Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 8-ի մամուլ


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի երեկվա հաղթանակի կապակցությամբ «Հրապարակ»-ը գրում է. - «Ինչ հրաշալի խաղ է այս ֆուտբոլը` միավորում է նրանց, ովքեր ոչ մի ուրիշ առիթով չէին միավորվի: Ոգեւորում է նրանց, ովքեր ընդունակ չեն ոգեւորվելու: Վարակում է նրանց, ովքեր հեռու են սպորտից ու ֆուտբոլից, ազարտից ու ցնծությունից: Իսկ երբ էկրանին ցուցադրեցին անկեղծորեն թռչկոտող ու իր հիացմունքը չթաքցնող Սերժ Սարգսյանին, հասկանալի էր, որ այս խաղը համազգային հրճվանքի տեղիք է տվել, որից անմասն չէ անգամ միշտ խոժոռ նախագահը: Ողջ գիշեր փողոցներում հնչում էր «Հա-յաս-տան», ավտոմեքենաներն ազդանշաններ էին տալիս, դեռահասները պարում էին, մեծահասակները` հարբում, հայերը ժպտում էին ու լիաթոք ուրախանում: Մի խոսքով՝ զմայլելի իրավիճակ էր երկրում: Ուր էր թե հաճախ կրկնվեր: Եվ սա սոսկ Հայաստան-Մակեդոնիա ֆուտբոլային խաղի հաղթանակի առիթով չէր, այլ փոքրիկ ազգի մեծ ուրախություն, երբ իր պարտություններով երկար ժամանակ ազգին վշտացրած թիմը վերջապես ինքն իրեն հաղթահարում է եւ հաղթանակ պարգեւում պարտություններից հոգնած իր ժողովրդին»:

«Չորրորդ ինքիշխանություն»-ը գրում է. - «Ոստիկանությունը երեկ Հայ ազգային կոնգրեսի շուրջօրյա հանրահավաքների վերաբերյալ հայտարարություն է տարածել: Հայտարարության իմաստը մոտավորապես հետեւյալն է. այդ հավաքներն անօրինական են, կոպտորեն խախտում են այլ մարդկանց` այդ տարածքից օգտվելու իրավունքները, մենք առայժմ հանդուրժում ենք, բայց «հասարակական կարգի անհամաչափ խախտման» դեպքում գալու ենք, ցրենք: Փորձենք հասկանալ: Ուրեմն` ինչ-որ մարդիկ ուզում են զբոսնել Ազատության հրապարակում, բայց քանի որ այնտեղ վրաններ կան` չեն կարողանում զբոսնել, եւ ոստիկանությունը որոշել է պաշտպանել այդ մարդկանց իրավունքները: Ճիշտ է որոշել, այդպիսի մարդիկ իսկապես կան: Եթե Ազատության հրապարակում հանրահավաքներ չեն լինում. Այնտեղ սովորաբար մի 100-150 մարդ է զբոսնում է: Բայց դրան զուգահեռ ամեն օր մարզերից Երեւան է գալիս 30-35 հազար մարդ, ու արդեն մի շաբաթ է` այդ 30-35 հազար մարդու իրավունքները կոպտորեն ոտնահարվում են: Հետաքրքիր է` ինչո՞ւ ոստիկանությունը չի փորձում պաշտպանել այդ մարդկանց իրավունքները: Ի վերջո` նրանք էլ են ՀՀ քաղաքացիներ»:

«Հայկական ժամանակ»-ը փորձել է Հայաստանի արտգործնախարարությունից, ինչպես նաեւ իշխող կոալիցիայի ներկայացուցիչներից մեկնաբանություններ ստանալ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի վերջին հայտարարության կապակցությամբ: Վերջիններս, սակայն, հրաժարվել են որեւէ մեկնաբանությամբ հանդես գալ: Հիշեցնենք, որ Nouvelles d’Armenie ֆրանսիական ամսագրին տված հարցազրույցում Շառլ Ազնավուրը, ով նաեւ Հայաստանի դեսպանն է Շվեյցարիայում, մասնավորապես, ասել էր. - «Հայաստանը տառապում է: Հայաստանն օրեցօր դատարկվում է: Իսկ ո՞ւմ է ձեռնտու դա: Մաֆիայի մի քանի պարագլուխների՞»: Թերթն այդ կապակցությամբ գրում է. - «Իշխանության ներկայացուցիչները երեկ պապանձվել էին: Այնինչ, 2008 թվականին, երբ տարբեր երկրներում ՀՀ մի քանի դեսպաններ հանդես եկան հայտարարությամբ, նրանց Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն հեռացրեց աշխատանքից, այլ նաև զրկեց արտակարգ եւ լիազոր դեսպանի կոչումից, ինչը մի շարք օրենքների կոպտագույն խախտում էր: «Արտակարգ եւ լիազոր դեսպանի կոչումից զրկում են միայն դավաճանության եւ հոգեկան հիվանդության դեպքում. Երրորդը մահն է, որ ավտոմատ կերպով այդ հարցը վճռում է: Այնպես որ, ինչ որ արեց Ռոբերտ Քոչարյանը, դա աղաղակող խախտում էր միջազգային բոլոր օրենքների եւ պրակտիկայի եւ տեսության եւ Վիեննայի կոնվենցիայի: Նա իրավունք չուներ այդ բանն անելու», - երեկ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Իսկ աշխատանքից ազատված եւ դեսպանի կոչումից զրկված Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Շուգարյանը, Ղազախստանում ՀՀ դեսպան Լեւոն Խաչատրյանը, ԱԳ փոխնախարար Արմեն Բայբուրդյանը եւ Ուկրաինայում ՀՀ դեսպանատան դեսպանորդ Ռազմիկ Խումարյանի 2008 թվականի փետրվարին ընդամենը հայտարարել էին հետեւյալը. - «Մեր հայրենակիցներն եւ հատկապես երկրում հասարակական կարգի ու անդորրի ապահովման համար պատասխանատու բոլոր կառույցների ներկայացուցիչներին կոչ ենք անում զերծ մնալ ուժի միջոցով խնդիրներ լուծելու գայթակղությունից»:

Գնահատելով Նիկոլա Սարկոզիի տարածաշրջանային այցը «Հայոց աշխարհ»-ի վերլուծաբանը գրում է. - «Դեռեւս Ֆրանսիայի նախագահը Հայաստանում էր, երբ Ադրբեջանից լսվեցին դժգոհության առաջին արտահայտությունները, բայց Սարկոզին հասցրեց լինել նաեւ Բաքվում, որտեղ մի լիցեյ բացեց եւ մի շքանշան տվեց ոչ թե երկրի նախագահին, այլ նրա տիկնոջն ու անմիջապես մեկնեց Թբիլիսի։ Ստացվում է, որ մեր զույգ հարեւանները բավականին պարզ ու աներկբա մեսիջներ ստացան՝ տարածաշրջանում լուրջ հավակնություններ դրսեւորող տերության առաջին դեմքի կողմից։ Հարց է առաջանում. Սարկոզիի հայտարարությունների հստակորեն հակաթուրքական ուղղվածությունը սոսկ նրա այցի «առաջին կանգառի» յուրահատկությունի՞ց էր բխում։ Միգուցե դրանում հաշվի էր առնված նաեւ Ֆրանսիայում առաջիկայում սպասվող ընտրությունների խնդիրը... Կարծում ենք, որ թեպետ դրանք ոչ երկրորդական գործոններ են, բայց Թուրքիայի հասցեին ասված խոսքերն ավելին էին, քան նախընտրական դեմարշը։ Փաստորեն Սարկոզին ժամանակացույց դրեց պաշտոնական Անկարայի առջեւ՝ կա՛մ Հայոց ցեղասպանության ճանաչում, կա՛մ Ֆրանսիայում բանտ նստելու եւ տուգանվելու հեռանկար թուրք պաշտոնյաների համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG