Մատչելիության հղումներ

Ոստիկանապետը պնդում է, թե երթուղայինների մուտքը Երեւան չի սահմանափակվում


Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:

Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:

Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հինգշաբթի օրը հերքեց, թե ընդդիմության շուրջօրյա ակցիայի մեկնարկից հետո սահմանափակվում է մարզերից մայրաքաղաք եկող երթուղայինները երթեւեկությունը:

«Մի տեղ ոստիկանները կանգնած են, մայրուղու վրա ծառայություն են կատարում: Միգուցե շահարկվո՞ւմ է, որ տեսնում են Երեւանում միտինգ է ընթանում, ասում են` դրա համար են կանգնած: Ես հիմա հատուկ ծառայություններ եմ դրել, մարդիկ պոստերում նստած ծառայություն են կատարում, բայց մեքենան որ կանգնեցնեն, ուղեւորներին իջեցնեն կամ հորդորեն, որ` չի կարելի քաղաք գնալ, միտինգներին մասնակցել, այսպիսի փաստ ես չունեմ այս պահին: Եվ այդպիսի ցուցում իմ կողմից որեւէ մեկին չի տրվել», - Արտաշատում կառավարության արտագնա նիստը սկսվելուց առաջ լրագրողներին ասաց ոստիկանապետը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչով է պայմանավորված իր նշած հատուկ ծառայությունը, Սարգսյանը արձագանքեց. - «Ես որպես ոստիկանապետ իրավունք ունեմ տիրապետել իրադրությանը եւ հասկանալ շարժը մարզերի եւ քաղաքի միջեւ: Ես դրա իրավունքն ունեմ եւ իմ ինֆորմացիայի համար ուժեղացրել եմ իմ ծառայությունները, որպեսզի կարողանամ հասկանալ ինչ է կատարվում: Վերջապես այս երկրում ցանկացած իրավիճակ, ցանկացած անցուդարձ տիրապետելը, ճանաչելը, հասկանալը իմ սուրբ պարտականութունն է, որը ես սիրով կատարում եմ»:

Ոստիկանապետը անդրադարձավ նաեւ Ազատության հրապարակում ընթացող շուրջօրյա ակցիային. - «Ես կարծում եմ, սա ոչինչ չի տալիս… Ես կոնկրետ արդյունավետությունը չեմ տեսնում: Ոստիկանության քայլերը այս պահին ինչ-որ հայտարարում ենք, դա է, բայց մի օր երեւի թե մեր համբերությունն էլ կհատի: Մենք չենք կարող թույլ տալ, որ ամիսներ շարունակ այդ հրապարակում այդ վիճակը լինի: Ինձ կոնկրետ` որպես հայ մարդու, դա դուր չի գալիս»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հնարավոր է, որ ոստիկանությունը ցրի ակցիայի մասնակիցներին, Ալիկ Սարգսյանը արձագանքեց. - «Առայժմ ես ոչ մի հայտարարություն չեմ կարող անել: Ոչ մի մտադրություն կամ որոշում չկա այս պահին: Քանի որ ցույցը խաղաղ է, ես որոշել եմ որոշակի աջակցություն [ցուցաբերել]` ընդամենը ապահովելու եմ հասարակական կարգը: Ավելին չեմ պատրաստվում… Իսկ ընդհանրապես իմ կարծիքը` ամեն ինչը չափ ունի եւ սահման… Այդ հրապարակը իրենց անձնական սեփականությունը չէ, այլ մարդիկ են կան, որ ուզում են օգտվել այդ հրապարակից: Փակել, այսքան պահել` չի կարելի: Ակցիան անցկացրեցիք` 5 օր, 10 օր, հարկավոր է ազատել»:

Հիշեցմանը, որ 2008-ի մարտի 1-ից առաջ ասվում էր, թե վրաններում ցուցարարները զենք-զինամթերք էին թաքցրել, եւ հարցին, թե հիմա նման մտավախություն չունեն, Ալիկ Սարգսյանը պատասխանեց. - «Այս պահին նման ինֆորմացիա չունենք: Որ ունենանք, չեն հապաղի, կմտնենք»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG