Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր գործիչը դժգոհ է ԵԽԽՎ-ի նոր բանաձեւի շեշտադրումներից


Գագիկ Ջհանգիրյան
Գագիկ Ջհանգիրյան
Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնը գլխավորող Գագիկ Ջհանգիրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «խայտառակություն» որակեց Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նոր` թիվ 1837 բանաձեւում 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների բացահայտմանն առնչվող շեշտադրումները:

Նա փաստաթուղթը համարում է «մեծ նվեր» Հայաստանի գլխավոր դատախազությանն ու Հատուկ քննչական ծառայությանը. - «Սա ուղղակի խայտառակություն է, խայտառակություն… Հիմա ես չեմ կարող ասել, թե սա ինչ գործարք է, այս իշխանությունները ինչ են տալիս մեր ժողովրդի հաշվին, որ բանաձեւում այսպիսի ձեւակերպումներ են արձանագրվել: Բայց որ սրա տակ մի կեղտոտ գործարք կա` դրանում չեմ կասկածում: Որովհետեւ սպանությունների հարցում, արյան հարցերում նման խուճուճ հնարավորություններ ընձեռելը այս իշխանություններին` խուսափել մարտի 1-ի սպանությունների բացահայտումից, միմիայն կարող է լինել գործարքի արդյունք, ուրիշ ոչ մի բան»:

ԵԽԽՎ հոկտեմբերի 5-ի լիագումար նիստում ընդունված 1837 բանաձեւում Վեհաժողովը իր մտահոգությունը արտահայտելով «2008-ի մարտիմեկյան իրադարձություններում 10 հոգու մահվան հանգամանքների հետաքննության գործընթացում արդյունքների բացակայության առնչությամբ», համարելով, որ «քննությունը նաեւ պետք է ուշադրության կենտրոնում պահի հրամանատարության պատասխանատվության խնդիրն ու 10 հոգու մահվան հանգամանքները` հետագայում նման իրավիճակների կրկնությունից խուսափելու համար»` միաժամանակ ամրագրում է. - «10 հոգու մահվան համար անհատական պատասխանատվության հարցը լուծելու հնարավորություն չունենալու պարագայում պատճառները պետք է լիարժեքորեն բացատրվեն քննչական մարմնի զեկույցում»:

«Քննության արդյունքներն ու եզրակացությունը ներառող զեկույցը պետք է հասանելի լինի հանրային ուսումնասիրության համար` եթե նույնիսկ այն չկարողանա պարզել 10 անձանց մահվան հանգամանքների համար անհատական պատասխանատվության հարցը: Թափանցիկությունը խիստ անհրաժեշտ է այս աշխատանքի վստահելիության համար», - ասված է փաստաթղթում:

Բանաձեւում ԵԽԽՎ-ն անհրաժեշտ է համարում, որպեսզի նախաքննական մարմինը վերջնական կամ առնվազն «միջանկյալ զեկույց հրապարակի մինչեւ 2011-ի վերջը»` ընդգծելով, որ «դրա ժամանակին հրապարակումը կարեւոր է Հայաստանի նորագույն պատմության այս ցավոտ դրվագը փակելու համար»:

Գագիկ Ջհանգիրյանը, հիշեցնելով, որ նախկին փաստաթղթերում Վեհաժողովը անհրաժեշտ էր համարում մարտիմեկյան իրադարձությունների ուսումնասիրման անկախ մարմնի ստեղծումը, նկատեց, որ այժմ ԵԽԽՎ-ն դա մոռացության է մատնել. - «Բայց նույնիսկ այս դեպքում չեն պնդում, չեն պահանջում, որ սպանություններից թեկուզ մի քանիսը պարտադիր պետք է բացահայտվեն: Ավելին` բանաձեւում հատուկ դրույթ-սողանցք են նախատեսում, որից պետք է օգտվեն ՀՀ գլխավոր դատախազությունն ու ՀՔԾ-ն: Պահանջում են միջանկյալ կամ վերջնական զեկույց մինչեւ տարվա վերջ: Բայց իրենք արդեն նշել են, թե այդ զեկույցում այս իշխանությունները ինչ պետք է գրեն, նրանք նույնիսկ հուշել են, թե իրենք ինչ են ակնկալում այս իշխանություններից` թեկուզ 10-ը սպանությունների բացահայտման հարցում: Ասում են` մի բացահայտեք այդ 10 սպանությունները` ոչինչ, խնդիր չկա, մենք ձեզանից դրա համար չենք նեղանա, ձեզ չենք պատժի, որեւէ սանկցիա չենք կիրառի: Բայց ուղղակի մի զեկույց գրեք, հիմնավորեք, թե ինչու չեք կարողացել բացահայտել այդ սպանությունները»:

Ջհանգիրյանը «խիստ զարմանալի» որակեց նաեւ բանաձեւում մարտիմեկյան իրադարձությունների ուսումնասիրման Հայաստանի խորհրդարանի նախկին ժամանակավոր հանձնաժողովի զեկույցին վերաբերող հետեւյալ դրույթը` «Վեհաժողովը կարծում է, որ, չնայած մի շարք թերություններին, զեկույցի առաջարկները կարող են բավարար հիմք հանդիսանալ մարտիմեկյան իրադարձությունների հիմնական պատճառների հաղթահարման եւ ապագայում նման իրավիճակների կանխման համար»:

«Որպեսզի պատճառները վերանան, եւ ապագայում նման իրավիճակները բացառենք` մենք պիտի իրական պատճառները վեր հանած լինեինք, մարտի 1-ի հիմնական պատասխանատուներին քրեական պատասխանատվության ենթարկած լինեինք, որպեսզի ապագայում որեւէ մեկի մտքով չանցներ բանակը հանել ժողովրդի դեմ, քրեական օլիգարխիկ հանցավոր խմբերը հանել ժողովրդի դեմ, ոստիկանական ստորաբաժանումները հանել խաղաղ ցուցարարների դեմ»,- հայտարարեց Գագիկ Ջհանգիրյանը: - «Մեր Գլխավոր դատախազությունն ու ՀՔԾ-ն պիտի մեծ տոնական սեղանի առջեւ նշեն իրենց տրված այս մեծ նվերը, որ իրենք կարողացան այսպիսի ձեւակերպումով փաստաթուղթ ստանալ եւ փրկել իրենց արդեն իսկ մրոտված դեմքը»:

1837 բանաձեւում ԵԽԽՎ-ն նաեւ եզրակացնում է. - «Հայաստանում վերջին համընդհանուր համաներման արդյունքները, 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների 10 զոհերի մահվան հանգամանքների հետաքննությանը նոր թափ հաղորդելը, ընդդիմության եւ իշխող կոալիցիայի միջեւ արդյունավետ երկխոսության մեկնարկը նշանակում է, որ 2008-ի մարտյան իրադարձություների էջը ի վերջո կարելի է փակված համարել: Միաժամանակ Վեհաժողովը պետք է նույն հետեւողականությամբ շարունակի մոնիտորինգը մարդու իրավունքների եւ ժողովրդավարության բնագավառներում Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման, այդ թվում`10 անձանց մահվան հանգամանքների քննության ուղղությամբ»:

«2008-ի իրադարձությունները եւ դրանց հետեւանքները միաժամանակ հստակ առաջնայնություններ են սահմանել երկրում ժողովրդավարական զարգացման, հետեւաբար նաեւ` մոնիթորինգի ընթացակարգի համար», - նշում է փաստաթուղթը` թվարկելով հետեւյալ առաջնայնությունները. - «Իրական ժողովրդավարական խորհրդարանական ընտրությունների անցկացում, ժողովրդավարական եւ բազմակարծության վրա հիմնված հուսալի քաղաքական միջավայրի ձեւավորում, որը լիարժեքորեն կվայելի հայ հասարակության վստահությունը, բազմակարծություն ապահովող բաց լրատվական դաշտի ձեւավորում, իրավապահ եւ արդարադատության համակարգի բարեփոխումներ, որով կերաշխավորվի համակարգի անկախությունը թե' օրենսդրական դաշտում, թե' գործնականում»:

ՀԱԿ արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց, որ ԵԽԽՎ 1837 բանաձեւում մի քանի դրական շեշտադրումներ, այնուհանդերձ, արձանագրել է:

«Փաստաթուղթը թեեւ անկատար, բայց միեւնույն ժամանակ իրատեսական է», - ասաց նա` ընդգծելով, որ փաստաթուղթը վկայում է, որ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարումը մնում է որպես առաջնահերթություն, որ բազմակարծիք լրատվական դաշտ ստեղծելու համար հաճախականությունների նոր մրցույթ անցկացնելու կոչ է արվում, եւ որ բանաձեւը ընդգծում է արդարադատության համակարգում համատարած կոռուպցիայի խնդիրը:

«Սա այն ոլորտն է, որ տասը տարի շարունակ ղեկավարում էր ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը եւ բազմաթիվ միջազգային կազմակերպություններից ստացած միլիոնավոր դոլարների հասնող գումարներով բարեփոխումներ էր անում: Արդյունքում ունեցանք կոռումպացված իրավիճակ… Կարծում եմ` շատ կարեւոր կետ է », - ասաց Վլադիմիր Կարապետյանը:
please wait

No media source currently available

0:00 0:05:14 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG