Մատչելիության հղումներ

«Դաշտը հարթ է, գնդակն էլ՝ կլոր», բայց երկրպագուները հավատում են հաղթանակին


Դրոշներ, շարֆեր եւ ձայնալարեր. ամեն ինչ պատրաստ է հավաքականին երկրպագելու համար:

Հայկական առաջին ճակատի անդամները՝ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ամենաակտիվ երկրպագուները, խոսք են տալիս իրենց վանկարկումներով ու երգերով մարզադաշտում ոգեւորել թիմին: «Եվրո 2012»-ի խմբային փուլի Մակեդոնիայի հավաքականի հետ այսօրվա հանդիպմանը երկրպագուներն սկսել են պատրաստվել դեռ մի քանի շաբաթ առաջ:

«Մարզադաշտի տնօրինության հետ պայմանավորվածություն ունենք, որ կիրակի օրերին հավաքվենք այստեղ եւ մեր երգերի փորձերն անենք», - ասաց երկրպագուներից Սերգեյը:

Տարբեր ակցիաներ են կազմակերպել այսօրվա խաղի համար: Առավոտվանից հավաքվել էին եւ թերթեր ու ամսագրեր էին պատռում, որ խաղը սկսելուն պես՝ շաղ տան տրիբունաներում՝ «գեղեցկության համար»:

Ակցիաներից մյուսն էլ արդեն ավանդական երթն է լինելու: «Բոլոր երկրպագուները ժամը վեցին հավաքվելու են Օպերայի եւ բալետի շենքի մոտ, որպեսզի շարժվենք դեպի մարզադաշտ: Կարծում եմ, որ մոտ 2000-3000 մարդ կմասնակցի երթին», - ասաց Սերգեյը:

Պատրաստվում են խաղին նաեւ վերջին շաբաթվա ընթացքում Ազատության հրապարակում անցկացվող մեկշաբաթյա հանրահավաքին ու նստացույցին մասնակցող երկրպագուները:

«Կունենանք կարճ հանրահավաք, որից հետո ֆուտբոլ ենք դիտելու եւ երկրպագելու ենք Հայաստանի հավաքականին եւ հույս ունենք, որ մեր էներգիան կօգնի մեր հավաքականին հաղթելու», - ասաց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը:

Այժմ Հայաստանի հավաքականը 14 միավորով ընթանում է երրորդ տեղում եւ այսօրվա Մակեդոնիայի եւ հոկտեմբերի 11-ին կայանալիք Իռլանդիայի հավաքականի հետ արտագնա խաղերում, պարտության դեպքում կկորցնենք, ոչ ոքիի դեպքում էլ խիստ կնվազեն «Եվրո 2012»-ին մասնակցելու մեր հնարավորությունները:

Երկրպագուները, որոնցից ոմանք արդեն դրոշներով էին քայլում քաղաքում, «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում փաստեցին, որ այսօր դժվար խաղ է սպասվում մեր հավաքականին:

Հայաստանի հավաքականի հաղթանակը այս պահի դրությամբ հայկական բուքմեյքերական ընկերությունները գնահատում են 1.6, ոչ ոքին՝ 3.6, Մակեդոնիայի հավաքականի հաղթանակը՝ 5.7 գործակիցներով: Ընկերություններից մեկից մեզ փոխանցեցին, որ Հայաստանի հավաքականի հաղթանակի վրա արդեն կան բավականաչափ խաղադրույքներ եւ մինչեւ երեկո դրանք դեռ կավելանան: Մակեդոնիայի հավաքականի հաղթանակի վրա խաղադրույքներ չկային:

XS
SM
MD
LG