Մատչելիության հղումներ

Վաղը կբացվի Օտարագիր հայ գրողների 4-րդ համաժողովը


Ամերիկահայ գրող Փիթեր Բալաքյանը (կենտրոնում) Հայաստանի գրողների միությունում:

Ամերիկահայ գրող Փիթեր Բալաքյանը (կենտրոնում) Հայաստանի գրողների միությունում:

Երեքշաբթի օրը Երեւանում կբացվի Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ անցկացվող Օտարագիր հայ գրողների 4-րդ համաժողովը:

Այս համաժողովների նպատակը արտերկրում ապրող հայ գրողներին մեզանում ճանաչելի դարձնելն է: Հենց այս համաժողովների շնորհիվ է, որ թարգմանվում եւ հայ ընթերցողին հասանելի են դառնում օտարագիր հայ գրողների` օրինակ, Փիթեր Բալաքյանի, Փիթեր Սուրյանի, Նենսի Գաբրիելյանի ստեղծագործությունները:

«Օտարագիր հայ գրողներին համախմբելու գաղափարը ծնվել 2005 թվականին: Մենք նրանց փորձեցինք կապել Հայաստանի հետ», - Գրողների միությունում հրավիրված ասուլիսում ասաց միության նախագահ Լեւոն Անանյանը:

Ավանդաբար համաժողովից առաջ հայերեն թարգմանությամբ լույս են տեսնում մի շարք օտարագիր հայ հեղինակների գործեր: Դրանց շնորհանդեսները տեղի կունենան համաժողովի` Ծաղկաձորում անցկացվելիք աշխատանքային երեք օրերի ընթացքում:

Կներկայացվեն ամերիկահայ գրող Փիթեր Սուրյանի «Դարպաս» վեպը, եւ «Ժամանակակից ամերիկահայ պատմվածքը» ժողովածուն (երկուսն էլ` Արամ Արսենյանի թարգմանությամբ), ֆրանսահայ գրող Վարդենիկ Բեդանյանի «Աստվածամոր նրբանցքը» կենսապատումը, Վահե Գոդելի «Ճամփորդի արյունը» (Ալեքսանդր Թոփչյանի թարգմանությամբ), այլ հրատարակություններ:

Այս տարի համաժողովն անցկացվում է «Օտարագիր հայ գրողների ճակատագիրը ստեղծագործության մեջ» խորագրի ներքո:

«Ինձ թվում է, թե բոլոր օտարագիր գրողները` սկզբում թե վերջում, անդրադառնում են իրենց ինքնությանը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Արամ Արսենյանը: - «Ցանկացած օտարագիր հայ գրող ինչ-որ տեղ, ինչ-որ պահի թեկուզ մեկ տողով անդրադառնում է իր ինքնությանը»:

Ամերիկահայ գրող Պողոս Գուբելյանը խիստ կարեւոր է համարում մեկնարկող համաժողովը. - «Այն օգուտը ունի, որ մեզ մերձեցնում է իրար, եղբայրացնում է: Որբացածի զգացում ունենք մենք… Երբ գալիս ենք նման համաժողովների, տեսնում ենք, որ մյուս մասնակցիներն էլ նույն խնդիրներն ունեն, նույն հարցերը: Եղբայրանում ենք միմյանց, որովհետեւ նույն գրականությանը, նույն ժողովրդին ծառայելու համար ենք ճանապարհ ընկել` անկախ նրանից, թե ինչ լեզվով ենք գրում»:

Այս տարվա համաժողովին հրավիրված են երեք տասնյակից ավելի գրողներ տարբեր երկրներից:

«Ինչպես որ Շեքսպիրը դարձավ հայ թատրոնը ձեւավորող հեղինակներից մեկը` չլինելով հայ, ինչպես որ Վիլյամ Սարոյանը որոշակի ազդեցություն ունեցավ ոչ միայն մեր գրականության, մեր մշակույթի, այլեւ ազգային հոգեբանության վրա, բոլոր արվեստի տաղանդավոր գործերը դրական ազդեցություն են ունենում, այդ թվում` եւ օտարագիր հայազգի գրողներինը», - նշեց Ալեքսանդր Թոփչյանը` շարունակելով. - «Սա մեզ համար քաղաքական մեծ կապիտալ է, եւ մենք պիտի կարողանանք ամբողջացնել այն եւ ծառայեցնել մեր ազգային նպատակներին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG