Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առթիվ


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի կառավարության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ծննդյան 59-ամյակի առթիվ:

Հայաստանի նախագահն այդ առիթով նաեւ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի վարչապետին, որում, մասնավորապես, ասված է. - «Վստահ եմ, որ Ձեր քաղաքական մեծ փորձառությունը, նախանշված նպատակներին հասնելու հետեւողականությունը հետագայում եւս կծառայեն Ռուսաստանի Դաշնության զարգացմանն ու բարգավաճմանը, միջազգային ասպարեզում նրա հեղինակության եւ դերակատարության առավել ամրապնդմանը: Գոհունակությամբ կարող եմ նշել, որ հայ - ռուսական ռազմավարական համագործակցության հարցերը մշտապես գտնվել են Ձեր սեւեռուն ուշադրության ներքո: Դժվար է գերագնահատել Ձեր անձնական ներդրումը փոխադարձ աջակցության ու համագործակցության վրա հիմնված հայ - ռուսական դաշնակցային փոխգործակցությունը եւ գործընկերությունը բոլոր ուղղություններով զարգացնելու մեջ: Այն բխում է Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդների շահերից եւ նպաստում Հարավային Կովկասում անվտանգության եւ կայունության պահպանմանը»:

«Բարձր եմ գնահատում մեր միջեւ ստեղծված անձնական վստահելի եւ սերտ հարաբերությունները, որոնք, անկասկած, նպաստում են եւ կնպաստեն ի շահ մեր պետությունների ժողովուրդների կայացվող կարեւոր պայմանավորվածությունների հետագա իրագործմանը: Հուսով եմ, որ այդ կառուցողական երկխոսությունը կշարունակվի Երեւանում եւ Մոսկվայում նոր հանդիպումների ժամանակ», - իր ուղերձում գրել է Հայաստանի նախագահը։

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Վլադիմիր Պուտինին շնորհավորական ուղերձ է հղել նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG