Մատչելիության հղումներ

logo-print

Պետական ընթրիք` ի պատվի Սարկոզիի


Երեկ երեկոյան նախագահ Սերժ Սարգսյանի անունից` ի պատիվ պետական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի, տրվել է պետական ընթրիք:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` ընթրիքի ժամանակ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել է. - «Ուրախ եմ այսօր ողջունել պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ պարոն Նիկոլա Սարկոզիին, Հայաստանի եւ նաեւ իմ բարեկամին, ով մշտապես հետեւել եւ անհրաժեշտության դեպքում սատար է կանգնել մեր երկրին եւ մեր ժողովրդին»։

«Ֆրանսիայի հասարակությունը երբեք անհաղորդ չի մնացել Հայաստանի եւ հայ ժողովրդի ճակատագրին, նրան հուզող խնդիրներին։ Ֆրանսիան ապավեն է դարձել մեզ անկախ պետականության վերականգնման առաջին իսկ օրվանից՝ շարունակաբար աջակցելով ամրապնդել մեր պետականության հիմքերը, սատար կանգնել մեր ամենադժվարին օրերին։ Հայ ժողովուրդը եւ Հայաստանը շնորհակալ են բարեկամ Ֆրանսիային Հայոց ցեղասպանությունը օրենքի ուժով ճանաչելու համար», - հայտարարել է Հայաստանի նախագահը։

«Մեր երկու ժողովուրդներին միահյուսած պատմության կամուրջներն աներեր հիմքերի վրա են դրված եւ ստեղծել են փոխադարձ բարեկամության համար առանձնաշնորհյալ կարգավիճակ Հայաստան - Ֆրանսիա միջպետական հարաբերություններում։ Մեր միջեւ ձեւավորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, որն ամենադրական կերպով է անդրադառնում համագործակցության բազմաթիվ ոլորտների վրա», - նշել է Սերժ Սարգսյանը` հավելելով. - «Ֆրանսիան հանդիսանում է երկրորդ խոշոր ներդրողը Հայաստանում, մեր տնտեսությունում շոշափելի ներգրավվածություն ունեն հարյուրից ավելի ֆրանսիական ընկերություններ, այդ թվում համաշխարհային մեծության այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են «Կրեդիտ Ագրիկոլ»-ը, «Օրանժ»-ը, «Պեռնո Ռիկար»-ը: Ես լիահույս եմ, որ մոտ ժամանակներում այս ցանկին կարող ենք ավելացնել ուրիշ անուններ եւս»:

«Ցանկանում եմ նաեւ շնորհակալություն հայտնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Ֆրանսիայի եւ անձամբ Ձեր, պարո´ն նախագահ, հետեւողական ջանքերի համար, որոնք նպաստում են մեր տարածաշրջանում տեւական խաղաղության հաստատմանը եւ համագործակցության խթանմանը։ Ֆրանսիան համաշխարհային խոշորագույն դերակատար է, եւ Ֆրանսիայի արդար ու անաչառ մոտեցումն այս խնդրում կենսական կարեւորություն ունի մեզ համար», - ընդգծել է Հայաստանի նախագահը։

Երեկոյան երկու երկրների ղեկավարները զբոսնել են Հանրապետության հրապարակում, դիտել «Երգող շատրվանները», ունկնդրել հատուկ Ֆրանսիայի նախագահի պետական այցի պատվին հնչող ֆրանսիական եւ հայկական երաժշտություն, այդ թվում՝ Շառլ Ազնավուրի կատարումներից: Հրապարակում գտնվող երեւանցիները ողջունել են երկու երկրների նախագահներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG