Մատչելիության հղումներ

Երկրպագուները հավատում են Հայաստանի հավաքականի հաղթանակին


Ֆուտբոլի «Եվրո -2012»-ի ընտրական փուլի Հայաստան - Մակեդոնիա հանդիպման մեկնարկից երկու ժամ առաջ հայկական «Առաջին ճակատ» ֆան-ակումբի անդամները Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվեցին դեպի Հանրապետական մարզադաշտ:

Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում այսօր կայանալիք խաղի բոլոր տոմսերը վաճառված են: Մարզադաշտը շուրջ 14 հազար 500 հանդիսատես է տեղավորում:

«Առաջին ճակատ»-ը խաղին լրջորեն է պատրաստվել եւ խոստանում ոչ մի վայրկյան չլռել ողջ խաղի ընթացքում:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը երեկ երեկոյան լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ ձախողում չի համարի, եթե իր գլխավորած թիմը չնվաճի «Եվրո-2012»-ի եզրափակիչ փուլի ուղեգիր:

Անդրադառնալով այսօրվա մրցակցի` Մակեդոնիայի հավաքականի կարողություններին` Վարդան Մինասյանն ասաց, որ Հայաստանի հավաքականին լուրջ փորձություն է սպասվում:

Իր թիմի պատրաստվածությունը Վարդան Մինասյանը նորմալ է գնահատում:

«Ավելի ագրեսիվ պետք է խաղանք», - հայտարարեց նա:

Մակեդոնիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն Տոշակը ասաց, որ Հայաստան են եկել հաղթելու համար, թեեւ ընդունում է, որ շատ դժվար է լինելու:

Հայաստանի հավաքականի մասին Տոշակն ասաց. - «Կարծում եմ` թիմը շատ առաջադիմել է: Թերեւս մեր խմբի ամենաշատ անակնկալներ մատուցող թիմն է: Հայաստանի հավաքականը խմբում ամենաշատ գոլերն է խփել»:

Երեւանի քաղաքապետարանը ֆուտբոլի ցուցադրությունը մեծ էկրանով կազմակերպելու է Ֆրանսիայի հրապարակում:

Հարեւանությամբ գտնվող Ազատության հրապարակում, որտեղ Հայ ազգային կոնգրեսը շուրջօրյա հանրահավաք է անցկացվում, եւս կցուցադրվի ֆուտբոլը:
«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, Կոնգրեսի ղեկավար անդամ Նիկոլ Փաշինյանը փոխանցեց, որ ֆուտբոլի հեռարձակման պատճառով հանրահավաքը կարճ կտեւի:

Հայաստանյան բուքմեյքերները մոտ երեք անգամ բարձր են գնահատում Հայաստանի հաղթանակի հավանականությունը:

Ազատության հրապարակում, ինչպես նաեւ կենտրոնական փողոցներում մեր հարցման մասնակիցները այսօրվա խաղից միայն հաղթական արդյունք են ակնկալում` միեւնույն ժամանակ շեշտելով, որ հաղթանակը Հայաստանին հեշտ չի տրվելու:
please wait

No media source currently available

0:00 0:04:47 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG