Մատչելիության հղումներ

Դպրոցների տնօրենները առանց քաղաքապետարանի թույլտվության զլմ-ների հետ չեն զրուցում


Օրերս դպրոցների հետ կապված հերթական նյութը պատրաստելու ժամանակ դպրոցի տնօրենների մեծ մասը հրաժարվեց հարցազրույց տալուց` նշելով, որ իրենց հարկավոր է Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության թույլտվությունը:

Իսկ այն հարցին, թե ինչո՞ւ, դպրոցներից մեկի տնօրենը պատասխանեց, որ սա այն օրենքն է, որ դպրոցն առանց իր վերադասի չի աշխատում. իրենք յուրաքանչյուր հարց որոշելիս, լուծելիս խորհրդակցում, պայմանավորվում, համաձայնեցնում են իրենց վերադասի, իրենց վարչության հետ:

«Ճիշտ են արել, որ մերժել են, մնացած դպրոցներն էլ պետք է մերժեին, որովհետեւ իրավունք չունեն առանց մեզ տեղեկացնելու հարցազրույց տալ: Հետո, պետք է ասեք, թե որ դպրոցներն ենք ուզում այցելել եւ ինչ հարցեր եք պատրաստվում ուղղել: Մենք տնօրեններին կզգուշացնենք, կպայմանավորվենք, նոր կգնաք, կձայնագրեք», - «Մաքսլիբերթի»-ին այսպիսի պատասխան տվեց Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Արթուր Գեւորգյանը` պատճառը հետեւյալ կերպ բացատրելով. - «Մի կողմից անվտանգությունն է, մյուս կողմից դուք երաշխավորում եք, որ այնտեղ այսպես կոչված աղանդները չեն մտնի եւ չեն փորձի իրենց քարոզը տանել թեկուզ դասամիջոցի ժամանակ, թեկուզ շատ կարճ ժամկետով»:

Իսկ որ օրենքի, որ կետով լրագրողը պետք է տեղյակ պահի քաղաքապետարանի կրթության վարչությանը դպրոցի հետ կապված որեւէ թեմա լուսաբանելու համար` Գեւորգյանը նշեց. - «Ներքին կանոնակարգ, որոշակի կանոնակարգ գոյություն կունենա` ընդ որում ոչ թե քաղաքապետարանի կողմից հաստատված, այլ ընդհանրապես կրթության ոլորտը մեր երկրում համակարգողի կողմից, այսինքն կրթության նախարարության կողմից, այսինքն կառավարությունն ի դեմս կրթության նախարարության: Ո՞վ է խոչընդոտել, որ մարդն իր մասնագիտական պարտականությունը կատարի` ոչ ոք: Ընդամենն ասում ենք` եկեք այդ խաղի կանոններով խաղանք»:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նշում է. - «Սա բնորոշ է խորհրդային ժամանակաշրջանին, երբ բանակային սկզբունքով, թե ինչ կասի վերադասը, վերադասը թույլ կտա թե չէ, իսկ վերադասը նույնիսկ հաստատում է, որ ճիշտ են անում, որ իրենք պետք է իմանան, թե ինչ հարցերով եք դուք դիմում դպրոցի տնօրենին: Այդպիսի ղեկավարները 21-րդ դարում ուղղակի իրավունք չունեն զբաղեցնել բարձր պաշտոններ: Իրենք պետք է վերանայեն իրենց գործունեությունը եւ բաց աշխատեն: Իրենք հասարակության համար են աշխատում, իսկ մամուլն այդ ամենը հասարակությանը հասցնող ինստիտուտ է»:

ԱԺ-ի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանի խոսքով` քաղաքապետարանի աշխատակիցները նման գործելաոճով խախտում են Սահմանադրությունը: Նա կարծում է, որ այսօր իսկապես չգրված արգելք գործում է դպրոցներ-զլմ-ներ աշխատանքում:

Քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը նշեց, որ եթե իրենց մամուլի պատասխանատուի պահանջները դա է, ուրեմն պետք է ենթարկվել:

«Սրանով ընդամենը կարգ ու կանոն է սահմանված, էթիկայի կանոններ են, որեւէ սահմանափակման մասին խոսք լինել չի կարող, ազատ երկրում ի՞նչ սահմանափակում», - ասաց Սողոմոնյանը:

«Վերդասի ցանկությունն իմանալ, թե ինչ հարցերով եք դիմում դպրոցի տնօրենին, բավականին տարօրինակ մոտեցում է: Չէի ասի, որ գրաքննություն է, բայց համենայն դեպս հակասում է ե'ւ տեղեկատվության ազատության, ե'ւ զանգվածային լրատվության մասին օրենքին: Եվ ես կարծում եմ, որ այս միջադեպը կարող է քննարկման առիթ դառնալ կրթության նախարարությունում», - ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Մելիքյանը խորհուրդ է տալիս քաղաքապետարանի կրթության վարչությանը եւս մեկ անգամ կարդալ «Տեղեկատվության ազատության մասին» եւ «Զանգվածային լրատվության մասին» օրենքները: - «Եվ վատ չէր լինի նաեւ ծանոթանալ Քրեական օրենսգրքի 164 հոդվածին եւ հասկանալ, որ չի կարելի նմանատիպ պահանջներ ներկայացնել եւ պատնեշներ ստեղծել լրագրողի աշխատանքին»:

XS
SM
MD
LG