Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի նախագահը ժամանեց Երեւան


Նախագահներ Սերժ Սարգսյանն ու Նիկոլա Սարկոզին դիտում են Արարատ լեռը:

Նախագահներ Սերժ Սարգսյանն ու Նիկոլա Սարկոզին դիտում են Արարատ լեռը:

Հինգշաբթի օրը Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին երկօրյա պետական այցով ժամանեց Երեւան։

«Զվարթնոց» օդանավակայանում Ֆրանսիայի նախագահին դիմավորեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Ֆրանսիայի նախագահը դիտեց Արարատ լեռը, որը լավ եղանակի շնորհիվ պարզ երեւում էր, եւ լեռան վերաբերյալ ինչ-որ հարցեր ուղղեց Սերժ Սարգսյանին:

Նիկոլա Սարկոզիին ուղեկցում են երեք նախարարներ` էկոնոմիկայի եւ արդյունաբերության, համագործակցության եւ տրանսպորտի, ինչպես նաեւ արտաքին առեւտրի պետքարտուղարը:

Ֆրանսիայի նախագահի հետ Հայաստան են ժամանել նաեւ «Ֆրանս Տելեկոմ-Օրանժ» ընկերության նախագահը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասիեն, Ֆրանսիայի Ազգային ժողովի Հայ-ֆրանսիական բարեկամության խմբի նախագահը, ֆրանսահայ քաղաքական գործիչ Պատրիկ Դեւեջյանը, կինոռեպրոդյուսեր Ալեն Թերզյանը, հայտնի ֆուտբոլիստ, ազգությամբ հայ Յուրի Ջորկաեւը եւ մի քանի տասնյակ լրագրողներ:

Նախատեսվում էր, որ Սարկոզիի հետ Հայաստանի պիտի ժամաներ Շառլ Ազնավուրը, սակայն, քանի որ աշխարհահռչակ երգիչը այսօր Փարիզում համերգ ունի, նա կժամանի վաղը: Վաղը, Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահների մասնակցությամբ, Երեւանում կբացվի Ազնավուրի տուն-թանգարանը:

Ֆրանսիայի առաջին տիկինը` Կառլա Բրունին չի ուղեկցում ամուսնուն, քանի որ, ֆրանսիացի լրագրողների փոխանցմամբ, այս պահին գտնվում է ծննդատանը եւ կարող է յուրաքանչյուր պահի ծննդաբերել:

«Զվարթնոց» օդանավակայանից երկու երկրների նախագահները մեկնեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ նրանց ընդունեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը:

Ավելի ուշ Նիկոլա Սարկոզին եղավ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, հարգանքի իր տուրքը մատուցեց Մեծ եղեռնի զոհերին եւ եղեւնի տնկեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի այգում:

​Ծիծեռնակաբերդ այցելությունից հետո Ֆրանսիայի նախագահը, ըստ «Ֆրանսպրես» գործակալության, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է, որ Թուրքիան պետք է «վերանայի» Օսմանյան կայսրությունում «հայերի ջարդերին վերաբերող պատմությունը, որը Ֆրանսիան դիտարկում է որպես ցեղասպանություն, իսկ Թուրքիան` ոչ»:

«Թուրքիան, որը մեծ երկիր է, առավել մեծ հարգանքի կարժանանա, եթե վերանայի իր պատմությունը, ինչպես արել են այլ մեծ տերությունները` Գերմանիան, Ֆրանսիան», - լրագրողներին ասել է Սարկոզին` շարունակելով. - «Հայոց ցեղասպանությունը պատմական իրողություն է` ճանաչված Ֆրանսիայի կողմից: Հավաքական մերժումը ավելի վատ է, քանի անհատական մերժումը»:

Հարցին, թե կընդունի արդյոք Ֆրանսիան այդ ջարդերը որպես ցեղասպանություն ճանաչելը մերժելու համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծը, Սարկոզին պատասխանել է. - «Եթե Թուրքիան վերանայի իր պատմությունը` անկեղծորեն ընդունելով դրա դրական ու բացասական կողմերը, Հայոց ցեղասպանության ճանաչումը [Ֆրանսիայի կողմից] արդեն բավարար կլինի: Բայց եթե Թուրքիան դա չանի, անկասկած, հարկ կլինի առաջ գնալ»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG