Մատչելիության հղումներ

ՊՆ-ն հաստատում է մի շարք բարձրաստիճան սպաների` աշխատանքից ազատվելու փաստը


Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը հաստատում է մամուլում տարածված այն տեղեկությունները, ըստ որոնց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով մի շարք բարձրաստիճան զինվորականներ ենթարկվել են կարգապահական տույժերի:

Համայձան նախարարության հաղորդագրության, նախարար Սեյրան Օհանյանը հոկտեմբերի 7-ին հրաման է ստորագրել, որով «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում ճամբարային հավաքի ժամանակ հոկտեմբերի 3-ին տեղի ունեցած մահվան ելքով ավտոպատահարի համար պատասխանատու զինվորականները ենթարկվել են տույժերի:

«Բաղրամյան» ուսումնական կենտրոնում ճամբարային հավաքների մեջ գտնվող պաշտպանության նախարարության N զորամասին պատկանող «Սադկո» մակնիշի N ավտոմեքենան զորավարժանքի տարածքում երթեւեկելիս հարվածել էր ձախ ճամփեզրի հողաթմբին եւ կորցնելով կառավարումը` դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի մասից։ Վթարի հետեւանքով ավտոմեքենայի թափքի մեջ գտնվող ժամկետային զինծառայողներից 6-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Արմավիրի քաղաքային հիվանդանոց, որտեղ նրանցից մեկը մահացել էր:

«Մի շարք բարձրաստիճան սպաներ, այդ թվում` զորամասի հրամանատարը ազատվել են զբաղեցրած պաշտոններից, իսկ մի շարք բարձրաստիճան զինվորականներ, այդ թվում` երեք գեներալներ ստացել են նկատողություն», - պարզաբանում է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG