Մատչելիության հղումներ

Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվեց երեք կին գործիչների


2011 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրներ (ձախից` աջ) Էլեն Ջոնսոն Սիրլեֆ, Թավաքուլ Քարման եւ Լեյմահ Գբովի
2011 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրներ (ձախից` աջ) Էլեն Ջոնսոն Սիրլեֆ, Թավաքուլ Քարման եւ Լեյմահ Գբովի

Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովը ուրբաթ օրը ընդունել է որոշում Խաղաղության 2011 թվականի մրցանակը երեք կին գործիչների հանձնելու մասին։

Մրցանակը շնորհվել է Լիբերիայի առաջին կին նախագահ Էլեն Ջոնսոն Սիրլեֆին, լիբերիացի կին ակտիվիստ Լեյմահ Գբովիին եւ Եմենից կին ակտիվիստ Թավաքուլ Քարմանին։

Խաղաղության Նոբելյան մրցանակը միակն է, որի դափնեկրի անունը որոշելու իրավունքը մրցանակի հիմնադիր Ալֆրեդ Նոբելի հրահանգով վերապահված է ոչ թե Շվեդիայի, այլ Նորվեգիայի հանձնաժողովին։

Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովը այսօր հայտնել է, որ 2011 թվականի մրցանակը բաժանվում է երեք կանանց միջեւ, քանի որ նրանք խաղաղ ճանապարհով պայքարել են կանանց անվտանգության եւ խաղաղության հաստատման գործում կանանց լիիրավ մասնակցության իրավունքի համար։

«Ես երջանիկ եմ այս մրցանակը ստանալու առիթով», - անմիջապես արձագանքել է «Կին լրագրողներ առանց շղթաների» իրավապաշտպան կազմակերպության 32-ամյա ակտիվիստ Թավաքուլ Քարմանը։

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` նա Եմենում նախագահ Ալի Աբդուլա Սալեհին պաշտոնանկ անելու կարգախոսով բողոքի հանրահավաքների առաջատար կազմակերպիչներից էր։

«Ես իմ մրցանակը փոխանցելու եմ Եմենի հեղափոխության երիտասարդներին», - ասել է Քարմանը։

72-ամյա Էլեն Ջոնսոն Սիրլեֆը Լիբերիայից, ով ժամանակին ավարտել է աշխարհի ամենահեղինակավոր համալսարաններից մեկի` Հարվարդի համալսարանի էկոնոմիկայի բաժինը, 2005 թվականին դարձել է Աֆրիկա մայրցամաքում ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջին կին նախագահը։

Այս ամիս նա պայքարելու է վերընտրվելու համար։ Լիբերիայում նրան համարում են բարեփոխական, ով ակտիվորեն աշխատում է իր հայրենիքում 2003 թվականից ընթացող քաղաքացիական պատերազմին վերջ դնելու եւ խաղաղություն հաստատելու համար։

Լիբերիացի խաղաղության ակտիվիստ Լեյմահ Գբովին կազմակերպել է քրիստոնյա եւ մահմեդական կանանց միություն, որը մարտահրավեր է նետել պատերազմը շարունակող դաշտային հրամանատարներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG