Մատչելիության հղումներ

Բացվեց «ԴիջիԹեք» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսը


Վարչապետ Տիգրան Սարգսյանը «ԴիջիԹեք» ցուցահանդեսում:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը «ԴիջիԹեք» ցուցահանդեսում:

Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ուրբաթ օրը բացվեց 7-րդ ամենամյա միջազգային տեխնոլոգիական «ԴիջիԹեք» եռօրյա ցուցահանդեսը:

Այս ոլորտը, հիշեցնենք, ավելի քան 10 տարի ի վեր հայտարարվել է տնտեսության գերակա ճյուղ:

Ցուցահանդեսին մասնակցում էին հայաստանյան հարյուրից ավելի ձեռնարկություններ:

Ցուցահանդեսը բացեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Իր խոսքում նա շեշտեց ցուցահանդեսին մասնակցող ձեռնարկությունների թվի աճը, նաեւ` որ ոլորտում շուրջ 10 հազար մարդ է աշխատում:

«Եթե այսօր տարեկան ներդրումների եւ ընդհանուր արտադրանքի ծավալը, որ տալիս է ոլորտը, կազմում է 200 միլիոն դոլար, ապա մենք ակնհայտորեն տեսնում ենք, որ այդ ծավալները տարեցտարի ունենալու են առաջանցիկ աճի տեմպեր», - հայտարարեց Տիգրան Սարգսյանը:

Ցուցահանդեսին ներկայացված էր Հայաստանում արտադրված առաջին համակարգիչը` համալրված ծրագրային փաթեթներով: Մինչեւ այս «Մայքրոսոֆթ Հայաստանը»-ը միայն ծրագրային արտադրանք էր տալիս: Ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը ոլորտի խնդիրներից կարեւորեց հատկապես ծրագրերի հեղինակային իրավունքի պահպանման խնդիրը` նշելով, որ որոշակի բարելավում կա:

«Ոչ մի տեխնելոգիական ներդրող չի անում ներդրում այն երկրում, որտեղ վստահ չէ, որ իր հեղինակային իրավունքը պաշտպանված կլինի», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Բարսեղյանը:

Հայաստանյան ՏՏ ոլորտում այն ամենը, ինչ արտադրվում է, շոշափելի չէ, բայց, մասնագետների կարծիքով, մեր երկրում կա հսկայական ինտելեկտուալ ներուժ, քանի որ տարեցտարի ավելի շատ արտասահմանյան ընկերություններ են իրենց ձեռնարկությունները հիմնում Հայաստանում:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչ դիրքերում է գտնվում Հայաստանը տարածաշրջանի երկրների համեմատ, «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերության գործադիր տնօրեն Գրիգոր Բարսեղյանը պատասխանեց, որ մեր երկիրը իր ինտելեկտուալ ներուժով չի զիջում հարեւաններին: Խնդիրն այն է, որ տեղի արտադրանքը իրացվում է ավելի շատ դրսում:

«Այսպիսի ներուժ մեր հարեւաններից ոչ մեկը չունի», - ասաց նա` շարունակելով. - «Պարադոքսը հենց այդտեղ է` մեր այս ներուժը օգնում է արդեն իսկ զարգացած երկրներին կամ կազմակերպություններին մի քայլ առաջ անել, եւ չեմ կարծում, որ էֆեկտիվ ձեւով օգտագործվում է մեր երկրի ներսում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG