Մատչելիության հղումներ

logo-print

Աբովյան - Կորյուն գետնանցումի առեւտրականները վախենում են կորցնել աշխատատեղերը


Աբովյան – Կորյուն փողոցների խաչմերուկի գետնանցումում առեւտրով զբաղվողներին այսօր քաղաքապետարանի առջեւ էր բերել Երեւանի քաղաքապետի հերթական նախաձեռնությունը։

Մի քանի պաստառ պարզած առեւտրականները խնդրում էին գետնանցումը վաճառել իրենց՝ չզրկելով ապրուստի միջոցից։

Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը որոշել է բարեկարգել մայրաքաղաքի գետնանցումները՝ դրանք օտարելով մասնավորի։ Գետնանցումի օտարման համար Երեւանի քաղաքապետարանի հայտարարած մրցույթին 3 հայտ է ներկայացվել։ Մրցույթը կայացել է սեպտեմբերի 19-ին ու արդյունքները պարզ կդառնան հոկտեմբերի 19-ին։

Քաղաքապետարանի հայտարարած աճուրդին մասնակցելու նպատակով, ավելի քան 20 տարի գետնանցումում առեւտրով զբաղվողները ստեղծել են «Գետնանցում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը։ Ընկերության նախագահ Արմեն Մխիթարյանն ասում է, թե գետնանցումի 43 առեւտրի կրպակների տերերից 20-ը ընկերության անդամ են դարձել, մնացածը եւս պատրաստվում են ներառվել ընկերությունում ու թույլ չտալ, որ քաղաքային իշխանություններն իրենց զրկեն ապրուստի միջոցից։

«Տասնհինգ օր է՝ զանգում ենք պարոն Առաքելյանի ընդունարան՝ նա տեղում չէ։ Հիմա եկել ենք այստեղ, եւ խնդրել ենք, որ որպես հանձնաժողովի նախագահ նա իջնի, պատասխան տա իր ժողովրդին՝ ինչն է պատճառը, որ չեն տալիս մեզ։ Մրցույթը հայտարարեն մեզ՝ կրած, եւ մենք վճարենք այդ գումարները, ոչ թե գան ասեն՝ ով առնի ձեզ չի նեղացնի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Մխիթարյանը։

«Գետնանցում» ՍՊԸ հիմնադիրներն իրենց առաջարկած ծրագրում նախատեսում են 350 միլիոն դրամի ներդրումներ կատարել տարածքում։ Չնայած այս գումարի ներդրմանը՝ առեւտրականները չեն հավատում, որ մրցութային հանձնաժողովը հաշվի կառնի իրենց առաջարկները։ Համոզված են, որ գետնանցումը կտրվի իշխանություններին մոտ կանգնած որեւէ մեկին, նա էլ, խիստ պայմաններ սահմանելով, իրենց աստիճանաբար դուրս կմղի տարածքից։

Աբովյան – Կորյուն խաչմերուկի գետնանցումում ավելի քան 100 մարդ է աշխատում։ 58-ամյա Սուրեն Հովհաննիսյանը 26 տարի ծաղիկ է վաճառում։

«26 տարի ես այստեղ եմ աշխատում։ Ինչքան էլ որ չլինի՝ էլի գոնե տարին մի 5-6 անգամ լավ առեւտուր լինում է՝ ասենք մարտի 8, ապրիլի 7․․․ իսկ մնացած ժամանակները՝ ոնց որ ծերը-ծերին հասցնել․․․», - պատմեց ծաղկավաճառը՝ հավելելով․ - «Ճիշտն ասած մինչեւ էսօր մտածում էի, որ հնարավոր է, որ [քաղաքապետարանը տարածքը] մեզ տա։ Բայց էսօր որ էդ տեղակալի տեղակալը իջավ ըտենց արտահայտություն արեց, թե՝ հույսով մնացեք, որ առնողը ձեզ լավ կնայի ու իրենք ասում են, որ «յուրային» չի։ Իսկ եթե «յուրային» չի՝ դու ո՞ւմ վրա ես վստահում, որ առնողը ինձ լավ կնայի»։

Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ մրցույթն իր չափորոշիչներն ունի, ու կհաղթի նա, ում առաջարկած ծրագիրը առավել կփոփոխի գետնանցումի ներկայիս վիճակը՝ այն դարձնելով բարեկարգ ու հարմարավետ։

Գետնանցումի առեւտրականները շարունակելու են պայքարել, որպեսզի քաղաքապետարանը տարածքը իրենց վաճառի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG