Մատչելիության հղումներ

Դավիթ Հարությունյանի կարծիքով, այսօրվա իրավիճակում երկխոսությունն արդյունավետ չի կարող լինել


Դավիթ Հարությունյան
Դավիթ Հարությունյան
Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսելու նպատակով ստեղծված իշխանական պատվիրակության ղեկավար, Հանրապետական Դավիթ Հարությունյանի փոխանցմամբ, այսօրվա իրավիճակում երկխոսությունն արդյունավետ չի կարող լինել, քանի որ մի կողմը պահանջում է մյուս կողմից՝ խնդրել այդ երկխոսությունը։ Այս մասին Դավիթ Հարությունյանը նշեց՝ պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր է, որ իշխանական որ նախաձեռնությամբ հանդես գա եւ Կոնգրեսին երկխոսելու առաջարկ անի։

Դավիթ Հարությունյանի փոխանցմամբ, երբ ընդդիմությունը փոքր ինչ սթափվի եւ ավելի հստակ գիտակցի քաղաքական իրողությունները, այդ ժամանակ նոր կարող են անդրադարձ կատարել երկխոսությանը։

«Մենք համարում ենք, որ միշտ էլ կան երկխոսության համար թեմաներ, որոնք ունեն կարեւոր նշանակություն երկրի համար։ Սակայն մենք ավելին չենք պատրաստվում խնդրել երկխոսության շրջանակներում դա քննարկելու։ Երկխոսությունը դա պետք է լինի երկու կողմի գիտակցված կամքը եւ ցանկությունը, այլ ոչ թե մի կողմը պետք է գա խնդրի, եւ մյուս կողմը սկսի մտածել՝ արդյոք երկխոսել, թե ոչ։ Ես կարծում եմ, երբ այդ գիտակցությունը լինի ընդդիմության մոտ, մենք կարող ենք այդ տարբերակի մասին՝ երկխոսության մասին, նորից խոսել։ Իսկ մինչ այդ, կարծում եմ, խոսելը վաղ է», - ասաց Դավիթ Հարությունյանը։

Հիշեցնենք՝ անցած շաբաթ իշխանական պատվիրակությունը հայտարարեց, թե կվերսկսի երկխոսությունը, եթե Կոնգրեսը դադարեցնի հանրահավաքները, իսկ Կոնգրեսն էլ պատասխանեց, որ երկխոսելու հարցը իրենք կքննարկեն միայն այն դեպքում, երբ իշխանությունը խնդրի իրենց այդ մասին։ Ավելին, շաբաթ օրը ունեցած իր ելույթում ՀԱԿ ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանը երկխոսությունը վերականգնելու հնարավորությունը համարեց շատ քիչ՝ նշելով, որ այդ երկխոսությունն էլ՝ «կարծեք, դադարել է այժմեական լինել: Նույնիսկ արտահերթ նախագահական, խորհրդարանական ընտրություններն են դադարել այժմեական լինել: Այսօրվանից մեր գլխավոր, հիմնական, միակ լոզունգը լինելու է Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականը»։

Արձագանքելով ՀԱԿ ղեկավարի այս հայտարարությանը՝ իշխանական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն ասաց, թե համաձայն է Կոնգրեսի հետ, որ արտահերթ եւ խորհրդարանական ընտրությունները այժմեական չեն։ Ինչ վերաբերում է Կոնգրեսի նոր պահանջին՝ Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականին, ապա, ըստ Դավիթ Հարությունյանի, դա նույնպես այժմեական չէ։

Այնուամենայնիվ, Դավիթ Հարությունյանի փոխանցմամբ, երկրի համար կան շատ կարեւոր թեմաներ, որոնք իրենք պատրաստ են քննարկել։

Կոնգրեսի հետ երկխոսելու նպատակով իշխանական պատվիրակության մեկ այլ անդամ՝ Հանրապետական կուսակցությունը ներկայացնող Գագիկ Մինասյանն էլ, անդրադառնալով Կոնգրեսի մեկ շաբաթ տեւած հանրահավաքներին, կարծիք հայտնեց, որ այդ կերպ ՀԱԿ-ը փորձում էր իր ուժերի փորձարկումն իրականացնել եւ պարզել՝ արդյոք ունի հասարակական մեծ աջակցություն։ Գագիկ Մինասյանի փոխանցմամբ, միակ դրական արդյունքն այդ ամենից կարող է լինել այն, որ Կոնգրեսը այլեւս ադեկվատ քայլեր կիրականացնի, որոնք կբխեն գոյություն ունեցող իրողություններից, եւ ոչ թե պատրանքներից։

Ի դեպ՝ իշխանական պատվիրակության անդամը կարծում է, որ Տեր-Պետրոսյանի այն հայտարարությունը, որ ոչ միայն երկխոսությունը, այլեւ արտահերթ ընտրություններն են դադարել այժմեական լինել, բխում են հենց այդ շուրջօրյա հանրահավաքների արդյունքներից։

«Իրենք ընկալեցին, որ իրողությունները այլեւս թույլ չեն տալիս որ իրենք ունենան ակնկալիք, որ իրենք կարող են հավակնել մեծ զանգվածների աջակցությանը։ Իսկ այդ պարագայում, եթե նաեւ փաստարկներն են բավականին թույլ, որեւէ արդյունքի իրենք չեն կարող հասնել», - նշեց Գագիկ Մինասյանը՝ կարծիք հայտնելով, որ ստեղծված նոր իրավիճակում՝ «մենք պետք է մի քիչ ժամանակ տանք, որպեսզի մեր գործընկերները անդրադառնան այդ իրավիճակին, անեն հետեւություններ եւ նոր դրանից հետո հասկանան, իրենք այդուհանդերձ որտեղ են գտնվում եւ ինչ են ուզում անեն»։

Ինչ վերաբերում է Կոնգրեսի կողմից ներկայացված նոր պահանջին՝ նախագահ Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականին, ապա դա էլ, ըստ Հանրապետական պատգամավորի, չի բխում այսօր գոյություն ունեցող իրողություններից։

«Այդպիսի պահանջ կարող է ներկայացնել քաղաքական ուժ, եթե ունի լուրջ հիմնավորվածություն իր պահանջի համար՝ անառարկելի հիմնավորվածություն ներքին քաղաքական իրավիճակի հետ կապված, արտաքին քաղաքական իրավիճակի հետ կապված, տնտեսական զարգացումների հետ կապված։ Դրանցից որեւէ մեկը չկա։ Ի դեպ՝ հենց Տեր-Պետրոսյանն էր ասում, որ միջազգային հանրությունը անառարկելիորեն սատարում է իշխանությունների կողմից վարվող քաղաքականությանը։ Տեր-Պետրոսյանի հայտարարությունը՝ անհապաղ հրաժարականը նախագահի, եւս չի բխում իրողություններից, դրա համար եմ ասում՝ որքան էլ դա իրենց համար դժվար լինի, իրենք պետք է կարողանան ռեալ գնահատեն իրողությունները եւ ադեկվատ քայլեր կատարեն», - հավելեց Գագիկ Մինասյանը։

Իշխանական պատվիրակության մեկ այլ անդամ՝ «Բարգավաճ Հայաստանը» ներկայացնող Վարդան Բոստանջյանն էլ, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե կցանկանար, որ այս ամենը ունենար ոչ կոնֆրոնտացիոն շարունակություն, քանի որ ցանկացած կռվի պարագայում «հալվա չեն բաժանում» եւ մարդկանց որոշակի խումբ տուժում է։

«Գուցե դա կոնֆորմիստի ցանկություն է, բայց ես կուզենայի, որ առանց առճակատումների՝ երկխոսության միջոցով տեղի ունենա անգամ ամենաբարդ հարցերի քննարկումը», - ասաց «Բարգավաճ Հայաստանը» ներկայացնող Վարդան Բոստանջյանը։

Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG