Մատչելիության հղումներ

logo-print

Խախտումներ կարագի շուկայում. սփրեդը վաճառվել է որպես կարագ


Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) մոնիտորինգի արդյունքներով արձանագրվել է, որ տարբեր վաճառակետերում իրացվող կարագի գների միջեւ կա խիստ էական տարբերություն: Խոշոր սուպերմարկետներում 1 կիլոգրամ կարագը վաճառվում է 920 դրամից (շուրջ 2.4 դոլար) մինչեւ 3 հազար դրամով:

Գնային այս ակնհայտ անհամապատասխանությունը հիմք է հանդիսացել, որպեսզի հանձնաժողովը լայնածավալ ուսումնասիրություն սկսի այս շուկայում։ Լաբորատոր փորձաքննությամբ հաստատվել է, որ կարագի ներկրմամբ եւ իրացմամբ զբաղվող տնտեսվարողները մոլորեցրել են սպառողներին։

Հանձնաժողովի հաղորդագրության համաձայն` որոշ դեպքերում կարագի ներկրմամբ զբաղվող տնտեսվարողները ներկրել են բուսասերուցքային սփրեդ, որն անհամեմատ էժան է, սակայն այն առեւտրի կետերին վաճառել են կարագի անվան տակ: Բացահայտվել են նաեւ դեպքեր, երբ սպառողին խաբել է ոչ թե ներկրողը, այլ հենց սուպերմարկետը, որը, քաջատեղյակ լինելով, որ ձեռք է բերել բուսասերուցքային սփրեդ, այն վաճառել է կարագի անվան տակ: Իսկ որոշ դեպքերում էլ սուպերմարկետներում այլ կերպ են մոլորեցրել սպառողներին. հայտարարել են, որ ակցիայի շրջանակում անհամեմատ էժան գնով վաճառվում է կարագ, բայց իրականում վաճառել են բուսասերուցքային սփրեդ՝ կարագի համար խիստ էժան, իսկ սփրեդի համար՝ բավականին բարձր գնով:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ հարուցվում է վարչական վարույթ՝ օրինախախտ ներկրողների եւ իրացնող տնտեսվարողների հանդեպ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG