Մատչելիության հղումներ

Իր ծննդյան օրը երգիչ Արամեն ներկայացնում էր իր նոր՝ «Իմ միակ սիրելի» երգը եւ երգի տեսահոլովակը: Այսօր տեղի կունենա նաեւ երգչի համանուն ձայնասկավառակի շնորհանդեսը:

«Այն ավելի հասուն, գիտակցված սիրո մասին է: Երբ առաջին անգամ լսեցի, չէի պատկերացնում ՝ ինչպես կկարողանամ երգել այդ երգը, որովհետեւ երիտասարդ տարիքում դժվար այդ պատմությունը կարողանա ինչ-որ մեկի հետ պատահել, քանի որ դա մի ամբողջ կյանքի մասին է», - ասաց Արամեն:

Տեսահոլովակի ռեժիսոր Հրանտ Մովսիսյանի խոսքերով, երգի տրամադրությունը փոխանցելու համար փորձել են ստեղծել փոքրիկ նովել: 35-հոգանոց խումբը 2.5 ամիս նախապատրաստվել եւ 5 օր նկարահանել է տեսահոլովակը, իրենց խոսքերով՝ 16-70 տարեկանների համար:

Արամեն ասաց, որ իր համար կան «հերթական տեսահոլովակ» եւ «մնայուն տեսահոլովակ» հասկացությունները: Այս տեսահոլովակը, ըստ նրա, դասվում է վերջինների թվին:

«Երբ ես մի գործ ավարտում եմ, հավաքում ենք տարբեր տարիքի մարդկանց եւ ցուցադրում այն: Շատ կարեւոր է, թե ինչ են հասկացել եւ որքան է ազդել նրանց վրա: Այս տեսահոլովակի ցուցադրությունից հետո, բոլորը լուռ էին, որովհետեւ կարծես մտան մի կյանքի մեջ եւ դուրս եկան», - ասաց Հրանտ Մովսիսյանը:

Երգիչն ու ռեժիսորը չասացին, թե որքան է տեսահոլովակի բյուջեն, փոխարենը ասացին, որ այն նկարահանելիս կոմերցիոն նպատակներ չեն հետապնդել:

Անդրադառնալով «Եվրատեսիլ»-ում իր չմասնակցությանը` Արամեն ասաց, որ եղել են տարիներ, երբ ինքը լրջորեն պատրաստվել է, որպեսզի ներկայացնի Հայաստանը. - «Երբեք չեմ բացառել իմ ցանկությունը ներկայացնելու Հայաստանը, բայց ես հայերի երգիչն եմ եւ շատ գոհ եմ իմ կարգավիճակից: »Եվրատեսիլ»-ը ինձ ոչ մի բան չի տա, եթե որեւէ բան կտա` կտա Հայաստանին, բայց այն դեպքում, երբ կարողանամ հաղթել, իսկ դա շատ բարդ է: Եթե գնաս, պետք է հաղթես, եթե հերթական հորիզոնականը բերես, ինձ թվում է իմաստ չկա, դա ինձ ոչինչ չի տա»:

XS
SM
MD
LG