Մատչելիության հղումներ

«Հայաստանի հավաքականը կարող է լուծել Դուբլինում իր առջեւ դրված խնդիրը»


Մակեդոնիայի ֆուտբոլի հավաքականի նկատմամբ Հայաստանի ընտրանու հաղթանակը ուրբաթ երեկոյան մեծ ցնծությամբ էին տոնում Երեւանի փողոցներում: Հազարավոր ֆուտբոլասերների եւ Հայաստանի հավաքականի երկրպագուների մի մասը ուղեւորվեցին Հանրապետության` մյուս մասը Ազատության հրապարակ` շարունակելու տոնել վճռորոշ հաղթանակը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին Դուբլինում սպասվում է Իռլանդիա-Հայաստան խաղը, սակայն մինչ այդ Եվրո-2012-ի ընտրական պայքարում երեկ Ռուսաստանի հավաքականը հաղթեց Սլովակիայի ընտրանուն, իսկ Անդորրան պարտվեց Իռլանդիային:

Ֆուտբոլային մեկնաբան Արմեն Նիկողոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե Հայաստանի հավաքականը կարող է լուծել Դուբլինում իր առջեւ դրված խնդիրը:

«Միանգամից նշենք, որ, ըստ էության արդեն լուծվել է մեր խմբում առաջին տեղի հարցը, ռուսները հաստատապես չեն պարտվի Անդորրային իրենց սեփական խաղադաշտում ամսի 11-ին, եւ կարելի է ասել, որ մեր խմբում հաղթողները կլինեն ռուսները: Երկրորդ տեղի համար կպայքարեն Իռլանդիան եւ Հայաստանը, Դուբլինում Իռլանդիան մեկ միավորով գերազանցում է Հայաստանին, եւ այդ խաղում փլեյ-օֆֆ դուրս գալու համար մեզ պետք է միայն հաղթանակ: Երկու տեսակ կարծիք կա` մեկը այն է, որ մեր հավաքականը արդեն «գլխից վեր է թռել», որովհետեւ նման արդյունք չի եղել նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում: Մյուս կողմից էլ` մի հստակ բան կա, որ նման հավաքական ունենալով, որը ցույց է տալիս նման ֆուտբոլ, ուղղակի շատ ափսոս կլինի, եթե այս հավաքականը դուրս չգա Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ: Մեզ պետք է միայն հաղթանակ: Ես կարծում եմ, որ մեր թիվը կարող է լուծել այդ խնդիրը Դուբլինում», - ասաց Նիկողոսյանը:

Ֆուտբոլային մեկնաբանը նաեւ վստահ է, որ հավաքականը կհասցին նախապատրաստվել ամսի 11-ի վճռորոշ հանդիպմանը:

«Սա առաջին դեպքը չէ, երբ մեր հավաքականը խաղում է 4 օրում երկու խաղ գրաֆիկով, սա միջազգային խաղացանկն է: Նախկինում ունեինք այդ պրոբլեմը, հիմա այդ խնդիրը չկա, որովհետեւ Ավանի ֆուտբոլային ակադեմիայի տեխնիկական կենտրոնում այնպիսի ժամանակակից վերականգնողական սարքավորումներ են դրված, որ դա շատ հեշտ լուծելի խնդիր է դարձել», - ասաց Արմեն Նիկողոսյանը:

Հարցին, թե կարելի՞ է ասել, որ Հայաստանի հավաքականը փորձում է վերագտնել այն ֆուտբոլը, որ ժամանակին ունեցել է Հայաստանը, Նիկողոսյանը պատասխանեց. - «Ես չեմ կարծում, որ սա վերագտնել է: Ես ինքս բազմաթիվ անգամ նշել եմ, որ մենք խորհրդային ֆուտբոլից ոչինչ չենք ստացել` որպես ժառանգություն: Սա նոր սերունդ է, սա նոր ֆուտբոլ է, սա հայկական ֆուտբոլի դպրոցի թիմն է»:

Մեկնաբանի խոսքով` հավաքականի հաղթանակը իր համար անակնկալ չէր. - «Միգուցե ժամանակի առումով էր անակնկալ, ես նման խաղ մեր թիմից սպասում էի ավելի ուշ` մոտ 2-3 տարի հետո: Իսկ որ այս թիմը պիտի խաղար նման ֆուտբոլ, ես չէի կասկածում, քանի որ միշտ հետեւել եմ, գիտեմ ինչ հնարավորություններ ունի եւ ինչ պայմաններում է մարզվում: Ուղղակի նշեմ, որ այն պայմանները, որ այսօր ստեղծվել են թիմի համար, եւս բերում են դրան, որ թիմը պիտի այսպես խաղար»:

Հիշեցնենք, որ ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության B խմբի ընտրական մրցաշարի նախավերջին` իններորդ փուլում Հայաստանի հավաքականը Երեւանում 4-1 հաշվով հաղթանակ տարավ Մակեդոնիայի թիմի նկատմամբ: Խաղի 28-րդ րոպեին հաշիվը բացեց Հայաստանի հավաքականի անդամ Մարկոս Պիզելին, երկրորդ գոլի հեղինակ դարձավ Հենրիխ Մխիթարյանը: Երրորդ գնդակը Մակեդոնիայի դարպասում հայտնվեց Գեւորգ Ղազարյանի օգնությամբ, իսկ 4-րդը մրցակցի դարպասն ուղղեց Արթուր Սարկիսովը:

Հանդիպմանը հետեւում էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ազգային ժողովի պատգամավորներ, նախարարներ, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն ու փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ուշագրավ է, որ քաղաքապետը ֆուտբոլասերների նախասիրած «ալիքի» մասնակիցներից էր:

please wait

No media source currently available

0:00 0:03:55 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG