Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանը Բրյուսելում առանձնազրույց է ունեցել Սաֆար Աբիեւի հետ


Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր Բրյուսելում կարճատեւ առանձնազրույց է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հետ եւ վերջինիս ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքերին: Այդ մասին հաղորդում են Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նույն աղբյուրի փոխանցմամբ` այսօր Սեյրան Օհանյանը մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած գործողություններին մասնակցող երկրների եւ Աֆղանստանում Հյուսիսային տարածաշրջանային հրամանատարության ներքո ստորաբաժանումներ տրամադրած երկրների ձեւաչափերով պաշտպանության նախարարների հանդիպումներին: Առաջին հանդիպման ընթացքում քննարկվել է անվտանգության իրավիճակը Աֆղանստանում եւ 2014 թվականից հետո Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ոչ մարտական բնույթի ներկայության պահպանման ռազմավարական պլանի նախագիծը: Հյուսիսային տարածաշրջանային հրամանատարության կազմում զորքեր ունեցող 17 երկրների պաշտպանության նախարարները ընդունել են համատեղ հայտարարություն:

ՆԱՏՕ-ի կենտրոնակայան կատարած այցի շրջանակներում երեկ Հայաստանի պաշտպանության նախարարը հանդիպումներ է ունեցել Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայի եւ Գործողությունների դաշնակցային հրամանատար, Եվրոպայում ԱՄՆ-ի զորքերի հրամանատար, ծովակալ Ջեյմս Ստավրիդիսի հետ:

Ափաթուրայի հետ քննարկվել են Հայաստան - ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողության ծրագրին, Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին եւ այդ ուղղությամբ Դաշինքի աջակցությանը վերաբերող հարցեր: Հայաստանի պաշտպանության նախարարը կարեւորել է տարածաշրջանում Դաշինքի հավասարակշռված քաղաքականությունը, մասնավորապես հակամարտությունների կարգավորման զգայուն գործընթացում:

Ստավրիդիսի հետ Օհանյանի հանդիպման ժամանակ քննարկվել են ՆԱՏՕ - Հայաստան եւ ԱՄՆ - Հայաստան ռազմական համագործակցության ընթացքն ու հեռանկարները: Ստավրիդիսը ողջունել է Հայաստանի ստորաբաժանումների մասնակցությունը ՆԱՏՕ-ի ղեկավարած գործողություններին Կոսովոյում եւ Աֆղանստանում եւ բարձր գնահատել նրանց մարտական պատրաստությունն ու մասնագիտական հմտությունը, ինչպես նաեւ պատրաստակամություն հայտնել աջակցելու փոխգործունակ կարողությունների հետագա զարգացմանը: Կարծիքներ են փոխանակվել միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG