Մատչելիության հղումներ

ՊՆ. Ադրբեջանական կողմն է պատասխանատու պատժիչ գործողությունների համար


Մինչ Ադրբեջանը հայտարարում է, թե հայկական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով շփման գծում երկու ադրբեջանցի զինծառայող է զոհվել, հայկական կողմը ռեժիմի խախտման վերաբերյալ այլ պնդումներ է ներկայացնում:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ պատժիչ գործողություններ է իրականացրել, քանի որ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով հայկական կողմը զոհ է ունեցել: Պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Դավիթ Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հստակեցնելով նշում է, որ պատժիչ գործողությունների պատասխանատվությունն ադրբեջանական կողմի վրա է ընկնում:

«Տվյալ դեպքում դիպուկահար գործողությունների ակտիվացումը ադրբեջանական կողմում ենթադրում է համապատասխան պատժիչ գործառույթներ, գործողություններ, որոնք մեր զինված ուժերը մշտապես իրականացրել են եւ այսուհետեւ եւս իրականացնելու են: Դրա ամբողջ պատասխանատվությունը ադրբեջանական կողմի վրա է», - ասաց Կարապետյանը:

Այսօր Բրյուսելում գտնվող Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարճատեւ առանձնազրույց է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հետ եւ վերջինիս ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքերին:

Հիշեցնենք, որ երեկ հոկտեմբերի 5-ին ժամը 17:00-ի սահմաններում Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծի արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից գլխի շրջանում ստանալով հրազենային մահացու վիրավորում, զոհվել է ՊԲ զինծառայող, 1987 թվականին ծնված Յուրի Արամի Սարգսյանը:

Նույն օրը ավելի վաղ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում: Հակառակորդի դիպուկահար կրակից տարբեր աստիճանի հրազենային վիրավորում են ստացել ՀՀ զինված ուժերի ժամկետային զինծառայողներ Հենրիկ Ռաֆիկի Խաչատրյանը (ծնված 1992թ., Ախուրյանի զինկոմիսարիատ) եւ Խաչատուր Հրանտի Սուքիասյանը (ծնված 1992թ., Մարտունու զինկոմիսարիատ):

«Հայկական կողմի տվյալներով` Ադրբեջանը հրադադարի ռեժիմը հատկապես վերջին շրջանում խախտում է օրական 50 անգամ, իսկ հայկական կողմը կրակ է բացում ծայրահեղ անհրաժեշտությունից ելնելով», - հայտարարում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

Հայկական ու ադրբեջանական կողմերը հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ գրեթե միշտ մեղադրում են միմյանց` հայտարարում են, թե կրակ են բացում ի պատասխան հակառակորդի կրակոցների:

«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշում է, որ իրականում Հայաստանին պետք չէ խախտել հրադադարի ռեժիմը. - «Շփման գոտում իրավիճակի սառեցումը բխում է հայկական կողմի շահերից», - նկատում է քաղաքագետը` հավելելով, թե Հայաստանը ռազմական նպատակներ այլեւս չունի:

«Այն սահմանները, որ մենք ունենք, ու թվում է, թե նույնիսկ ղարաբաղյան կողմի համար էլ դա առավելագույնն է, եւ հիմա խնդիրը ոչ թե նոր սահմաններ ստանալն է, այլ այն ունեցած տարածքների յուրացումը եւ զարգացումը: Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ռազմական դոկտրինը ուղղված է հակահարձակման միջոցների վրա», - ասաց Մինասյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի դիրքորոշմանը` քաղաքագետը մատնանշում է նրա պարտվողի կարգավիճակն ու դրանից բխող գործողությունները: Մինասյանը նշում է, որ անցած 1.5 տարվա ընթացքում ադրբեջանական կողմը ակտիվացրել է հրադադարի ռեժիմի խախտումները` պայմանավորված հայ-թուրքական հարաբերությունների սառեցմամբ:

Արտաքին գործերի նախարարի մամլո քարտուղար Տիգրան Բալայանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի դիրքորոշմանն, ասում է, որ նա շարունակում է բացասական պատասխան տալ ԵԱՀԿ Մինսկի խմբի` դիպուկահարներին շփման գծից դուրս բերելու առաջարկին:

«Երկու տարի առաջ էր, որ առաջարկությունը արվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, Հայաստանը եւ Արցախը անմիջապես դրական արձագանքեցին` պատրաստակամություն հայտնելով դուրս բերել դիպուկահարներին շփման գծից, սակայն ադրբեջանական կողմը բացասաբար արտահայտվեց այդ առաջարկության վերաբերյալ», - ասաց Բալայանը:

Բալայանը նաեւ նշում է, որ Ադրբեջանը նաեւ չի կատարել 2010 թվականին ընդունված Աստրախանի հռչակագրով սահմանված պայմանավորվածությունները, որոնցից մեկը «ռազմագերիների փոխանակությունն է:

please wait

No media source currently available

0:00 0:03:41 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG