Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 7-ի մամուլ


Ֆրանսիայի նախագահի այցի կապակցությամբ «Ազգ» օրաթերթը գրում է. -«Սարկոզին իր Երեւան կատարած պետական այցով առավելապես նպատակ ունի գրավել կեսմիլիոնանոց ֆրանսահայ համայնքը, հակառակ պարագայում ի՞նչը պետք է ստիպեր Ֆրանսիայի նախագահին եվրոգուտու համար այս դժվարին օրերին, նախագահական ընտրությունների եւ ընտանիքում համալրման շեմին այցելել Հայաստան, Հարավային Կովկաս: Սակայն, անշուշտ, Սարկոզին տարածաշրջանում է նաեւ որպես Մինսկի խմբի համանախագահ»:

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթի մեկնաբանի համոզմամբ` Հայաստանում պաշտոնյաներն ու գործարարները «առաջնորդվում են ոչ թե օրենքով, այլ վախով». - «Վախենում են կորցնել ունեցած-չունեցածը: Խոսքը ոչ միայն պաշտոնյաների, այլեւ առաջին հերթին բիզնեսի մասին է: Հետո՞ ինչ, որ Հայաստանում իբր բիզնեսի ազատություն կա: Բոլորն էլ հասկանում են, որ ցանկացած պահի իշխանությունները կարող են ցանկացածի բիզնեսը խլել: Նույն միջքաղաքային երթուղիները, օրինակ, պատկանում են մասնավոր ընկերությունների, ու դրանց սեփականատերերը հանրահավաքների օրերին «տակ են տալիս», բայց չեն համարձակվում մերժել իշխանավորներին ու պնդել, որ պիտի աշխատեն ամեն օր: Ավելին` հնարավոր է, որ նրանց որեւէ մեկը չի էլ ստիպում չաշխատել. իրենք են սեփական նախաձեռնությամբ որոշում «շառից-փորձանքից հեռու մնալ», որովհետեւ լավ գիտեն, որ գործ ունեն ըստ էության տեռորիստական համակարգի հետ»:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Վաղը ավարտվում է շուրջօրյա հանրահավաքների առաջին շաբաթը, Տեր-Պետրոսյանը պիտի որոշում ընդունի դրանք շարունակելու մասին (քանզի ՀԱԿ-ի պահանջներից ոչ մեկը իշխանությունը չի կատարել), կսկսվի երկրորդ շաբաթը, այնուհետ՝ երրորդը, եւ որքա՞ն պիտի դա շարունակվի։ Իսկ հետո՞։ Համաձայնեք, դա իշխանության հարցի լուծման այնքան էլ արդյունավետ միջոց չէ։ Եթե պայքարը չի ուղեկցվում ուժերի հզորացմամբ, նոր հենահարթակների նվաճմամբ, ապա շատ արագ վերածվում է բալագանի։ Իսկ հզորացման առումով ոչինչ չի ստացվում։ Գուցե ֆինանսական ռեսուրսների անբավարարության պատճառով։ Պարզ է, որ «հեղափոխությանը» հարկավոր են ոչ միայն պրոֆեսիոնալներ, որոնք միանգամայն լիառատ են, այլեւ զուտ էնտուզիաստներ։ Բայց նրանց հավաքագրելու համար նույնպես փող է պետք»։

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը «Հրապարակ» թերթում գրում է. -«Նկատե՞լ եք՝ ամեն հերթական կամ արտահերթ ընտրություններ կեղծելուց հետո, երբ ժողովուրդն ընդվզելով արդարացիորեն փողոց է դուրս գալիս, հայտնվում են հաստիքավոր քարոզիչ-կայունասերներ, ովքեր «լուրջ» դեմքով, «մտահոգ» տեսքով ժողովրդին բացատրում են, որ մեր ներքին ապակայունությամբ ջուր ենք լցնում թշնամու ջրաղացին, վտանգում ենք Արցախը: Այն, որ մեր անկայունությունը ձեռնտու է հակառակորդին, անառարկելի է: Բայց ամբողջ հարցն այն է, որ այդ կայունասերները բոլորից առավել համոզված են, որ անկայունությունն ընդամենը հետեւանք է, պատճառն ընտրությունները կեղծելն է եւ դրա միջոցով իշխանությունը բռնազավթելը: Իսկ մինչ ընտրությունները նրանք երբեք իշխանություններին չեն «բարեհաճում» զգուշացնել, որ ընտրությունները կեղծելու հետեւանքով ներքաղաքական անկայունությունը կարող է սպառնալ Արցախի գոյությանը: Եվ ժողովրդի արդարացի ընդվզումը Արցախի անվտանգության խաղաքարտով պատանդ դարձնելը, փաստորեն, դառնում է բոլոր ժամանակների իշխանությունների կողմից շահարկվող հիմնական խաղաքարտերից մեկը»:

Գնահատելով 2012 թվականի բյուջեի նախագիծը` «ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում տնտեսագետ, ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը նշում է. - «Ներկայացված այդ 100 մլրդ դրամի հարկային ավելացումը շատ կասկածելի է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ի հեճուկս Տիգրան Սարգսյանի, որ ներկայացնում է, թե տնտեսությունն ավելի դիվերսիֆիկացվել է եւ մենք ավելի քիչ կախված կլինենք տնտեսության վրա որեւէ ճյուղի ազդեցությունից, իրականում այդպես չի, մենք շարունակում ենք կախված մնալ հանքահումքային՝ պղնձի եւ մոլիբդենի, միջազգային գներից, ինչպես նաեւ այն տրանսֆերտների մեծություններից, որոնք գալիս են արտերկրից ՀՀ քաղաքացիների ծանոթների ու բարեկամների կողմից: Իսկ քանի որ այսօրվա դրությամբ միջազգային շուկայում իրավիճակը, մեղմ ասած, բարվոք չէ, եւ որեւէ կանխատեսում չկա, որը հուշում է կամ լավատեսական նորություններ է մեզ հայտնում, կարող եմ ասել, որ այդ թվերը նույնիսկ կարող են չկատարվել: Մի խնդիր կա, որ չի լուծվում եւ չի կարող լուծվել. քանի դեռ տնտեսության օլիգարխիկ մենաշնորհային այս համակարգը չի փոխվել, քանի դեռ տնտեսության մեջ հավասար պայմաններ չկան մրցակցության համար, քանի դեռ հարկային արտոնությունները ստանում են օրենքից դուրս՝ այն մարդիկ, որ իշխանությանը մոտ են կագնած, քանի դեռ միջին, փոքր բիզնեսի եւ գյուղատնտեսության զարգացման համապատասխան պայմաններ չեն ստեղծվել, Հայաստանի տնտեսությունը զարգացման ապագա չի կարող ունենալ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG