Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը շուրջօրյա ակցիաները դադարեցնելու կամ շարունակելու որոշում կընդունի


ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյան

ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյան

Շաբաթօրյա հանրահավաքի մեկնարկից րոպեներ առաջ Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօրվա հանրահավաքը «շատ կարեւոր» գնահատեց` այն իմաստով, որ կորոշվի Կոնգրեսի հետագա մարտավարությունը` դադարեցնել, թե` շարունակել շուրջօրյա նստացույցը:

«Այս նստացույցը հայտարարվել էր մեկ շաբաթով, բայց քանի որ այսօր մենք արտոնված հանրահավաք ունեինք, մենք երկարացրինք` ութ օր, եւ այսօր, ըստ էության, ՀԱԿ-ը ժողովրդի հետ միասին քննարկելու է իր մարտավարությունը եւ հետագա քայլերը եւ ընդունվելու են որոշումներ: Ինչպես այս հրապարակում ժողովրդի հետ միասին ընդունվեց նստացույց սկսելու որոշումը, այնպես էլ այսօր ժողովրդի հետ քննարկվելու եւ որոշվելու են հետագա քայլերը», - ասաց Շահնազարյանը:

Անցած ութ օրերը, Դավիթ Շահնազարյանի խոսքով, բավական արդյունավետ էին ՀԱԿ-ի համար, թեկուզ այն պատճառով, որ Կոնգրեսի անդամ կուսակցությունների կապերը ամրապնդվեցին, ընդլայնվեց ՀԱԿ-ի կորիզը: Իսկ հարցին, թե ինչպիսի՞ն է Կոնգրեսի քաղաքական վերնախավում տրամադրվածությունը նստացույցը շարունակելու կամ դադարեցնելու վերաբերյալ, Շահնազարյանը պատասխանեց. - «Դա պարզ կլինի այսօր, որովհետեւ դա իսկապես քննարկվելու եւ որոշվելու է: Ես կարծում եմ, որ այս նստացույցը շատ լուրջ նվաճումների հասավ: Մի անգամ եւս դեպի լավը փոխեց հանրապետությունում ընդհանուր վիճակը, ցույց տվեց, որ, ըստ էության, միակ ուժը, որ կարող է Հայաստանը դուրս բերել այս ծանրագույն վիճակից եւ տանել դեպի ժողովրդավարություն, Հայ ազգային կոնգրեսն է», - ասաց Դավիթ Շահնազարյանը:

ՀԱԿ ներկայացուցչի փոխանցմամբ` անցած գիշերվա եւ այսօրվա ընթացքում հրապարակում միջադեպեր չեն արձանագրվել: Արդեն 8-րդ օրը հրապարակում անցկացնող մարդիկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հիմնականում ասացին, որ հակված են շարունակելու բողոքի շուրջօրյա գործողությունները:

«Եթե մեր կարծիքը լինի` կամ պիտի արտահերթ ընտրություն անցկացվի, եթե ոչ` պիտի [նստացույցը] շարունակվի անպայման», - ասաց մի տարեց մարդ:

«Միանշանակ պետք է շարունակվի, որովհետեւ դեռ չենք ստացել այսօր իշխանությունը զավթած մարդկանց պատասխանը», - ասաց շուրջօրյա հանրահավաքի մեկ այլ մասնակից:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG