Մատչելիության հղումներ

Զրպարտությունը եւ վիրավորանքը ապաքրեականացնող դրույթների հարցով օմբուդսմենը կդիմի ՍԴ


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը պատրաստվում է զրպարտության եւ վիրավորանքի վերաբերյալ Քաղաքացիական օրենսգրքի դրույթների հակասահմանադրականության խնդրով այս շաբաթ դիմել Սահմանադրական դատարան:

Անդրեասյանը դեռ 2009-ի մարտին առաջարկել էր օրենսդրական փոփոխության մի գաղափար, որի էությունն էր ապաքրեականացնել զրպարտությունն ու վիրավորանքը եւ քաղաքացիաիրավական պատասխանատվություն սահմանել այդ արարքների համար: Անցյալ տարվա մայիսին օրենսդրական փոփոխությունն ընդունվեց, ինչից հետո տպագիր մամուլի դեմ ավելի քան 15 հայց է ներկայացվել։ Հայաստանյան լրատվամիջոցները սուր քննադատության են ենթարկում զրպարտությունը ապաքրեականացնող օրենսդրական փոփոխությունները, քանի որ դրանց ընդունումից հետո լրատվամիջոցների դեմ ներկայացված համապատասխան հայցերը գրեթե բոլոր դեպքերում լրիվ կամ մասնակիորեն բավարարվել են, եւ թերթերը ենթարկվել են խոշոր տուգանքների։

Այսօր պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք Սահմանադրական դատարան դիմելու պատճառը միջազգային կառույցների զեկույցներում Հայաստանի մամուլի ազատության վերաբերյալ սուր քննադատությունն է, օմբուդսմենը, մասնավորապես, ասաց․ - «Քննադատությունը չէ, որ ինձ այս պահին դրդում է այս կամ այն քայլը անել։ Ապաքրեականացման գաղափարը ինձ համար ընդունելի էր՝ ես ինքս եմ առաջարկել։ Մաս չլինելով օրենքի վերջնական տեքստի մշակմանն ու ընդունմանը՝ այնուհանդերձ ես համարել եմ, որ օրենքը միջազգային չափանիշներին համահունչ է։ Բայց բոլորս տեսնում ենք, որ կիրառման ժամանակ ծագում են խնդիրներ»։

Կարեն Անդրեասյանը, ով այս խնդրի առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ, նշեց, որ իրեն ոչ միայն զարմացրել, այլ նաեւ մտահոգել է այն, թե ինչպես է օրենքը մեկնաբանվում դատարաններում։

«Մեր բոլորի խնդիրն է՝ այժմ ուշադրությունը բեւեռել հիմնականում ընդհանուր իրավասության դատարանների վրա, որ ամեն կոնկրետ գործով տեսնենք ինչ է լինում, միեւնույն ժամանակ սպասենք սահմանադրական դատարանի որոշմանը, որպեսզի տեսնենք այդ կիրառումը վատն է օրենքի՞ պատճառով, թե այդ կիրառումը վատն է վատ կիրառող դատավորի պատճառով։ Միգուցե օրենքի այն դրույթները, որոնք ես վիճարկում եմ, չունեն բավարար իրավական որոշակիություն եւ հստակություն», - պարզաբանեց Մարդու իրավունքների պաշտպանը։

Օմբուդսմենը հավելեց, որ ՍԴ-ից որոշակիություն է ակնկալում նաեւ պատժաչափերի հարցում․ - «Թե այդ պատժաչափերը որքան եւ ինչպես պետք է սահմանվեն, եւ արդյոք ներկայիս օրենսդրությունը բավարար հստակություն տալիս է դատարաններին, թե ինչքան սահմանվեն տույժերն ու տուգանքները տարբեր գործերով»։

2010-ի մայիսին օրենքի ընդունումից հետո ոլորտի փորձագետները եւս սուր հայտարարություններով են հանդես եկել՝ հիմնականում նշելով, որ օրենքով սահմանված տույժերի առավելագույն չափերը հայ լրագրողի համար բավականին մեծ են։ Այս առնչությամբ Կարեն Անդրեասյանը ասաց․ - «Օրենքում գրված է՝ մինչեւ 1 միլիոն եւ մինչեւ 2 միլիոն [դրամ]։ Ուրիշ բան է, որ մարդիկ դիմում են, զրպարտության եւ վիրավորանքի հետ միասին թիվը դառնում է 3, բայց 3 միլիոնը պարտադիր թիվը չէ։ Դա այն բացարձակ մաքսիմումն է, որը պետք է կիրառվի դատարանի կողմից»։

Հարցին, թե Սահմանադրական դատարանը իր լիազորությունների շրջանակում ի՞նչ կարող է անել, Մարդու իրավունքների պաշտպանը պարզաբանեց․ - «Կարող է հակասահմանադրական ճանաչել օրենքը, եթե դրանով վտանգվում է սահմանադրական դրույթը, օրինակ՝ խոսքի ազատության դրույթը, կամ կարող է իր հիմնավորումներում եւ մեկնաբանություններում ուղղորդել դատական պրակտիկան ճիշտ իրավական ընկալումների դաշտ»։
please wait

No media source currently available

0:00 0:03:48 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG