Մատչելիության հղումներ

Սարկոզին հայերի եւ ֆրանսիացիների կապերը «բացառիկ» է գնահատում


Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզի

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզի

Այսօր երկօրյա պետական այցով Հայաստան է ժամանում Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` այցի շրջանակներում Ֆրանսիայի նախագահը հանդիպումներ կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հետ, կայցելի Մեծ եղեռնի հուշահամալիր եւ հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Երեւանում Նիկոլա Սարկոզին Սերժ Սարգսյանի հետ միասին կմասնակցի Շառլ Ազնավուրի կեցավայրի բացմանը: Նա նաեւ ներկա կգտնվի Օգյուստ Ռոդենի հեղինակած Ժյուլ Բաստիեն Լըպաժի արձանի նվիրաբերության արարողությանը: Քանդակը Ֆրանսիայի Հանրապետության նվերն է Հայաստանի Հանրապետությանը:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից հաղորդում են, որ այցի ընթացքում Ֆրանսիայի նախագահը հայ-ֆրանսիական հարաբերությունների մասին ելույթով կդիմի Հայաստանին:

«Այս առիթով Ֆրանսիայի Հանրապետության նախագահը ուրախ կլիներ, որ Ֆրանսիայի հրապարակը համախմբեր բազմաթիվ հայերի, ովքեր հնարավորություն կունենան լսել նրա ուղերձը», - նշված է Ֆրանսիայի դեսպանատան տարածած հաղորդագրությունում:

Նիկոլա Սարկոզիի ելույթի հայերեն թարգմանությունը զուգահեռաբար հեռարձակվելու է մեծ պաստառի վրա:

Ավելի վաղ Ֆրանսիայի ղեկավարը հարցազրույց է տվել «Մեդիամաքս» գործակալությանը:Հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների միավորող կապերը գնահատելով իբրեւ բացառիկ, իսկ միջպետական հարաբերություները` գերազանց, Սարկոզին նաեւ նշել է. - «Ֆրանսիան եւ Հայաստանը միավորող անքակտելի կապը վերջնականապես կնքվեց հենց այդ պահին, հայ ժողովրդի ապրած այդ ահավոր փորձության սարսափի մեջ, անասելի այդ ողբերգության մեջ, որն, ի դեպ, ամեն ոք պետք է համարձակություն ունենա կոչել իր անունով` ցեղասպանություն: Ֆրանսիան հպարտ է, որ առաջինն է պաշտոնապես ճանաչել այն օրենքի ուժով»:

Նույն հարցազրույցում Ֆրանսիայի նախագահն անդրադարձել է նաեւ ղարաբաղյան հակամարտությանը, որի կարգավորման մեջ Սարկոզիի ձեւակերպմամբ` «Ֆրանսիան խորապես ներգրավված է իբրեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ»:

«Եկել է խաղաղության ռիսկին գնալու պահը, քանի որ չկա ավելի մեծ վտանգ, քան ստատուս-քվոյի պահպանումը, որը ծնում է պատրանքներ, հրահրում վրեժխնդրություն եւ ամեն օր էլ ավելի հեռացնում խաղաղության հասնելու հնարավորությունները», - նշել է Ֆրանսիայի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG