Մատչելիության հղումներ

logo-print

«Հայաստանի հավաքականը ուժեղ, շատ ուժեղ թիմ է»` փաստում է Տրապատոնին


Ուկրաինայում եւ Լեհաստանում անցկացվելիք Եվրո - 2012-ի լոգոն պատկերող ծաղկաթումբ Կիեւում

Ուկրաինայում եւ Լեհաստանում անցկացվելիք Եվրո - 2012-ի լոգոն պատկերող ծաղկաթումբ Կիեւում

Երեքշաբթի օրը Դուբլինում կայանալիք Իռլանդիա - Հայաստան խաղից առաջ իռլանդական եւ բրիտանական լրատվամիջոցները ակտիվորեն քննարկում են` արդյո՞ք Ջովանի Տրապատոնիի ղեկավարած թիմը կկարողանա հեշտությամբ հաղթահարել հայկական արգելքը` ընտրական B խմբում զբաղեցնելով երկրորդ տեղն ու շարունակելով պայքարը 2012 թվականի Եվրոպայի առաջնության ուղեգրի համար:

Դեռ անցած շաբաթ Ջովանի Տրապատոնին խոստովանել էր, որ Հայաստանի դեմ հարկավոր է լինելու լարել թիմի ողջ կարողությունները:

«Մեր թիմը բավական լավ որակական հատկություններ է ցուցաբերում: Դրա հետ մեկտեղ, Հայաստանի հավաքականը եւս ուժեղ, շատ ուժեղ թիմ է, եւ դրա խաղացողները հանդես են գալիս բավական ուժեղ ազգային առաջնություններում: Այդ իսկ պատճառով մեզ հարկավոր է լինելու 100 տոկոսով կենտրոնանալ` նախեւառաջ հիմար սխալներից խուսափելու համար», - նշում է իռլանդական թիմի մարզիչը:

Անդորրայի հետ ուրբաթ օրը կայացած հանդիպումից հետո հավաքականի առաջատարներց մեկը`Էյդեն ՄըքԳիդին ասում էր. - «Այո, երեքշաբթի օրը բավական դժվարին խաղ է լինելու մեզ համար: Պետք է սակայն հիշել, որ Հայաստանի հետ առաջին հանդիպման ժամանակ հաղթողը մենք էինք: Կարծում եմ, որ այս անգամ էլ կկարողանանք հաջողության հասնել»:

Իռլանդիայի հեռուստատեսության երկրորդ ալիքն էլ օրերս երկրի առաջատար ֆուտբոլային մեկնաբանների մասնակցությամբ մոտ մեկ ժամանոց թոք-շոու էր կազմակերպել` քննարկելու համար հոկտեմբերի 11-ի խաղը:

Իռլանդացի հաղորդավարի կարծիքով, օրինակ, «Հայաստանի հավաքականը շատ տաղանդավոր եւ երիտասարդ մի թիմ է»։ «Եվ երբ մենք ասում ենք, թե մեր հավաքականը հաղթել է հայերին, պետք չէ մոռանալ, որ այսօր Հայաստանի թիմը անհամեմատ ավելի լավ մարզավիճակում է, քան առաջին խաղում», - ընդգծել է նա։

Սրան ի պատասխան, հաղորդման մասնակիցներց մեկը` Իռլանդիայի հավաքականի եւ «Արսենալ»-ի նախկին կիսապաշտպան Լայամ Բրեդին նշում էր. - «Ես համաձայն եմ, նրանք հիանալի խաղ են ցուցադրում, սակայն հոգեբանական ճնշումը հայերի վրա անհամեմատ ավելի մեծ է լինելու։ Բանն այն է, որ հայերին Դուբլինի Aviva մարզադաշտում միայն հաղթանակ է պետք, իսկ մեր թիմը կարող է բավարարվել ոչ-ոքիով»:

Ըստ բրիտանական Guardian-ի` Հայաստանի հավաքականի հետ հանդիպումից առաջ իռլանդացիները որոշակի կորուստներ են կրել. վնասվածքի պատճառով կարող է դաշտ դուրս չգալ Ռոբի Քինը, իսկ ձախ կիսապաշտպան Սթիվեն Ուորդը դաշտ դուրս չի գա` նախորդ խաղերում ստացած դեղին քարտերի պատճառով:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG