works at the site of a major landslide, 03Oct2011.
Armenia - A rescue team works at the site of a major landslide, 03Oct2011.
Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքի գոտում փրկարարներն այսօր առավոտյան գտել են անհայտ կորած Սորսումատյան եղբայրների դիերը։

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի խոսքով, եղբայրները իրենց մեքենայի մեջ են եղել։ Նախարարը նշեց, որ դիակները, մեղմ ասած, վատ վիճակում էին գտնվում։

Երեւանի բնակիչներ Մուշեղ եւ Արմեն Սորսումատյաններին գտել են 20 մետր խորությամբ հողազանգվածի տակից։ Դիերը տարել են Տավուշի մարզի դիահերձարան։ Այնտեղ էին նաեւ նրանց հարազատները։

Սողանքի գոտում դեռեւս 3 անհետ կորած կա՝ Տավուշի մարզի Լճկաձոր գյուղի բնակիչ Նորիկ Միրզոյանի մեքենան գտել են, սակայն նա մեքենայի մեջ չի եղել։ Դեռեւս անհայտ է, թե որտեղ են գտնվում Վրաստանի քաղաքացիներ Արթուր եւ Գուրգեն Հակոբյանները՝ նրանց մեքենան առայժմ չի հայտնաբերվել։

Նախարար Արմեն Երիցյանն ասաց, որ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցների հետ փորձել են գծել փլուզված ճանապարհի սխեման, ինչը հնարավորություն է տալիս պատկերացնել, թե ինչ հաջորդականությամբ են փլվածքի տակ մնացած մեքենաները կանգնած եղել։

«Գուցե այդպես կարողանանք․․․ բացի անհետ երեք կորածներից, մենք ունենք այսօր երեք մեքենաներ, որը դեռ փնտրում ենք», - նշեց նախարարը։

Ուղղաթիռի, քարշակի եւ երկաթուղային կռունկի միջոցով փրկարարները կարողացել են դուրս բերել 34 մեքենա։ Մնացած 3 մեքենայի գտնվելու վայրը դեռեւս անորոշ է։

Այս պահին սողանքի գոտում աշխատում է 250 փրկարար։ Նրանց են միացել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության աշխատակիցները, հրշեջները։ Ամենօրյա հերթապահություն են անում նաեւ Ալավերդու եւ Նոյեմբերյանի շտապօգնության աշխատողները։

Հոկտեմբերի 2-ին Տավուշի մարզի Այրում քաղաքի եւ Լճկաձոր գյուղի մոտակայքում Վանաձոր – Բագրատաշեն ավտոճանապարհի 86-րդ կիլոմետրում տեղի ունեցած սողանքի պատճառով փլվել է մոտ 300 մետր երկարությամբ ճանապարհը։ Սողանքի միջին բարձրությունը հասնում է 15 մետրի։

please wait

No media source currently available

0:00 0:02:42 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG