Մատչելիության հղումներ

Ցուցարարները հակված են շարունակել բողոքի շուրջօրյա ակցիաները


Ցուցարարների վրանները Ազատության հրապարակում:
Ցուցարարների վրանները Ազատության հրապարակում:
Հայ ազգային կոնգրեսում եւ Ազատության հրապարակում շուրջօրյա ակցիաների մասնակիցների մեծ մասը կողմ է, որ վաղվանից հետո էլ շուրջօրյա հանրահավաքներն ու նստացույցը շարունակվեն:

Հիշեցնենք` Կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը անցած ուրբաթ օրը Ազատության հրապարակում ազդարարեց շուրջօրյա հանրահավաքների մեկնարկը: Այդ հանրահավաքների եւ նստացույցի տեւողությունը սահմանվեց մեկ շաբաթ եւ իշխանությունների առջեւ դրվեցին նախորդ հանրահավաքում Տեր-Պետրոսյանի կողմից հնչեցրած հայտնի ութ պահանջները:

«Բոլոր մարզային կառույցները, բոլոր կուսակցությունները երեկ, այսօր քննարկում են մեր հետագա անելիքը, ձեւերը, մեթոդները», - «Ազատություն» ռադիոկայանին ուրբաթ օրը ասաց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը` շարունակելով. - «Ասեմ, որ շատ ժողովրդավարական միջավայր է, յուրաքանչյուրի կարծիքը տեղում քննարկվում է եւ բերվում է Կոնգրեսի քաղաքական խորհուրդ: Եվ քաղաքական խորհուրդը դրանց հիման վրա է որոշում կայացնելու: Այստեղ մնացողների մեծամասնությունը կողմ են շարունակելու: Բայց մենք հաշվի կառնենք բոլոր կարծիքները եւ վերջնական որոշումը կկայացնենք վաղը»:

Ազատության հրապարակում ասուլիս էին հրավիրել ՀԱԿ-ի մարզային կառույցների ներկայացուցիչները: Նրանք ասացին, որ Երեւանից դուրս ոստիկանությունը շարունակում է խոչընդոտներ ստեղծել հասարակական տրանսպորտի աշխատանքի եւ անգամ անձնական մեքենաներ ունեցող քաղաքացիների համար` որպեսզի մարդկանց մայրաքաղաք չհասցնեն:

Նրանց պնդմամբ` մարզերում ոստիկանները սկսել են ճնշումներ կիրառել Կոնգրեսի ակտիվիստների նկատմամբ:

ՀԱԿ-ի Ապարանի տարածքային կառույցի համակարգող Գեւորգ Գեւորգյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց. - «Ոնց որ վերջին մի քանի օրերին, այսօր նույնպես ավտոտրանսպորտը չի աշխատել, տաքսի ծառայություններին հրահանգված է Երեւան պատվեր չընդունել: Այսօր նորություն է եղել. 2 «Գազել» աշխատել են, բայց դրանցում ոստիկանապետը նստեցրել է երկուական ոստիկաններ, որոնք կանգառներում զտել են մեր ակտիվիստներին, որոնք գալու էին այստեղ, կամ մեր համակիրներին»:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդեց, թե ներկայացվածը չի համապատասխանում իրականությանը:

Ազատության հրապարակը այսօր շարունակում է հսկվել ոստիկաննների կողմից: Արամ Մանուկյանի փոխանցմամբ, ցերեկն անցել է առանց միջադեպերի: ՀԱԿ-ը պատրաստվում է երեկոյան հանրահավաքին, որը պետք է շարունակվի մինչեւ ժամը 20-ը, երբ հանրահավաքի մասնակիցները հրապարակում տեղադրված էկրանի վրա դիտելու են ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան-Մակեդոնիա խաղը:
please wait

No media source currently available

0:00 0:03:28 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG